ՍԴ դատավորների իրավունքն է դիմել ցանկացած ատյանի


ՍԴ դատավորների իրավունքն է դիմել ցանկացած ատյանի

  • 26-06-2020 13:42:28   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը

Տիկին Մակունց, ինչպե՞ս եք գնահատում ՍԴ–ից դիմումը հետ վերցնելու Քոչարյանի փաստաբանների քայլը, նաեւ կոչը ԼՀԿ–ին՝ Սահմանադրական դատարան դիմելու համար միանալու ԲՀԿ-ին:
 
Ես կարծում եմ, որ փաստաբաններն այդ քայլով դուրս եկան իրավական դաշտից և արեցին քաղաքական քայլ՝ փորձելով ԼՀԿ-ի արած հայտարարությանն ի պատասխան պարտադրել նրանց դիմել ՍԴ։ Սակայն Լուսավոր Հայաստանի կողմից արված այդ քաղաքական հայտարարությունն, այնուամենայնիվ, միտված էր իրավական գործընթացներին չմիջամտելու և քաղաքական երանգավորումներից խուսափելու համար։ Ստացվում է, որ պաշտպանները հակված են ոչ միայն գործի քննությանն առնչվող իրենց գործողություններն իրականացնելուն, այլև փորձում են քաղաքական երանգ տալ պրոցեսներին։
 
Լուսավոր Հայաստանը հրաժարվեց՝ հիմնավորելով, որ, այնուամենայնիվ, հուլիսի 7-ին քննվելու է գործը: Լուսավորի այս քայլը ինչպե՞ս եք գնահատում:
 
Լուսավոր Հայաստան խմբակցության արձագանքը փաստաբաններին, կարծում եմ, այլընտրանք չուներ։ ԼՀԿ-ն իր պատասխանով արձանագրեց, որ հստակ գիծ պետք է քաշվի քաղաքական և իրավական պրոցեսների միջև, և որ իրենք մնում են հավատարիմ այդ մոտեցմանը։
 
Տիկին Մակունց, Սահմանադրական Դատարանի ճգնաժամը այսպիսով հանգուցալուծվե՞ց՝ հաշվի առնելով ՍԴ դատավորների տարածած հայտարարությունը և պատասխանը նախարար Բադասյանին, որ չեն պատրաստվում լքել իրենց պաշտոնը։
 
Շարունակում եմ մտածել, որ լավագույն լուծումն, այնուամենայնիվ, հանրաքվեն էր, բայց այս իրավիճակում առավել ընդունելի և միջազգային գործընկերների հետ համաձայնեցված տարբերակը սա էր։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա եթե ՍԴ դատավորները գտնում են, որ ԱԺ որոշմամբ իրենց իրավունքները ոտնահարվել են, ապա կան բողոքարկման բոլոր իրավական մեխանիզմները, սակայն իրավական պրոցեսներին քաղաքական մեկնաբանություններ տալը և անհարկի լարվածություն առաջացնելը՝ օրենքին չենթարկվելու հաստատակամությամբ, չեմ կարծում, որ լավագույն որոշումն է։
 
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը և նաև Ձեր խմբակցությունում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը, ինչ եք կարծում դժվարություն չի՞ լինելու Սահմանադրական Դատարանի դատավորների ընտրության ժամանակ ապահովել անհրաժեշտ թիվը:
 
Խմբակցությունում վարակակիրների թիվն այս պահին մտահոգիչ չէ, ուստի այս պահին նման խնդիր չեմ տեսնում։ Ըստ իրավիճակի կպլանավորենք մեր անելիքները։
 
Իշխանությունն ունի՞ ՍԴ դատավորների թեկնածուներ։
 
Իմ քայլը խմբակցությունը չունի տեղեկատվություն՝ արդյոք կառավարությունը, նախագահը կամ դատավորների ընդհանուր ժողովը դիտարկում են թեկնածուներ և թե ովքեր են այդ թեկնածուները։ Մենք թեկնածուներ ներկայացնելու իրավասություն չունենք։
 
Ակնհայտ է, որ ՍԴ դատավորները պատրաստվում են գնալ մինչև վերջ՝ ընդհուպ դիմել ՄԻԵԴ, ի՞նչ քայլեր կձեռնարկի իշխանությունը։
 
ՍԴ դատավորների իրավունքն է դիմել ցանկացած ատյանի, այդ թվում միջազգային, եթե կարծում են, որ դրա անհրաժեշտությունը կա։
 
Տիկին Մակունց, Հրայր Թովմասյանը ամաչում է խորհրդարանում տեղի ունեցածի համար։
 
Հրայր Թովմասյանի այդ հայտարարությունը համարում եմ էմոցիոնալ և քաղաքական, ուստի դրան անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում, ոչ թե որովհետև ասելիք չկա, այլ որովհետև նրա նմանատիպ հայտարարություններին արդեն քաղաքական արձագանք հնչել է մեր կողմից։

 

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play