Սերժ Սարգսյանը վտանգ է զգացել. արագ և կոշտ արձագանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սերժ Սարգսյանը վտանգ է զգացել. արագ և կոշտ արձագանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 29-06-2020 17:11:09   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Lragir.am-ը գրում է. 
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ հանրային ուշադրության արժանացած հերթական տեսանյութը «հեղափոխական բորշչի» մասին էր, որտեղ նա ներկայացնում էր, թե ինչ շերտեր ու տնտեսա-քաղաքական խմբեր են մասնակցել թավշյա հեղափոխության գործընթացին:
Մեծ հաշվով, Մինասյանը ներկայացնում էր այն, ինչը իհարկե չի ունեցել եւ չունի ֆորմալ արձանագրում, սակայն թերեւս պատկերացնելի է քաղաքական գործընթացներով հետաքրքրվող յուրաքանչյուր անձի համար: Բանն այն է, որ հեղափոխությունները, ժողովրդական մասնակցությունից զատ, ունենում են նաեւ մասնակիցների տնտեսա-քաղաքական բաղադրիչներ: Ընդ որում, հենց դրանից է կախված լինում այն, թե որքան է հեղափոխությունը լինում արյունով ու բարիկադներով լեցուն:
Հայաստանում տեղի է ունեցել անարյուն հեղափոխություն, ինչը վկայում է, որ այդ կետում համընկել է հասարակական-քաղաքական գործընթացների գործնականում բոլոր մասնակիցների շահը: Այդ բոլորը շահերը համընկել են այն կետի հետ, որում եղել է Նիկոլ Փաշինյանը: Ու Հայաստանում ստացվել է առանց բախումների, անարյուն հեղափոխությունը: Դա այն դեպքում, երբ մինչ այդ գործնականում հանրային ենթագիտակցությունից գիտակցության մակարդակ, խոհանոցային խոսակցությունից հրապարակային խոսակցության մակարդակ էր բարձրացել միտքը, թե առանց արյան չի փոխվի ոչինչ:
Փոխվեց, ու թերեւս ոչ միայն հայերի, այլ նաեւ Հայաստանով ու Հարավային Կովկասով հետաքրքրվող առանցքային ուժային կենտրոնների համար, որոնք, ի դեպ, եւս տեղ էին գտել Մինասյանի նկարագրած «հեղափոխական բորշչում»:
Հարցն այլ է՝ հեղափոխությունից հետո այդ շահերը սկսել են քայլ առ քայլ տարանջատվել, զատվել, ընդ որում թե ներքին, թե արտաքին բաղադրախմբերի առումով: Ու աստիճանաբար ստացվել է մի վիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության հետ մնում է մենակ: Առայժմ նրա համար բարդությունն ու խնդիրները կրիտիկականի չեն հասնում, որովհետեւ չի ձեւավորվում «այլընտրանքային բորշչ»: Ընդ որում, Միքայել Մինասյանի խոհանոցային գործողությունն այդ իմաստով, կամա թե ակամա, փաստացի ի ցույց էր դնում հենց այլընտրանքային բորշչի հավանական բաղադրիչները, որ կարող են լցվել մեկ կաթսայի մեջ:
Այլ կերպ ասած, Մինասյանը ի ցույց է դնում հեղափոխության բաժանումը կամ տարանջատումը, մի բան, որ խոշոր հաշվով առկա էր նաեւ նախորդ շաբաթ խորհրդարանում վարչապետ Փաշինյանի հայտնի ելույթում, որտեղ նա խոսում էր, թե որ ուժերը կհայտնվեն հաջորդ խորհրդարանում:
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի «դասավորում» էր հեղափոխության ուժերը, Միքայել Մինասյանը՝ «հակահեղափոխության»:
Հեղափոխության «բաժանումը» ոչ միայն օրինաչափ, տրամաբանական, օբյեկտիվ, այլ խոշոր հաշվով նաեւ անհրաժեշտ գործընթաց է: Մյուս կողմից, այն կարող է վերածվել բավական քայքայիչ երեւույթի, եթե տեղի չի ունենում ուժերի առարկայական ուրվագծմամբ, հանրությանը հասկանալի դարձնելու համար, թե ով՝ ով է:
Մեծ հաշվով, թավշյա հեղափոխությունը Հայաստանում «մերկացրեց» Սերժ Սարգսյանին, պատասխանատվության հրապարակի մեջտեղում դրեց Նիկոլ Փաշինյանին եւ օգնեց քողարկվել գործնականում մնացյալ բոլորին: Այժմ սկսում է բոլորի բացահայտման աշխույժ փուլը, որպեսզի հաջորդ խորհրդարանում չլինեն քողարկվածներ, կամ դրանք լինեն անկենսունակության աստիճանի քիչ:
 
1in.am-ը գրում է. 
Սերժ Սարգսյանը կոշտ հայտարարությամբ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի մասին վատ արտահայտություններին, որոնք, մասնավորապես, ավելի շատ համատեքստում վերաբերում են նախորդ իշխանության տարիներին: Իհարկե, Սերժ Սարգսյանի կոշտ հայտարարությունից բավականին բարդ է ասել՝ կոշտությունն ավելի շատ ուղղված էր Ալիևի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին: Սարգսյանը զգալիորեն հավասարեցրել է Փաշինյանին ու Ալիևին քաղաքական այն հարթության վրա, որին էլ արձագանքել է: Նա հայտարարել է, որ, երբ Հայաստանում դարձյալ իշխանության գան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը: Իրապես բարդ է գնահատել՝ Սերժ Սարգսյանն ավելի շատ Ալիևի՞ն է քննադատել, թե Նիկոլ Փաշինյանին: Միաժամանակ, հնարավոր է, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից կամ ընթերցումից: Առավել ևս, եթե արձանագրենք մի հանգամանք, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին կոշտ հայտարարություններով Սերժ Սարգսյանն իրականում խթանում է հանրային կոշտ արձագանքներ իր հասցեին, նախորդ իշխող համակարգի հասցեին:
Ստացվում է, որ Սարգսյանի պատասխանն Ալիևին, կամ այդ առիթով Նիկոլ Փաշինյանի հասցեին կոշտ հայտարարությունը զուտ էմոցիոնալ պոռթկում է, այլապես ինչո՞ւ նա պետք է աներ մի բան, որն իր հասցեին առաջացնելու էր հասարակական հուժկու հակազդեցություն: Ի վերջո, Ալիևն առաջին անգամ չէ, որ կոշտ արտահայտություններ է անում Հայաստանի հասցեին, դրանից Սերժ Սարգսյանի շուրջ իրավիճակը փոխվո՞ւմ է:
Հետևաբար՝ ինչո՞ւ արձագանքել և այդպիսով արթնացնել հանրային քեն սեփական հասցեին: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանին հնարավոր է քաղաքականության մեջ վերագրել ամենատարբեր բացասական հատկանիշներ, սակայն հազիվ թե դրանց շարքում իրատեսական լինի զգայականությունը, պահի ազդեցության տակ որևէ քայլ կատարելը:
Պահի ազդեցության տակ հայտարարություններ արվել են, հանրությունը հիշում է՝ «որքան ուզել խփելը», «խիյարի թարս աճելը», բայց զգայական պոռթկման որոշումները Սերժ Սարգսյանինը չեն, թերևս, հաստատապես: Կամ՝ նա այդ որոշումների գործիչը չէ: Եվ ուրեմն, ինչո՞վ էր պայմանավորված նրա առերևույթ բռնկուն արձագանքը Ալիևին, և կոշտ քննադատությունը Փաշինյանին:
Արդյո՞ք հենց այդ հայտարարության հանրային հակառակ էֆեկտի հաշվարկով: Բայց Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք այդ էֆեկտը: Ալիևի հայտարարության մեջ նա տեսել որևէ վտա՞նգ: Ի՞ր համար, նախկին կառավարող համակարգի՞, որի մի բևեռն է, թե՞ Հայաստանի համար: Իսկ գուցե ընդհանո՞ւր վտանգ: Սերժ Սարգսյանն այդ իմաստով ունի բավականին տառապալից փորձ, իհարկե, անկախ այն քաղաքական գնահատականից և հանրային վերաբերմունքից, որ կա նրա և նրա նախագահության տարիների հանդեպ: Տառապալից փորձը եղել է հենց այդ տարիներին, երբ իրապես ստեղծվել էր այդպիսի մի վիճակ, որում համատեղվել էին թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ որոշակի իմաստով կառավարման համակարգի, թե՛ Հայաստանի համար ռիսկերն ու սպառնալիքները: Վտանգը զարգանում էր դարձյալ Ալիևի դեմքով, բայց, իհարկե, այլ՝ ռեգիոնալ քաղաքականության տրամաբանությամբ, որի առանցքային դերակատարն էին Ռուսաստանը և Թուրքիան:
Ի վերջո, այդ իրավիճակը Հայաստանի համար բերեց լրջագույն խնդիրներ թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային ոլորտի: Իհարկե, անխոս է, որ Հայաստանում ավելի էֆեկտիվ ու լեգիտիմ կառավարման համակարգի առկայության պայմաններում պատկերը կլիներ այլ, իսկ ռիսկերն էլ կչեզոքացվեին առավել արդյունավետ: Սակայն սա արդեն բոլորովին այլ խոսակցության նյութ է, որովհետև կառավարող առկա համակարգը ձևավորվել ու բյուրեղացել էր դրանից շատ առաջ, բոլորովին այլ շրջափուլում և ոչ միայն Սերժ Սարգսյանի պատասխանատվությամբ: Ըստ այդմ, վտանգների հանդիպման Հայաստանն ուներ այն, ինչ ուներ՝ բանակը որպես միակ լեգիտիմ կառույց, ինչն էլ փրկեց իսկապես լրջագույն կորուստներից: Այժմ Հայաստանը, բանակից բացի, ունի ընդհանրապես լեգիտիմ իշխանություն, սակայն նախկին համակարգի բերումով այդ իշխանությունը ունի դեռս պետությունն իրապես ոտքի կանգնեցնելու լուրջ խնդիր, գրեթե զրոյական բազայի պայմաններում: Ըստ այդմ, արտաքին միջավայրային ռիսկերը, որոնք դարձյալ կարող են գեներացվել Ադրբեջանի տեսքով, պահանջում են Հայաստանում իշխանության լեգիտիմության ռեսուրսի գեներացիա: Առայժմ այդ իշխանության հասցեին Սերժ Սարգսյանի քննադատությունից լավ գեներատոր առկա չէ:
 
Armtimes.com-ը գրում է. 
Հայաստանի ներքաղաքական կյանքում այսօր իսկապես աննախադեպ իրավիճակ է։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ երկիրն այսօր գտնվում է փաստացի պատերազմական վիճակում՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ, եւ այդ իրավիճակում ընդդիմությունը փորձում է համախմբվել ու իշխանափոխության «ճանապարհային քարտեզ» մշակել։ Նման բան եղել է նաեւ արցախյան պատերազմի ամենածանր ամիսներին, երբ ընդդիմությունը Երեւանի կենտրոնում հանրահավաքներ էր կազմակերպում ու կոչ անում ծառերից կախել սեփական երկրի նախագահին ու պաշտպանության պետնախարարին։ Այսօր իրավիճակն աննախադեպ է այն առումով, որ Հայաստանում երբեւէ չի եղել մի իրավիճակ, երբ ընդդիմությունը շատ ավելի մեծ ֆինանսական միջոցներ եւ մեդիա-ռեսուրսներ ունենա, քան իշխանությունները, ու այդ միջոցներն ուղղի բացառապես իշխանությունների դեմ պայքարին՝ բացարձակապես թքած ունենալով պետության եւ հասարակության վրա ու անգամ հրճվելով, որ համաճարակի հետ կապված՝ հայտնվել ենք ծանր վիճակում։
Ըստ էության նրանք չեն էլ թաքցնում այդ հրճվանքը։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, իր կարծիքով սպանիչ փաստարկ է բերում իշխանությունների դեմ՝ հայտարարելով. «Ռոբերտ Քոչարյանի գրավի համար մեկ ժամվա ընթացքում 4 մլն դոլար է հավաքվում, երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը 4 դոլարի ներդրում չի կարողացել Հայաստան բերել»։ 4  դոլարի մասին, իհարկե, սուտ է ասում, բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ Էդուարդ Շարմազանովն ըստ էության շատ դիպուկ է ներկայացնում իրավիճակը։ Այն է՝ մարդիկ, ովքեր մեկ ժամում 4 միլիոն դոլար տվեցին Քոչարյանի կենցաղային պայմանները ժամանակավորապես բարելավելու համար, երկու տարում անգամ 4 դոլարի ներդրում չեն կատարել Հայաստանում։ Հասկացա՞ք, թե մարդկային ինչ որակների մասին է խոսքը։ Իսկ ներդրումներ չեն կատարել, որովհետեւ նրանց ոչ թե Հայաստանն է հետաքրքրում, այլ Հայաստանի ղեկավարի պաշտոնում այնպիսի մեկին տեսնելը, որի օրոք հնարավոր կլինի «էժանով» ներդրումներ անել, իշխանություններին փայ տալ ու գերշահույթներ ստանալ պետության ու ժողովրդի հաշվին։
Իսկ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ այդպիսի «ներդրումներ» իսկապես բերվում էին։ Ճիշտ է, հետո հանկարծ կարող էր պարզվել, որ այդ «օտարերկրյա ներդրումն» իրականում Հայաստանից թալանված ու դուրս բերված գումարներն են (Հաղթանակի զբոսայգու հայտնի հյուրանոցը վկա), կամ՝ իշխանությունները խոստացել են ներդրումների դիմաց հարմար գներով նրանց վաճառել պետության ունեցած-չունեցածը (կոնյակի գործարանից-օդանավակայանից-բաշխիչ ցանցերից-երկաթգծից-բանից...)։ Իսկ հիմա եթե ներդրումներ անեն՝ պիտի գործեն բացառապես օրենքի շրջանակներում։ Բայց դե եթե պիտի օրենքով աշխատեն՝ կգնան եվրոպաներում ու ամերիկաներում ներդրումներ կանեն, ինչո՞ւ պիտի գան Հայաստան, չէ՞ որ «պատմական հայրենիքի» առավելությունը հենց կոռումպացված իշխանությունների հետ մատչելի գներով լեզու գտնելու հնարավորությունն է։
Բայց վերադառնանք ներքաղաքական իրավիճակին։ Իր վերջին ելույթում վարչապետ Փաշինյանը հայտնի ֆիլմից մեջբերում արեց՝ «ուժեղ է ոչ թե նա, ով փող ունի, այլ նա, ով ճիշտ է»։ Այլ հարց է, որ քաղաքականության մեջ ճիշտ ու սխալի հանրային ընկալումը ձեւավորվում է քարոզչական դաշտի միջոցով, իսկ քարոզչության համար հսկայական ֆինանսական միջոցներ են պետք։ Այլ կերպ ասած՝ փողով հնարավոր է հասարակության առնվազն մի զգալի հատվածի համոզել, որ մածունը սեւ է, ու հետո ավելի շատ փողով այդ մարդկանց դուրս բերել «մածունը սպիտակ է» ասողների դեմ անհաշտ պայքարի։
Այնպես որ՝ այս օրերին քաղաքական դաշտում իսկապես վճռորոշ իրադարձություններ են տեղի ունենում։
 
Armlur.am-ը գրում է. 
Հունիսի 25-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան․«Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները, ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»:
Այսօր ArmLur.am-ը զանգահարել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին՝ պարզելու համար, թե արդյոք ԱԺ ԲՀԿ խմբակցության կողմից ներկայացված դիմումը վարույթ ընդունվել է, թե ոչ: Սակայն Ղազարյանը մեզ փոխանցեց, որ դիմումը այս պահին մուտք է եղել Սահմանադրական դատարան: Ըստ Ղազարյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին փոխարինող Ալվինա Գյուլումյանը պետք է մուտք եղած նամակը մակագրի որևէ դատավորի եւ սահմանված ժամկետում, որը մոտ 20 օր է, դատավորը պետք է որոշի եւ եզրակացություն ներկայացնի, թե արդյոք պետք է  մուտք եղած նամակը վարույթ ընդունել: Իսկ դա պետք է լինի ՍԴ կողմից հրավիրված հերթական նիստի ժամանակ:
Թե առաջիկայում նամակն ինչ ճակատագրի կարժանանա, դեռ հայտնի չէ, քանի որ առաջիկայում երկար ուսումնասիրման փուլ է սպասվում: Հավելենք, որ Հրայր Թովմասյանն այս պահին գտնվում է 30-օրյա արձակուրդում, սակայն մենք տեղեկացանք, որ նա ունի նաև նախորդ տարվանից կուտակված արձակուրդային օրեր եւ ընդհանուր առմամբ կարող է աշխատանքի չգալ մոտ 45 օր:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play