Նոր ցուցմունք Գագիկ Ծառուկյանի դեմ․ ինչ է խոստովանել Սեդրակ Առուստամյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նոր ցուցմունք Գագիկ Ծառուկյանի դեմ․ ինչ է խոստովանել Սեդրակ Առուստամյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 30-06-2020 17:53:09   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսով է վարակվել նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Վանեցյանը չի գնում կուսակցության գրասենյակ և ինքնամեկուսացել է իր բնակարանում: Նրա առողջական վիճակը բավարար է»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 26-ին ուշագրավ դեպք էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում. 40-ամյա տղամարդը բարձրահարկ շենքից իրեն ցած էր նետել ու ինքնասպան եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդու ինքնասպանությունը կապում են գործարար Բենզին Ռուբո մականունով Ռոբերտ Գալուստյանի և նրա որդու՝ Ալեն Գալուստյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ինքնասպանություն գործած տղամարդը՝ Մանվել Ավետիսյանը, աշխատել է «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերությունում, որը պատկանում է հենց գործարար Ռոբերտ Գալուստյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա պարտք է եղել Գալուստյանին և վերջինիս որդուն՝ Ալեն Գալուստյանին: Նրանք Մանվելից պահանջել են իրենց պարտքը, որը մի փոքր ուշացումով, բայց կարողացել է հավաքել գումարը և վերադարձրել։ Եվ որպեսզի այլ խոսակցություններ չծավալվեն, նա կրտսեր Գալուստյանի մոտ է գնացել իր կնոջ հետ: Բայց, ինչպես երևում է, պարտատերերն անգամ հաշվի չեն առնել, որ իրենցից մշտապես յուղ վերցնող և վաճառող Մանվելը կնոջ հետ է եղել, այնքան էլ հաճելի խոսակցություն չի ծավալվել, և, ըստ ամենայնի, Մանվելն իրեն վատ է զգացել, որ կնոջ ներկայությամբ այդպիսի իրավիճակում է հայտնվել։
Կարճ ասած, տուն գնալուց որոշ ժամանակ հետո իրեն ցած է նետել պատշգամբից:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռոբերտ Գալուստյանի՝ Բենզին Ռուբոյի հետ, որը հաստատեց, որ 40-ամյա տղամարդու հետ պարտքուպահանջի հարց է եղել: «Ինքը պարտք է եղել, և ես նոր եմ իմացել, 1 միլիոնի չափ է եղել պարտքը: Անձամբ իմ որդուն՝ Ալենին, պարտք չի եղել: Որևէ խնդիր չի եղել, կնոջն է՛լ, իրեն է՛լ շատ հարգանքով ենք դիմավորել», – պատմեց գործարարը»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ով արդեն երկու ամիս է կալանավորված է, ցուցմունք է տվել, որ իր անունով գրանցված մոտ 120 ձեռնարկությունները իրականում պատկանում են ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
Առուստամյանը հայտարարել է, որ ինքը համաձայնել է այդ գործարքին, քանի որ չի ցանկացել կորցնել իր աշխատանքը»:
Կրքերը չեն հանդարտվում. Սմբատ Գոգյանը նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի ատենախոսության վերաբերյալ ապացույցներ ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի շուրջ «կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գոգյանը պատրաստվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսությունում առկա ակնհայտ թարգմանությունների և արտագրությունների մասին ապացուցողական փաստեր հրապարակել: Իսկ մինչ այդ Գոգյանը սպասում է, թե, ի վերջո, ինչ կլինի մայիսի 22-ին ՀՀ վարչապետին ներկայացված հրաժարականի դիմումի ճակատագիրը։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ նա իր մտերմիկ շրջապատում ասել է՝ հեռանա պաշտոնից, թե ոչ, պատրաստվում է Գալոյանի ատենախոսության մասին բացահայտումեր անել:
Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սմբատ Գոգյանի հետ, որը հայտարարեց, թե ինքն այս պահին էլ աշխատում է, վարչապետին ներկայացված հրաժարականի դիմումից էլ դեռևս որևէ նորություն չունի: Իսկ ինչ վերաբերում է Դիանա Գալոյանի ատենախոսության մասով բացահայտումներին, այդ մասով նշեց. «Ես կարող եմ ասել, որ հարց եմ բարձրացրել և պատասխանի ակնկալիք ունեմ: Իմ գնալ-չգնալով այդ հարցը չի լուծվելու, հարցի պատասխանը ինձ համար շատ կարևոր է: Իմ դիմումի պատճառներից մեկն էլ դա էր: Պետք լինի, կխոսեմ, տեսնենք դեռևս…Խոսում եմ, չի հետաքրքրում, սենսացիա չկա երևի, իսկ փաստերը ինտերնետում առկա են»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության նախկին գնդապետ Սայաթ Շիրինյանը, որի գոյությունը հանրությունը հիշեց դիմակ կրելու վերաբերյալ Դանիել Իոաննիսյանի իրազեկման ակցիայի շրջանակում տեղի ունեցած միջադեպից, վերջին շրջանում տարօրինակ կերպով ակտիվացել է։ Նա օրերս անգամ մամուլի ասուլիս է տվել, խոսել է Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներից ու որոշակի «քաղաքական վերլուծություններ արել»։
Սայաթ Շիրինյանը փաստացի հանդես է գալիս որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից։ Բացի Քոչարյանի աջակից լինելուց, Շիրինյանը նաև Վիկտոր Սողոմոնյանի ընկերն է ու «Հոկտեմբերի 27-ի գործով» հայտնի Ալեքսան Հարությունյանի սանիկն ու բանակի ընկերը։
Մեզ հասած տեղեկություններով՝ Սայաթ Շիրինյանը նաև բիզնես կապերով է կապված Քոչարյանների հետ։ Նույն տեղեկությունների համաձայն՝ նա «Մարտին սթար» չիպսերի, արևածաղկի սերմերի ու պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերության համասեփականատեր է։ Շիրինյանը, մասնավորապես, ընկերության դեպի Ղազախստան արտահանումների պատասխանատուն է։ «Մարտին սթար»-ը կամ նույն ինքը՝ «Օտ Մարտինա» ընկերությունը նույնպես ներգրավված է Քոչարյանի բիզնեսներում և փոխկապակցված է «Էլիտ Գրուպ» ՍՊԸ-ի հետ։
Այսինքն՝ մեր ունեցած տեղեկությունների և վերլուծության արդյունքում կարելի է եզրակացնել, որ «Մարտին Սթար» ՍՊԸ-ն նույնպես Քոչարյանի բիզնեսներից է»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հուլիսի 1-ից Հայաստանն անցնելու է պարտադիր սպանդանոցային համակարգի: Ասել է թե՝ վաղվանից մեր հանրապետությունում արգելվելու է ոչ սպանդանոցային մորթը: Այն, ի դեպ, պետք է արգելվեր հունվարի 15-ից, սակայն մսավաճառների բողոքի ակցիաների պատճառով կառավարությունն արգելքը հետաձգեց մինչև հուլիսի 1-ը:
Նշենք, որ մսամթերքի իրացման կետերում բոլոր տնտեսվարողները պետք է ունենան անասնաբուժական 5-րդ ձևը, որ նշանակում է՝ անասունը մորթվել է սպանդանոցում, ստուգված, անվտանգ միս է: Իսկ եթե մսավաճառը չունենա անասնաբուժական 5-րդ ձևը, կտուգանվի 300 հազար դրամի չափով: Սպանդանոցային պարտադիր մորթի նկատմամբ խիստ վերահսկողությունը կսահմանվի վաղվանից, բայց արդյոք սպանդանոցների քանակը բավարա՞ր է, կամ բոլո՞ր անասնապահներին են հասանելի այդ սպանդանոցները:
Պարզվում է՝ սպանդանոցային ճգնաժամ Շիրակի և Վայոց ձորի մարզերում է սպասվում: Այս խնդիրը մտահոգում է նաև ՍԱՏՄ-ին: ՍԱՏՄ անասնաբուժական վարչության պետի ԺՊ Լիլիթ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Շիրակի մարզում գործող 2 սպանդանոց կա, իսկ Վայոց ձորում 1-ն է: Արմավիրի մարզում ծառայություն մատուցում է 14 սպանդանոց: Սպանդանոցի խնդիր չունեն նաև Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերը:
Նշենք, որ ամիսներ առաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում էր, որ հուլիսի 1-ին Հայաստանում պատրաստ կլինի մոտ 80 սպանդանոց։ Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ մեր հանրապետությունում կա 45 գործող սպանդանոց: Կառուցման փուլում գտնվում են 91 սպանդանոցներ: Պարզվում է, որ արտակարգ դրության պատճառով 17 տնտեսվարողներ շինարարական ոչ մի աշխատանք չեն իրականացրել»։
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play