Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻԵԴ-ը սկսում են նոր ծրագիր


Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻԵԴ-ը սկսում են նոր ծրագիր

  • 01-07-2020 12:35:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
 
« Մեր երկրի և Մարդու իրավունքների պաշտպանի համար ևս մեկ կարևոր միջազգային ձեռբքերման մասին եմ ուզում հայտնել:
 
Երեկ Ստրասբուրգում տեղի ունեցան իմ հերթական խորհրդակցությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Ռոբերտո Սպանոյի հետ: Խորհրդակցություններին մասնակցում էին նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանը, դատարանի քարտուղար Ռոդերիկ Լիդելլը և դատարանի նախագահի գրասենյակի ղեկավար Պատրիկ Տիտիունը:
 
Ուրախ եմ տեղեկացնելու, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի միջազգային նշանակությունը հաշվի առնելով՝ ՄԻԵԴ նախագահն առաջարկեց դատարանի հետ նախաձեռնել ծրագիր՝ ուղղված Եվրոպայում Օմբուդսմանների և Եվրոպական դատարանի համագործակցության միջազգային նոր փորձի ձևավորմանը:
 
Եվրոպական դատարանի նախագահն առաջարկեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը՝ որպես այդ միջոցառումների հիմնական զեկուցող։ Ընդ որում, պայմանավորվեցինք, որ դա կարող է արվել կա՛մ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, կա՛մ որևէ այլ համանման ձևաչափով:
 
Համատեղ ծրագիր սկսելու համար հիմք է հանդիսացել այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը երրորդ կողմ է հանդես գալիս ՄԻԵԴ-ում, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն է ներկայացնում անկախ գնահատականներ՝ կապված Հայաստանի կողմից դատարանի վճիռների կատարման վիճակի հետ, մշակում է իրավական չափանիշներ, Հայաստանի դատարանների ակտերում արտացոլվում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները և այլն:
 
Ստրասբուրգի դատարանի նախագահը բարձր գնահատեց նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների նշանակությունը դատարանի համար և մեր աշխատանքները երկրի ներսում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Կոնվենցիայի ներդրման հարցում։
 
Հանդիպման սկզբում Ռոբերտո Սպանոյին շնորհավորեցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք և նոր ձեռքբերումներ: Նշեմ, որ Եվրոպական դատարանի նախագահը նախկինում եղել է Իսլանդիայի Օմբուդսմանը, ինչն ավելի նպաստեց քննարկումների արդյունավետությանը»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն