Կանցկացվի շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար


Կանցկացվի շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար

  • 02-07-2020 14:36:42   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար: Այն կմեկնարկի հուլիսի 20-ին՝ հայաստանյան ժամանակով 20։20-ին, և կտևի 2 ժամ՝ ընդգրկելով մասնակիցներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Ակնկալվում է, որ մրցաշարին մասնակցություն կունենան մեծաթիվ միջազգային գրոսմայստերներ:
 
«Այս նախաձեռնությունը, նախևառաջ, նպատակ ունի ևս մեկ հարթակում համախմբել Հայաստանն ու սփյուռքը, ստեղծել նոր կապեր ու կյանքի կոչել համահայկական շախմատային աշխարհի գաղափարը: Կարծում եմ՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ սփյուռքում այս մրցաշարն ուրախությամբ կընդունվի և կներգրավի լայն շրջանակների»,-խոսելով նախաձեռնության մասին՝ նշեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: 
Բացի հիմնական մրցանակներից՝ սահմանված են նաև մրցանակներ կանանց, մինչև 14, 12 և 10 տարեկանների, վետերանների, մինչև 2000 վարկանիշ ունեցողների համար: 
 
Մրցաշարին ցուցակագրման վերջնաժամկետն է հուլիսի 15-ը։ Այն ազատ է բոլորի համար, սակայն առկա են որոշ պայմաններ: Մասնակցել ցանկացողները պետք է, նախևառաջ, մրցաշարի անցկացման հարթակում (www.lichess.org) նամակ գրեն համակարգողին՝ https://lichess.org/@/muran29՝ ուղարկելով ՖԻԴԵ-ի անձնական համարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում տրամադրել անձնական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան տվյալներ, երկիր)։ Մրցաշարին միանալու համար պարտադիր է նաև հայտ ուղարկել https://lichess.org/team/panarmenian-chess-day թիմին: 
 
Մրցաշարի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://yerevanchessfed.com/hy/news/page-54: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն