Կառավարությունը հաստատել է ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագիրը


Կառավարությունը հաստատել է ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագիրը

  • 02-07-2020 14:40:47   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հուլիսի 2-ին կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:
 
Ծրագրի նպատակն է աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի  հասանելիության ապահովմանը,  բերքատվության բարձրացմանը, արդյունքում՝ տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։
 
Ծրագրով նախատեսվում է ՀՀ Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի Էկոնոմիկայի նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։
 
«Մենք համարում ենք, որ 20 հեկտարի սահմաններում գտնվող ցորենի մշակությունը, ըստ էության, ոչ մեծ չափով գյուղատնտեսական գործունեւություն է։ Մենք կաջակցենք մեկ հետարի հաշվով առավելագույնը 350 կիլոգրամ։ Եթե մեկը կլինի, որ ամբողջ 20 հեկտարի համար է վերցնում, բնականաբար, իր սուբսիդավորվող չափաքանակը կկազմի 7 հազար կգ, 70 դրամ մեկ կիլոգրամի հաշվով, մեկ շահառուի առավելագույն ֆինանսական աջակցությունը պետությունից կկազմի 490 հազար դրամ», - նշել է Տիգրան Խաչատրյանը։ 
 
Նախարարը նաև հավելել է, որ ֆինանսական այս աջակցությունը միանգամից չի տրամադրվելու շահառու գյուղացիական տնտեսությանը, այլ այն ժամանակ, երբ վերջինս անկանխիկ վճարում կկատարի մատակարարի հաշվի վրա։
 
«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետարանների հետ ըստ համայնքների հավաքագրելու ենք նախնական հետաքրքրվածության վերաբերյալ տեղեկություններ, որոնք տրամադրելու ենք բոլոր պոտենցիալ մատարկարարներին՝ և՛ ներկրող և՛ արտադրող, որպեսզի նրանք կարողանան բանակցել և գտնել իրենց գնորդներին», - նշել է նախարարը։ 
 
Տիգրան Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ եթե գնորդը նախքան գնելը ցանկանա ստուգել, արդյո՞ք ձեռքբերվող սերմացուն համապատասխանում է նախապես հայտարարված չափորոշիչներին, ապա նա կարող է այն հետազոտել համապատասխան լաբորատորիաներում։
 
Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաս¬տի  հանրապետությունում շուրջ 30%-ով ցորենի բերքատվության մակարդակի  բարձրացմանը։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն