Կառավարությունը շարունակում է կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը

02-07-2020 15:35:26   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Ուսումնական պրոցեսի և մշակութային դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունն ընդունել է
համապատասխան որոշում։ Ըստ այդմ՝ կապահովվի կրթական և մշակութային հաստատությունների, առանձին մասնաշենքերի նորոգման/հիմնանորոգման, վերակառուցման, մարզադահլիճի կառուցման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերի կնքումը, արդեն նախաձեռնած գնման գործընթացների (հայտարարված մրցույթների) ամբողջական ապահովումը և արդեն նախագծած շենքերի/մասնաշենքերի նորոգումը/կառուցումը։ Որոշմամբ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թ. հաստատված բյուջեով մի շարք միջոցառումների գծով տնտեսված միջոցներից, ինչպես նաև Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում չեղարկվող միջոցառումների հատկացումներից 1,906,602.2 հազար դրամ վերաբաշխման միջոցով  իրականացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար շինարարական և նախագծահետազոտական աշխատանքներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացնելով 51,932.4 հազար դրամ: Նախատեսվում է նաև հատկացնել 60,014.0 հազար դրամ՝ Կարեն Դեմիրճյանի արձանի և պատվանդանի պատրաստման և տեղադրման համար: Կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը կնպաստի ուսումնական պրոցեսի առավել արդյունավետ կազմակերպմանը, իսկ մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավումը` ոլորտի արդիականացմանը և զարգացմանը: Բացի այդ, լայնածավալ շինարարական աշխատանքների գործընթացը կստեղծի նոր աշխատատեղեր` մեղմելով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման տնտեսական և սոցիալական հետևանքները:
Մասնավորապես,  աշխատանքներ են կիրականացվեն 7 քոլեջում, 46 հանրակրթական դպրոցում, 1 մասնագիտական մարզառազմական դպրոցում, 4 թանգարանում,  3 թատրոնում: ԿԳՄՍ նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել է թվով 57 կրթական և մշակութային հաստատությունների նորոգման/կառուցման և գույքային և տեխնիկական հագեցվածության բարելավման աշխատանքների ձեռքբերման համար գնման գործընթացը, որոնցից թվով 51 կրթական հաստատության (7 քոլեջ, 14 ավագ դպրոց և 30 հիմնական և միջնակարգ դպրոց) նորոգման աշխատանքների ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 1-ին կունենանք ամբողջությամբ նոր 21 նախակրթարան: 
 
Վարչապետը հետաքրքրվել է 100 օբյեկտների շինարարության ծրագրերի իրականացման ընթացքից: Ի պատասխան՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ արդեն հայտարարված է 20 դպրոցի և 2 բուժհիմնարկի շինարարության մրցույթ: «Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհայտարարվեն ևս 2 դպրոցի և 1 քոլեջի,  1 բուժհիմնարկի շինարարության մրցույթները: Իսկ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ևս 3 բուժհիմնարկի նախագծեր կլինեն կոմիտեում»,- նշել է Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ հետևողականորեն փորձում են իրականացնել նախատեսված բոլոր աշխատանքները:
 
Վարչապետ Փաշինյանը  վիճակագրությունը գնահատել է որպես լավ և նշել. «Այս դեպքերում կարևորվում է բանկային երաշխիքի դերը: Հիմա արդեն կբացառվի այն իրավիճակը, երբ որևէ ընկերություն արհեստական փոքր գին դնելով հաղթի մրցույթում, հետո այդ պարտավորությունը չկարողանալով կատարել՝ մեզ բոլորիս կանգնեցնի փաստի առաջ: Բանկային երաշխիքը հավելյալ մի լծակ է, որ երաշխավորում է՝ ընկերությունն իր առաջարկած գնով կկատարի աշխատանքը կամ, ավելի ճիշտ, գին առաջարկելուց առաջ կմտածի»: 
 
Կառավարության ղեկավարը խոսել է նաև տեխնիկական հսկողության չափանիշների մասին և նշել, որ համապատասխան փոփոխությունների արդյունքում այն   այլևս ձևական բնույթ չի կրում: «Հիմա արդեն կարող ենք ասել, որ բանկային երաշխիքի մեխանիզմն աշխատում է, նախագծերը գնում են առաջ և շինարարությունը տեղի է ունենում այն տարբերությամբ, որ  մենք ունենք երաշխիք, որ դրանք կարվեն պատշաճ որակով, իսկ չարվելու դեպքում՝ անորակ աշխատանք կատարող ընկերությունները կկանգնեն լրջագույն ֆինանսական պրոբլեմների առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:    
 
Վարչապետը այս համատեքստում կարևորել է նաև ստանդարտների բարձրացման խնդիրը. «Մենք պետք է արձանագրենք, որ այս որակը որն այսօր ունենք՝ դրանից ընդհանրապես բավարարված չենք»։
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել նոր կառուցվող և վերակառուցվող բուժհաստատությունների մասին: «Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող, վերակառուցվող և վերանորոգվող բուժհաստատություններ ենք ունենալու: Բացառությամբ այն 12-ի, որ Քաղաքաշինության կոմիտեն իրականացնում է, մենք ևս 2 խոշոր օբյեկտ ունենք Համաշխարհային բանկի մեր ծրագրի շրջանակում կառուցվելիք: Առաջինը՝ Մարտունու ԲԿ-ի շինարարությունն է, որը կսկսվի մոտ օրերս: Շուտով կհայտարարվի նաև Վայոց Ձորի ԲԿ-ի ամբողջական կառուցման մրցույթը: Այս երկուսն ամբողջությամբ զրոյից են կառուցվելու և համապատասխանելու են միջազգային բոլոր չափանիշներին»,- ասել է  նախարարը:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 294 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար