Արմեն Սարգսյանը միջնորդությունը համարեց ավարտված. Նոր իրավիճակ

02-07-2020 18:36:23   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայաստանում քննարկման առարկա է դարձել նախագահ Արմեն Սարգսյանի քայլը, որով նա ՍԴ վերաբերյալ հայտնի օրինագծերը չստորագրելու մասին տեղեկացրել էր ԱԺ նախագահին: Փաստացի, դրանով արհեստականորեն ձգվում է ժամանակը՝ ԱԺ նախագահը պետք է սպասի 21 օր, եւ նախագահի՝ ՍԴ չդիմելու պարագայում օրենքն ուժի մեջ կմտնի արդեն խորհրդարանի նախագահի հրապարակումով:
 


Այդ օրենքները ՍԴ հարցն այսպես ասած ամբողջապես լուծելու համար են: Ի՞նչ կլինի 21 օրում: Արմեն Սարգսյանն անակնկա՞լ է մատուցել Իմ քայլը մեծամասնությանը: Ստացվել է իրավիճակ, երբ նրա հասցեին նախկին իշխող համակարգի սուր քննադատությանը միացել է արդեն հեղափոխության կողմում դիրքավորվող շրջանակների քննադատությունը:
 
Արմեն Սարգսյանը փաստացի հայտնվել է մեջտեղում, որտեղ թերեւս պետք է եւ լիներ: Թեեւ, նա գուցե պետք է լինի վերեւում, ոչ թե մեջտեղում: Բայց, ըստ ամենայնի, նա սկսել է դեպի «վերեւ» տանող ճանապարհը, երբ նախագահը կլինի ներքաղաքական իրադարձություններից եւ իրողություններից վեր, որտեղ նա կկարողանա լինել այն գործոնը, որ ենթադրվում է հայաստանյան կառավարման մոդելի վերափոխումների համատեքստում:
 
Խոշոր հաշվով, Արմեն Սարգսյանի ուղերձը թերեւս բավականին պարզ է՝
չի լինում «կիսահղի»: Բանն այն է, որ գործող Սահմանադրությամբ նախագահը չունի քաղաքական էական
դեր եւ գործառույթ, բայց ունի որոշակի լիազորություններ, որով կամա թե ակամա ներքաշվում է քաղաքական զարգացումների մեջ, այս կամ այն կողմում հայտնվելու հեռանկարով:
 
Մտածվա՞ծ է արվել դա: Մեծ հավանականությամբ՝ այո: Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը պետք է լիներ Հայաստանի նախկին համակարգի կառավարման պայմաններում քաղաքական բալանսի կարեւոր ֆիգուրներից մեկը, թեեւ «ապաքաղաքական» գործառութային փաթեթավորմամբ: Նրա թեկնածության առաջադրումը Սերժ Սարգսյանի համար հայաստանյան ներքաղաքական համակարգում ռուսական կամ ռուսաստանահայ օլիգարխիայի եւ հայաստանյան օլիգարխիայի դաշինքի հակակշռման քայլ էր:
 
Ըստ այդմ պետք էր այնպիսի կարգավորում, որը նրան չդիտարկելով անմիջական իշխանություն, այդուհանդերձ կընձեռեր քաղաքական ընթացքի վրա ազդելու հնարավորությամբ:
 
Հեղափոխությունը էապես փոխեց հայաստանյան ներքաղաքական տրամաբանությունը, ուժերի բալանսը, ինչն էլ նախագահին վերապահված լիազորությունը հանգեցրեց հակասականության կետի՝ նա քաղաքականության մեջ չէ, լիարժեք քաղաքական գործոն չէ, սակայն ունի գործառույթներ, որը նրան դնելու է այս կամ այն կողմում:
 
Մեծ հաշվով, Արմեն Սարգսյանի ուղերձը բավականին պարզ է՝ նախագահին պետք է ազատել այդ «ծուղակից», քաղաքական «կիսահղի» լիազորությունների թակարդից:
 
Արմեն Սարգսյանը դրանով ազդարարում է նաեւ իր հեղափոխական միջնորդության ավարտը, երբ ստանձնեց երկու կողմերի միջեւ կապի ու բանակցության գործառույթն ու էական դեր ունեցավ իրադարձությունների անարյուն հանգուցալուծման գործում:
 
Սարգսյանը մեծ հաշվով ազդարարում է, որ այդ առաքելությունն ավարտված է, եւ կառավարող նոր մեծամասնությունը կամ պետք է գնա նախագահի ինստիտուտը լուրջ եւ ամբողջական քաղաքական ինստիտուցիոնալ գործոնի վերածելու ճանապարհով, կամ պետք է ինստիտուցիոնալ կերպով լուծի հարցը հակառակ կերպով՝ ազատի նախագահին իր համար ամբողջապես չկառավարվող պատասխանատվություն կրելու պարտավորությունից, ամբողջացնելով խորհրդանշական, արժեհամակարգային ինստիտուտի ձեւակերպումն ու նշանակությունը Հայաստանի հանրային-պետական կյանքում

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 820 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար