Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին


Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին

  • 03-07-2020 09:46:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։
 
Շնորհավորելով դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բազմամյա հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Նախարար Պապիկյանի խոսքով առկա փոխգործակցության բարձր մակարդակը դրսևորվում է հատկապես երկու երկրների ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերում:
 
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և իր հերթին վերահաստատել իրանական կողմի պատրաստակամությունը նոր որակ հաղորդելու երկկողմ բազմոլորտ համագործակցությանը և լիարժեք օգտագործելու տնտեսական հարաբերություններում առկա չիրացված ներուժը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր տիպի կորոնավիրուսային համավարակի մարտահրավերներին արձագանքելու և տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն