Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել.«Փաստինֆո»


Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել.«Փաստինֆո»

  • 04-07-2020 14:52:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին մեղադրվում է հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Իվան Հովիկի Աղազարյանի վերաբերյալ քրեական գործը դատարան մուտք է եղել հուլիսի 3-ին և նույն օրը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։
 
Ըստ մեղադրական եզրակացության՝ Աղազարյանը 2019թ նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։30-14։30-ի սահմաններում, իրեն պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արցախի պողոտայում երթևեկելի գոտով կատարել է հետընթաց, որի ժամանակ թույլ է տվել երթևեկության կանոնների խախտում, այն է` հետընթաց սկսելուց առաջ, չի համոզվել դրա կատարման անվտանգության, մասնավորապես` ավտոմեքենայի հետևում առկա խոչընդոտի կամ վտանգի աղբյուրների բացակայության մեջ, չի դիմել այլ անձանց օգնությանը և հետընթացով անցնելով որոշակի տարածություն` ավտոմեքենայի հետևի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտնին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս:
 
Պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով՝ ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։ Հոդվածը որպես պատիժ է սահմանում տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը