ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՏՁՄ վարչության ներկայացուցիչների հետ


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՏՁՄ վարչության ներկայացուցիչների հետ

  • 06-07-2020 11:15:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 2-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱՏՁՄ նախագահ, IU Networks ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, ԱՏՁՄ վարչության անդամներ «ՎիԷմՈւեր Իսթերն Յուրոփ» ընկերության ինժեներական տնօրեն Խաչատուր Նազարյանը, «Մենթոր Սիմենս Բիզնես» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը, «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը, «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր ու կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը, SFL ընկերության համահիմնադիր Վասիլ Մամիկոնյանը:
 
Քննարկվել են համավարակային իրավիճակի ազդեցությունը և հետևանքները ՏՏ ոլորտի վրա, արդի խնդիրները և ապագայի հնարավոր դժվարությունները, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն աջակցելու՝ նախագահական ինստիտուտի հնարավորությունները:
 
«Գիտենք, որ Covid-ը ոչ միայն մեր ոլորտի, այլև բոլոր ոլորտների համար մեծ խնդիրներ է առաջացրել, ու այժմ կան որոշակի վերադասավորումներ, որոնք արտացոլվում են նաև ՏՀՏ ոլորտի համատեքստում։ Շատ ողջունելի են նման հանդիպումներն ու մտքերի փոխանակումը, ինչպես նաև նախագահի պատրաստակամությունը՝ օգնել մեր ոլորտի ընկերություններին, մասնակցել հարցերի քննարկմանն ու լուծմանը», - նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ 
 
Արմեն Սարգսյանը ներկաներին առաջարկեց այդուհետ ՏՀՏ ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների հետ կապված նախապես առաջարկություններ ներկայացնել ու մասնակից լինել ոլորտի զարագացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը, ինչին ի պատասխան ԱՏՁՄ վարչության ներկայացուցիչները նշեցին, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործունեությունը հենց այդ կարևորագույն նպատակներին է ուղղված։
 
Հանդիպման մասնակիցները նաև անդրադարձան ժամանակակից պահանջներին համապատասխանող որակյալ կրթությանը, միջին մասնագիտական տեխնոլոգիական հաստատություններ ունենալու, ինչպես նաև կրթության և բիզնեսի միջև կապի ապահովման, ոլորտին որոշակի արտոնությունների տրամադրման հարցերին:
 
«Նախագահը հորդորեց տեր լինել սեփական իրավունքներին ու ակտիվորեն պաշտպանել դրանք, ինչին մենք արձագանքեցինք, որ ԱՏՁՄ-ն՝ որպես տասնյակ ընկերություններ միավորող միություն, տարիներ շարունակ հենց այդ խնդիրն է լուծում։ Քննարկման ընթացքում խոսեցինք կրթության ոլորտից՝ մասնավորապես ԱՏՁՄ նախաձեռնությամբ իրականացվող կրթական նախագծերից. «Արմաթ», «Իրական դպրոց»։ Նախագահը նշեց, որ շատ լավ տեղյակ է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներից», - նշեց VMware ընկերության ինժեներական տնօրեն Խաչատուր Նազարյանը։  
 
Նշելով, որ կորոնավիրուսը փոփոխված աշխարհի հետևանք է՝ նախագահ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի մրցունակության տեսանկյունից կարևոր է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: Այս համատեքստում նա անդրադարձավ նախագահական ATOM նախաձեռնությանը, որի շրջանակում այսօր աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ արդեն նախնական պայմանավորվածություններ կան: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն