ՊՆ Դավիթ Տոնոյանի կոշտ հայտարարությունը և պատասխանը․ ինչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՊՆ Դավիթ Տոնոյանի կոշտ հայտարարությունը և պատասխանը․ ինչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 06-07-2020 15:16:20   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Lragir.am-ը գրում է․
«Ըստ պաշտպանության նախարարի մոտեցման` 102-րդ ռազմաբազայի գործունեության կասեցման թեմայով հայտարարություններն ու հրապարակումները բարոյականության պակասի, աշխարհքաղաքական և ռազմաքաղաքական տհասության հետևանք են»: Նախարար Դավիթ Տոնոյանի այդ արձագանքը ներկայացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նախարարի արձագանքը բավականին կոշտ է, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ խոսքը լոկ ռազմակայանի վերաբերյալ մոտեցման մասին չէ, այլ ընդհանուր քաղաքական այն ավելի լայն համատեքստի, որում ներկայում շոշափվում է հարցը: Բանն այն է, որ ռազմակայանի վերաբերյալ կարծիքները Հայաստանում տարբեր են եղել միշտ էլ, եւ տարբեր խմբեր ու անհատներ պարբերաբար խոսել են այն Հայաստանից դուրս բերելու մասին, ինչպես որ միշտ էլ տարբեր կարծիքներ են հնչում այլ քաղաքական, հասարակական նշանակության հարցերի վերաբերյալ:
Բայց, ակնառու է, որ Հայաստանի քաղաքական օրակարգում չկա Գյումրու ռուսական ռազմակայանի դուրսբերման հարց, այն չի շոշափվում արդիական որեւէ քաղաքական հարթակում կամ հասարակական-քաղաքական շերտում: Ըստ այդմ առաջանում է հարց, թե ինչու՞ են որոշ քաղաքական խմբեր հղում անում ինչ որ հայտարարությունների եւ փորձում ստեղծել տպավորություն, թե Հայաստանում կա կամ հասունանում է այդպիսի հարց: Օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հենց ռազմակայանի մասին ինչ որ հայտարարությունների հղում անելով էր ազդարարել, թե ինքը որպես խոշոր ընդդիմադիր ուժի առաջնորդ կկանխի «հակառուսականության սադրանքը» Հայաստանում:
Ի՞նչ է պաահել: Հնարավոր է դիտարկել թերեւս երկու հիմնական շարժառիթ: Կամ Հայաստանում ինչ որ ուժեր փորձում են ամեն գնով ստանալ ռուսական աջակցություն, ինչի համար էլ ամեն կերպ փորձում են Հայաստանում ստեղծել «հակառուսականության սրման» տպավորություն, իրենց որպես «հակառուսականության հրանոթը կրծքով փակող» հունանավետիսյաններ Ռուսաստանի որեւէ ազդեցիկ խմբի կամ հենց քաղաքական ղեկավարությանը վաճառելու համար, իհարկե ոչ կյանքի գնով վաճառելու:
Կամ հենց ռուսական որեւէ շրջանակ փորձում է լուծել իր խնդիրները, օգտագործելով Հայաստանի ներքին սուբյեկտներին եւ նրանց միջոցով ստեղծելով «հակառուսականության սրման» տպավորությունը, հետո այդ ամենը Հայաստանի քաղաքական իշխանությանը ներկայացվող պահանջի կամ փաստարկի առիթ ծառայեցնելու համար:
Հայաստանն այդ իմաստով Ռուսաստանի, ռուսական քաղաքական, տնտեսական ազդեցիկ շրջանակների համար ունի առանցքային նշանակություն ոչ միայն երկկողմ հարաբերության եւ ռեգիոնալ իրողությունների տեսանկյունից, այլ նաեւ Ռուսաստանի լայն աշխարհքաղաքական դերի: Այդ իմաստով, ամենեւին չափազանցություն թող չհնչի, հայ-ռուսական հարաբերության բնույթը էական նշանակություն է ունենալու ռուսական ներքին կյանքի, իշխանության վրա: Եվ այդ տեսանկյունից Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն էլ այդ իշխանության ներկայիս շատ շրջանակների համար ինդիկատոր են՝ իրենց համար ոչ այնքան հաճելի ցուցիչներով:
Այդ համատեքստում տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերության վերափոխման բարդ, բավականին տարողունակ, խրթին գործընթաց, որտեղ Հայաստանը դնում է մի շարք կարեւոր հարցադրումներ՝ սկսած տնտեսական հարաբերությունից մինչեւ ռազմա-քաղաքական, անվտանգային խնդիրներ: Այդ համատեքստում է նաեւ այն, որ ռուս-թուրքական պայմանագրերի տրամաբանության շրջանակում հաստատված ռուսական ռազմական ներկայությունը «տրանսֆորմացվի» հայ-ռուսական ռազմավարական պայմանագրերի քաղաքական շրջանակ, ամբողջապես ծառայելով Կովկասում արցախյան հաղթանակով Հայաստանի ձեւավորած ռազմա-քաղաքական նոր համակարգին ու ստատուս-քվոյին:
Գլխավորը՝ Երեւանն այդ ամենը շարադրում է, չտալով դաշնակցային նպատակների վերաբերյալ կասկածի որեւէ տեղիք, այսինքն Ռուսաստանին չտալով հարցադրումները նենգափոխելու որեւէ առիթ: Որովհետեւ պաշտոնական Երեւանը հիանալի պատկերացնում է իր խնդիրը, որը բացարձակապես Ռուսաստանի հետ հակադրությունը չէ, այլ հակառակը՝ այնպիսի հարաբերության կառուցումը, որը լինելով փոխշահավետ, կլինի էլ ավելի հուսալի ու կանխատեսելի: Մի բան, որը սակայն բացարձակապես հակոտնյա է մինչ այժմ ռուսական քաղաքականության մշակման համար պատասխանատու տնտեսա-քաղաքական ազդեցիկ խմբերի համար, որոնք հայ-ռուսական «ավանդական» հարաբերության վախճանը նույնացնում են իրենց քաղաքական ազդեցության վախճանին:
Արդյոք այդտեղ չէ բուն շարժառիթը, որ հնարավոր ազդեցության տակ գտնվող խմբերի միջոցով փորձ է արվում ստեղծել այդ առիթները:
Եվ արդյոք դա չէ նաեւ պաշտպանության նախարարի կոշտ հայտարարության պատճառը, որը շոշափելով բարոյականության պակասի եւ աշխարհքաղաքական տհասության հանգամանքը, դիտարկում է նաեւ հենց այդ ասպեկտը՝ Հայաստանը ներկայում իրականացնում է թե հայկական, թե նաեւ ռուսական պետականության ու համաշխարհային անվտանգության համակարգի համար կարեւորագույն առաքելություն: Այն դեպքում, երբ կարող են լինել խմբեր, որոնք կարող են փորձել փայտ խրել այդ առաքելության անիվի մեջ՝ մանրախնդիր նպատակներով:
 
1in.am-ը գրում է․
Հայաստանում հակառուսականության ալիքի սրման մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը հաջորդել են մի քանի այլ քաղաքական շրջանակի համանման հայտարարություններ, ինչը վկայում է այն մասին, որ կա որոշակի «ներքաղաքական թրենդ»՝ իրավիճակը ներկայացնել որպես հակառուսականության սրացում կամ խթանում: Դա Ռուսաստանին անվերապահ ծառայություն առաջարկելու կամ պատրաստակամություն հայտնելու հերթական փո՞րձն է Հայաստանում:
Այն, որ Հայաստանում և դրա շուրջը ծավալվող ներքաղաքական զարգացումներում ակնառու են աշխարհաքաղաքական լայն վերափոխումների ազդեցությունն ու դրանցով պայմանավորված՝ Ռուսաստանի ունեցած խնդիրների հանգամանքը, որը ստիպում է առավել ագրեսիվ հավակնություն ունենալ Հայաստանի նկատմամբ, անկասկած է: Խնդիրն այն է, թե արդյոք դա բերում է Հայաստանի ներքաղաքական սուբյեկտներին տրվող ուղիղ ցուցումների՞, թե՞ նրանք են համարում, որ Ռուսաստանի ազդեցիկ շրջանակներում այժմ, առավել քան երբևէ, կարող է լինել այդպիսի ծառայության պահանջարկ Հայաստանում, հետևաբար պետք է ներկայացնել առաջարկը:
Քաղաքական իրողություններն այդ իմաստով իհարկե բավականին բազմազան են իրենց բաղադրիչներով և մոտիվացիոն հիմքերով: Այդ պարագայում հնարավոր է դիտարկել թերևս նաև այն, որ փորձ է արվում Հայաստանում ներքաղաքական վերափոխումների հանգամանքը ընդգծված կերպով ներկայացնել հակառուսականության ծիրում՝ ստանալով Ռուսաստանի աջակցությունը: Այլ կերպ ասած՝ Հայաստանում խոշոր կապիտալը կամ կապիտալի այն հատվածը, որը բացարձակապես չունի մտադրություն տեղավորվելու խաղի նոր կանոնների շրջանակում և գործելու մի կողմից՝ օրենքի լիարժեք դաշտում և, ըստ այդմ, տարանջատվելու քաղաքականությունից, փորձում է այդ գործընթացը Ռուսաստանին մատուցել որպես հակառուսականություն:
Համենայնդեպս ակնառու է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը չի ունեցել և մինչ այժմ չունի որևէ հակառուսական դրսևորում, այլ դրված են ընդամենը ներքին համակարգային փոփոխության օրակարգային հարցեր: Իհարկե, դրանց շարքում կան հարցեր, որոնք վերաբերում են նաև Հայաստանում ռուսական ներկայությանը՝ այնքանով, որքանով այդ ներկայությունը խարսխված էր հին համակարգային կանոնների և տրամաբանության շրջանակում: Բայց դա նշանակո՞ւմ է հակառուսականություն: Իհարկե, ոչ:
«Հակառուսականության» աղմուկի հակառակ՝ իսկական երեսին ընդամենը սեփական խնդիրները լուծելու և հին համակարգը պահելու նեղ շարժառիթներն են: Որովհետև այն, ինչ կատարվում է Հայաստանում, պայմանական ասած՝ նշանակում է հայկականություն, որի իմաստն այն է, որ Հայաստանն անցնում է պետական և հասարակական կյանքի կառուցման կոռուպցիոն սխեմայից օրինական, իրավական սխեմայի: Հետևաբար այդ կյանքի որևէ օտարերկրյա մասնակից ևս պետք է կատարի այդ անցումը:
Եթե Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքի, այդ թվում՝ տնտեսական բաղադրիչի, օտարերկրյա մասնակիցներից ամենախոշորը Ռուսաստանն է՝ իր տարբեր կառույցներով, ապա դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանի ներքին վերափոխումները հակառուսականություն են:
 
Armtimes.com-ը գրում է․
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը հերթական անգամ ցնցումների մեջ է։ Պատճառն այս անգամ այն է, որ Հանրային հեռուստաընկերության եթերով փոքրիկ մի հատված է ցուցադրվել ռուսաստանյան ընդդիմադիր Նավալնիի հետ հարցազրույցից։ Ու հիմա Հայաստանում ինչքան «մտահոգ շրջանակ» կա՝ մատնագրեր է ուղարկում Մոսկվա, թե դա արվել է անձամբ վարչապետ Փաշինյանի հրահանգով, նա իր հերթին կատարել է Արեւմուտքի պատվերը, նպատակը Ռուսաստանը մեր տարածաշրջանից դուրս մղելն է, ու որպես հետեւանք՝ շուտով կտեսնենք «ռուսական արջի ապտակը», Թուրքիան կգրավի Ղարաբաղն ու Զանգեզուրը, պետք է սթափվել ու ռուսներին հասկացնել, որ հայ ժողովուրդը մեղք չունի, դա միայն Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, եւ այլն։ Մի խոսքով՝ առանձնապես նոր բան չկա։
Ցավալին այն է, որ այս ամենը հերթական անգամ ցույց է տալիս, թե հայաստանյան քաղաքական որոշ ուժեր ինչ պարզունակ պատկերացումներ ունեն հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ըստ այդ պատկերացումների՝ քանի որ Հայաստանն ու Ռուսաստանն իրենց պոտենցիալներով համադրելի չեն, քանի որ այնտեղ ավելի քան 2 միլիոն հայեր են ապրում, քանի որ Ռուսաստանն ազդեցության բազմաթիվ լծակներ ունի Հայաստանի վրա եւ այլն, մենք չենք կարող որեւէ հարցում հակադրվել նրանց։ Պիտի մեր ցանկացած քայլից առաջ հաշվարկենք Ռուսաստանի հնարավոր արձագանքը ու այնպես անենք, որ հանկարծ այնտեղ չբարկանան, իսկ եթե այնուամենայնիվ բարկանան (ասենք՝ որեւէ պաշտոնյայի վրա), պիտի անմիջապես հրապարակավ գնդակահարենք այդ պաշտոնյային ու տեսագրությունը երեք օրինակից ուղարկենք Կրեմլ։
Համաձայնվեք՝ այս մոդելը «միջպետական հարաբերություններ» անվանելը դժվար է, ու խնդիրը նույնիսկ ինքնիշխանությունը չէ։ Հասկանալի է, իհարկե, որ հայ-ռուսական հարաբերություններում լիակատար իրավահավասարության հասնել հնարավոր չէ՝ հաշվի առնելով երկու երկրների պոտենցիալների ահռելի տարբերությունը, հասկանալի է, որ մենք Ռուսաստանի վրա ազդեցության այնպիսի լծակներ չունենք, ինչպիսիք ունի Ռուսաստանը մեր նկատմամբ, բայց այդքանով հանդերձ՝ հասկանալի է նաեւ, որ ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրների համագործակցության հիմքում պիտի լինեն փոխադարձ շահերը, ու դրանք պիտի փոխադարձաբար հարգվեն կամ գոնե ընդունվեն ի գիտություն։ Անընդունելի է, երբ ռուսական ինչ-ինչ շրջանակներից կարծիքներ են հնչում, թե «տո դուք ով եք, որ ձեր շահերն ունենաք», բայց է՛լ ավելի անընդունելի է, երբ Հայաստանում են կարծիքներ հնչում, թե «տո մենք ով ենք, որ մեր շահերն ունենանք»։ Հայաստանն ունի իր շահերը եւ պիտի դրանցով առաջնորդվի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի, Եվրամիության եւ ցանկացած այլ ուժային բեւեռի հետ հարաբերություններում։ Բնականաբար՝ հաշվի առնելով նաեւ նրանց շահերը եւ փորձելով համադրել դրանք։
Սա չափազանց բարդ խնդիր է եւ բնականաբար՝ միշտ չէ, որ ստացվում է։ Շատ ավելի հեշտ կլիներ մոռանալ սեփական շահերը եւ ապավինել որեւէ բեւեռի՝ հույս ունենալով, որ այդ բեւեռը կգնահատի մեր հնազանդությունն ու մեկ-մեկ էլ մեր շահերը հաշվի կառնի։ Բայց Հայաստանն իրեն այդպիսի շքեղություն թույլ տալ չի կարող ու ստիպված է ինքը հետամուտ լինել սեփական շահերին։ Ընդ որում՝ Ռուսաստանի դեպքում ընդհանուր շահերն ակնհայտ են, համագործակցության դաշտը կա, պատմական փորձը՝ նույնպես, ու մնում է միայն հարթել մանր-մունր կնճիռները։
Դրանք, ի դեպ, իրական միջպետական հարաբերությունների գոյության մասին են վկայում։ Որովհետեւ մետրոպոլիայի ու գաղութի հարաբերություններում, որպես կանոն, կնճիռներ չեն լինում։
 
Hraparak.am-ը գրում է․
Օրերս «Հրապարակ»-ը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում արտահոսքի նոր ալիք է սկսվել։ Աշխատանքից ազատվելու դիմում էին գրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով համակարգում էր ներքաղաքական անվտանգության խնդիրները։ Նրա հետ միասին դիմում էր գրել նաեւ Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարը՝ Նարեկ Պողոսյանը։ Այս դեպարտամենտի աշխատանքները գտնվում էին Բազիկյանի համակարգման ներքո։  
ԱԱԾ նորանշանակ մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք՝ ստորագրվե՞լ են արդյոք Բազիկյանի եւ Պողոսյանի ազատման դիմումները, եւ, եթե, այո, ապա նրան փոխարինողներ կա՞ն։
Մամուլի խոսնակը պատասխանեց․ «Առայժմ որեւէ հրապարակում մենք չունենք այդ հարցի շուրջ։ Ոչ նշանակում, ոչ ազատում, ոչ մի բանի մասին մենք տեղեկություն չենք կարող տրամադրել։ Հրաման չկա, ես չեմ կարող ասել՝ այդ մարդը ազատման դիմում գրել է, թե ոչ, ես գիտեմ, որ այդ մարդը ներկա դրությամբ աշխատում է եւ հրաման չկա։ Ինքը գրել է, թե չէ, դա իմ խնդիրը չէ։ Այս պահի դրությամբ հրաման, ցուցում չկա այդ մարդկանց ազատվելու վերաբերյալ»։
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ պաշտոնյանների հեռանալն ԱԱԾ-ից պայմանավորված է Արգիշտի Քյարամյանի նշանակմամբ։
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն