«Հելթ թոն»-ը սննդային հավելում է, ոչ թե դեղամիջոց. դրանով աջակցում են բուժմանը, այլ ոչ՝ բուժում


«Հելթ թոն»-ը սննդային հավելում է, ոչ թե դեղամիջոց. դրանով աջակցում են բուժմանը, այլ ոչ՝ բուժում

  • 06-07-2020 16:22:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր լրատվամիջոցներում տարածվեց «Ինչո՞վ են բուժում կորոնավիրուսով հիվանդներին. այս արտադրատեսակը ներառված չէ ԱՀԿ ուղեցույցների մեջ» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում։ Գրառման հեղինակ Գևորգ Գրիգորյանը նշել էր, թե «Հելթ թոն» սննդային հավելումը «հաջողությամբ» կիրառվում է կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժման ընթացքում և բացառված չէ, որ առ այսօր կիրառման արդյունքները առանց հիվանդների իմացության տրամադրվում են «Ռիա Ֆարմասյութիքլ» ընկերությանը»։  Վերջինիս խոսքերով՝ հավելանյութն ընդգրկված չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրամադրված ուղեցույցներում, ինչը տարօրինակ է։
 
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», հղում անելով Առողջապահության նախարարության՝ հունիսի 1-ի պարզաբանմանը, հայտնում է, որ նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի: Ինչպես ցանկացած սննդային հավելում՝ այնպես էլ «Հելթ թոնը», պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց: Որևէ պաշտոնական ուղեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը:
 
Ինչ վերաբերվում է արտադրատեսակի՝ ԱՀԿ ուղեցույցներում ներառված չլինելուն և  հավելանյութի կիրառման արդյունքները առանց հիվանդների իմացության ընկերությանը տրամադրելուն՝ «Ռիա Ֆարմասյութիքլ» ՍՊԸ-ի տնօրեն Եվգենիա Մելքոնյանը տեղեկացրեց, որ ԱՀԿ-ն մշակում և առաջարկում է ուղեցույցներ հիվանդությունների բուժման համար՝ հիմնվելով բացառապես դեղերի նախնական և կլինիկական փորձարկումների արդյունքների վրա։
 
Անդրադառնալով պացիենտների մասին տեղեկատվության փոխանցմանը՝ հարկ է նշել, որ կազմակերպությունը բուժհաստատություններին արտադրանքի նշված խմբաքանակը հատկացրել է անվճար։ Նամակներում նշելով իրենց փոխանցել օգտագործողների քանակը՝ «Ռիա Ֆարմասյութիքլը» նպատակ Է ունեցել ստանալ ընդհանրական թվով տեղեկություն, թե ինչպես է բաշխվել իրենց տրամադրած հավելանյութը։ Որևէ անձնական տվյալ (անուն-ազգանուն, տարիք, սեռ, հասցե և այլն) ընկերությունը չի պահանջել և չի ստացել։
 
Հավելենք նաև, որ Գևորգ Գրիգորյանի կողմից գրառմանը կցված լուսանկարը ոչ թե արվել է բուժհաստատությունում, այլ վերցվել է Սարգիս Մելիքյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջից։ Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ սննդային հավելանյութը գնել է դեղատնից՝ իր ցանկությամբ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն