Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

06-07-2020 17:22:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի գլխավորությամբ:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցության ընթացիկ հարցերին, օրակարգային միջոցառումներին, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման
հնարավորություններին ու առաջիկա անելիքներին:
Զրուցակիցները քննարկել են ոչ ինքնակամ Ադրբեջանում հայտնված և անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արա Ղազարյանի հետագա ճակատագրին վերաբերող հարցեր, կարևորել Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը՝ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների անդամների հետ նամակագրության ապահովման նպատակով:  
 
Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրների: 
Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԿԽՄԿ-ի ղեկավարին՝ պատվիրակության կողմից կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերին աջակցելու համար:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 300 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար