Մեկնարկում է Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը


Մեկնարկում է Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

  • 07-07-2020 12:27:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսների համար մշակել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։
 
Ծրագրից կարող են օգտվել միայն Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։
 
Ցանք կատարելու նպատակով ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 7000 կգ-ը և ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։ Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ։
 
Էկոնոմիկայի նախարարության կողմից տնտեսվարողներին կտրամադրվի ցորենի մշակության, ցանքաշրջանառության կիրառման վերաբերյալ անվճար խորհրդատվություն։
 
Ծրագրին մասնակցելու համար սերմերի վաճառք իրականացնողները՝ մատակարարները  պետք է մինչև հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և կնքեն հուշագիր, որի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը մինչև հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։
 
Տնտեսվարողները կարող են սերմ ձեռք բերել միայն նախարարության կայքում հրապարակված մատակարարներից։
 
Սերմերի վաճառքը  կիրականացվի հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը։
 
Ուշադրություն
 
Ծրագրի շրջանակում մատակարարներն ու տնտեսվարողները նույնպես  կարող են իրենց կողմից արտադրված և/կամ ներմուծված սերմերով ցանք կատարել և ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։
 
Մանրամասների համար կարող եք դիմել Էկոնոմիկայի նախարարություն` զանգահարելով 011524610, 011530333 հեռախոսահամարներով կամ այցելել  https://www.mineconomy.am/news/2072 ։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության
 
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play