Թեստավորումների քանակը կավելանա, մասնավոր լաբորատորիաների հետ միասին օրական կարվի 4000 թեստ. ՀԺ


Թեստավորումների քանակը կավելանա, մասնավոր լաբորատորիաների հետ միասին օրական կարվի 4000 թեստ. ՀԺ

  • 07-07-2020 15:33:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

COVID-19-ի ախտորոշման թեստավորումների քանակը մոտ ապագայում կավելանա։
 
Ինչպես առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, առավելագույնը 3 շաբաթվա ընթացքում միայն պետական պատվերով դրանց թիվը կհասցվի մոտ 3000-ի։ Զուգահեռ աշխատող մասնավոր լաբորատորիաների թվերն էլ գումարած՝ հնարավոր է՝ օրական ունենանք 4000 թեստ։
 
«Մենք ամենասկզբում, երբ օրական 200-300 անում էինք, դա համարում էինք մի ահռելի մեծ թիվ, հիմա 2500-ը սովորական է դարձել մեզ համար, մենք ակնկալում ենք ավելի շատ անել, ինչը, իհարկե, կանենք»,- նշեց նախարարը՝ զուգահեռ անցկացնելով նաեւ անցած տարվա հետ։ Հայաստանում 1 տարի առաջ նույնիսկ 1 ամսում 2000 ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հետազոտություն չի արվել:
 
 
Թորոսյանի խոսքով՝ թեստավորումը միջոց է՝ հայտնաբերելու քաղաքացիներին՝ երկու նպատակով. թեթեւ ձեւերը, նրանց կոնտակտավորներին մեկուսացնելու եւ բուժելու համար: Բուժական առումով վստահեցրեց՝ որեւէ մեկը դուրս չի մնում: Ցուցում, բուժման կարիք ունեցողները թեստավորվում են: Անախտանիշ դեպքերը հայտնաբերելու բաց կա, որը ծավալների մեծացմանը զուգընթաց կլրացվի։
 
Նախարարը նաեւ դժվարությունների մասին խոսեց․ դրանք տարատեսակ են՝ սկսած մարդկային ռեսուրսներից: Թեստավորումը ոչ թե պարզապես մեխանիկական գործողությունների հաջորդականություն է, այլ բարդ գործընթաց, գիտություն, որը պահանջում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Այս պահին պարզապես ազատ մասնագետներ չկան: Իրականացվում են վերապատրաստումներ կենսաբանների, միկրոբիոլոգների, միկրոկենսաբանների համար։ Ընթանում են նաեւ գնման գործընթացներ, օրինակ՝ նոր ՊՇՌ սարքերի, լամինար պահարանների։
 
Ավելանալու են նաեւ նոր կետեր Իջեւանում, Մարտունիում, Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում եւ «Արաբակիր» ԲԿ-ում։
 
«ՊՇՌ թետավորումն այնքան բարդ գործընթաց է, եթե ուզում ես ունենալ լավ, որակյալ, հավաստի արյունքներով լաբորատորիա, ուրեմն պետք է հսկայական ջանքեր գործադրես, ինչն արվում է, մենք, տեսնելով արդյունքները, շարունակում ենք»,- նշեց նա։
 
Լրագրողի այն դիտարկմանը, թե քաղաքացիներին երբեմն չեն թեստավորում, նշեց՝ բուն թեստի խնդիր չենք ունեցել, սակայն երբեմն թեստավորման արհեստական զսպում է լինում։ Օրինակ՝ եղել են օրեր, երբ պակասել են թեստավորման փայտիկները։ Դրանք այնքան շատ են օգտագործվում, որ արտադրողները հատուկ քանակով են տրամադրում երկրներին։ Այս հարցը, օրինակ, լուծել են՝ Չինաստանից 160․000 փայտիկ ներկրելով։
 
Թորոսյանի խոսքով՝ հնարավոր է լինեն դեպքեր, երբ բժիշկներն ասեն՝ իմաստ չկա թեստավորելու, երբ, օրինակ, ընտանիքի մի անդամը վարակված է, մյուսներն էլ նույն ախտանիշներն ունեն եւ պետք է ինքնամեկուսանան տանը։ Նման բան այլ երկրներում նույնպես լինում է, եւ այսօրինակ խնդիրները ներուժի զարգացմանը զուգընթաց քիչ կլինեն։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play