ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ


ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ

  • 07-07-2020 16:24:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման  ուղղությամբ: ՊԵԿ աշխատակիցների հսկողության թիրախում՝ մասնավորապես, մաքսային կանոնների խախտման փորձերն են: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: Սակայն, նման դեպքերը ևս գտնվում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ամենօրյա հսկողության ներքո:
 
Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել Վրաստանից ժամանած՝ ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Տեսազննման արդյունքում բեռնատարի կցորդի ներքևի հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված նոր հագուստ: 
 
Մեկ այլ դեպքով էլ՝ կրկին Բագրատաշենի մաքսակետում, բացահայտվել է մաքսային կանոների խախտման հերթական դեպքը: Այսպես, մաքսային տեսուչի հարցմանն ի պատասխան՝ բեռնատարի վարորդը նշել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա են միայն պահեստամասերը: Այնինչ, բեռնատարի սրահի տեսազննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի բջջային  հեռախոսներ: 
 
Դեպքերի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն: 
 
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ մաքսային կանոնները խախտելուց: Օրենքի շրջանցման յուրաքանչյուր փորձ բացահայտվելու է ՊԵԿ աշխատակիցների խիստ հսկողության արդյունքում:
 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն