Պաշտոնական Երևանը պետք է արձագանքի Էրդողանի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը. Ռուբեն Սաֆրաստյան. Tert.am


Պաշտոնական Երևանը պետք է արձագանքի Էրդողանի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը. Ռուբեն Սաֆրաստյան. Tert.am

  • 07-07-2020 18:53:35   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որոշման իրականացումն անխուսափելի է: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ արդեն Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, որոշել է՝ նախագահի հրամանը բավարար է որոշումն իրականացնելու համար:
 
«Կարծում եմ՝ դա մի քանի պատճառ ունի: Առաջին՝ Էրդողանը ցանկանում է իր վարկանիշը դրանով բարձրացնել, այն վերջին շրջանում բավականին ընկել է երկրի ներսում: Այդ քայլով նա ցանկանում է ձեռք բերել իսլամիստ-ծայրահեղական շրջանակների դրական մոտեցումը: Երկրորդը՝ դա մաս է կազմում նրա ծրագրին. 2023թ-ին Թուրքիայի Հանրապետության 100-րդ տարեդարձն է: Նա նախապատրաստվում է: Սկսում է Թուրքիայի Հանրապետության երկրորդ հարյուրամյակը, և այն պետք է լինի ոչ թե Աթաթուրքինը, այլ ՝ էրդողանինը: Նա ցանկանում է հանդես գալ որպես «լավ Թուրքիայի Հանրապետության» հիմնադիր: Նա դրանով հակադրվում է  նաև Աթաթուրքին, որովհետև վերջինի որոշմամբ է 1934 թվականին Սուրբ Սոֆիան դարձել  թանգարան»,- ասաց նա:
 
Էրդողանի այս որոշմանն արձագանքել է քրիստոնեական աշխարհը: Թուրքիային այդ քայլից հրաժարվելու կոչեր են արել մասնավորապես ԱՄՆ–ը և Ֆրանսիան։ Հայտարարություն է տարածել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն:
 
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Հայաստանը, որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած պետություն, առաջիններից պետք է արձագանքեր:
 
«Սխալ է չարձագանքելը: Ճիշտ կլինի արձագանքել և ցույց տալ, որ մենք աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն ենք, որ հայազգի Տրդատն է մասնակցություն ունեցել տաճարի վերականգնմանը, որ մենք կարևոր դեր ենք ունեցել Օսմանյան կայսրությունում: Պետք է ցեղասպանության մասին խոսել, մեկ անգամ ևս այդ մասին հիշեցնել աշխարհին»,- ասաց նա:
 
Անդրադառնալով Պոլսում հայ համայնքից ակնկալվող արձագանքին՝ Ռուբեն Սաֆրաստյանը մատնանշեց ՝պատրիարք Սահակ Մաշալյանը շատ խուսափողական արձագանքեց՝ ասելով, որ կարող են տաճարի մի մասը քրիստոնյաների համար նախատեսել:
 
«Բավական կոշտ արձագանքեց Պոլսո Հունաց  պատրիարք Բարդուղիմիոսը»,- ասաց նա:
 
Նա կրկին շեշտեց՝ լավ կլինի, որ պաշտոնական Երևանն արձագանքի Էրդողանի որոշմանը: «Անտարակույս, պետք է նաև արձագանքի Հայ առաքելական եկեղեցին»,- ասաց նա:
 
Թուրքագետը դժվարացավ ասել, թե ինչու մինչ հիմա հայկական կողմից արձագանքը չկա: «Ինչո՞ւ պետք է չարձագանքենք»,- իր տարակուսանքն արտահայտեց նա:
 
Ռուբեն Սաֆրաստյանը համաձայնեց, որ Էրդողանի՝ աշխարհին հայտնի տաճարը մզկիթ դարձնելը նաև աշխարհաքաղաքական դրդապատճառներ ունի:
 
«Էրդողանը շատ լավ հասկանում էր, որ դա քրիստոնյա աշխարհին դուր չի գա: Բայց  մյուս կողմից էլ հասկանում է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ կարող է այնպիսի քայլեր անի, որ իր դաշնակիցներին, օրինակ՝ ԱՄՆ-ին դուր չգա, բայց խնդիր չառաջացնի»,- ասաց նա:
 
Նա այս համատեքստում  Թուրքիայի նախագահի որոշման պատճառների մեջ մի վարկած էլ առաջ քաշեց: «Կոստանդնուպոլիսը նաև մուսուլմանական կարևոր կենտրոններից է, Մեքքայից, Մեդինայից, Երուսաղեմից հետո ՝և հիմա  գտնվում է թուրքերի մոտ, այլ ոչ թե արաբների: Իսլամական մի շարք ծայրահեղական կազմակերպություններ դա համարում են անարդար և կարծում են, որ պետք է Կոստանդնուպոլիսը  թուրքերից վերցնել և այն դարձնել համամուսուլմանական: Իր որոշումով Էրդողանը բարձրացնում է Թուրքիայի դերը՝ որպես սունիական իսլամական աշխարհի կարևոր կենտրոններից մեկը»,- ասաց նա:
 
 Սպիտակ տան մամուլի քարտուղարը հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը հրապարակային էր կիրառել՝ խոսելով ԱՄՆ-ում եղած վանդալիզմի մասին:
 
Ռուբեն Սաֆրաստյանը այս միջադեպը չկապեց Էրդողանի Սուրբ տաճարը մզկիթի վերածելու արդյունքում ԱՄՆ-ում առաջացած դժգոհության հետ, և ոչ էլ կարծեց, թե դա ԱՄՆ-ի պաշտոնական տեսակետն է:
 
«Ես հակված եմ կարծելու, որ դա պարզապես պատահականություն էր, որովեհտև ամերիկյան մամուլն էր գրեց, որ դա ամերիկյան քաղաքականությունից չի բխում: Այնպես որ ամերիկյան դիրքորոշման մեջ փոփոխություն չկա: Կարծում եմ՝ դա երիտասարդ մամուլի խոսնակի անփորձության արդյունք էր կամ գուցե իր կողմից է նա որոշել դա անել: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ ամերիկյան վարչակազմը փոխում է իր տեսակետը հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ»,- ասաց նա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play