Հայկական ապտակ Վաշինգտոնից. Էրդողանը նոր աշխարհակարգի մահապարտ


Հայկական ապտակ Վաշինգտոնից. Էրդողանը նոր աշխարհակարգի մահապարտ

  • 08-07-2020 10:28:40   | Հայաստան  |  Վերլուծություն

Սպիտակ տան խոսնակի հայտարարության մեջ հայերի ցեղասպանություն արտահայտության կիրառումը հասկանալիորեն ստացել է լայն արձագանք ոչ միայն հայկական շրջանակներում եւ Հայաստանում: Դա «լեզվի սայթաքու՞մ» էր, թե՞ այդուհանդերձ նպատակային շեշտադրում: Իհարկե, այդ մասին առավել պարզ կարող է ասել ինքը` խոսնակը եւ ընդհանրապես Սպիտակ տունը: Այդ առնչությամբ պատկերը դեռեւս պարզ չէ եւ պարզաբանում դեռեւս չկա: Մյուս կողմից այն, որ չի հաջորդել արագ բացատրություն եւ այսպես ասած հերքում, վկայում է, որ գործ ունենք ավելի շուտ նպատակային քայլի հետ:
 
Առավել եւս, որ դա տեղի է ունենում մի շարք հատկանշական միջազգային զարգացումների ֆոնին, որոնց շարքում է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի ուղղափառ տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Էրդողանի նախաձեռնությունը:
 
Դա մարտահրավեր է քրիստոնեական քաղաքակրթությանը եւ Էրդողանն ըստ ամենայնի ծրագրում է աշխարհաքաղաքական հավակնությունները իրացնել «սառը սրբազան պատերազմի» տրամաբանությամբ, հարուցելով քաղաքակրթական բախում եւ այդպիսով հավակնելով մահմեդական-իսլամական աշխարհի «առաջնորդողի» դերին: Այդ դերում նա գուցե ակնկալում է ավելի հանդուգն խոսել նոր աշխարհակարգ քննարկող կենտրոնների հետ:
 
Էրդողանը պատկերացնում է, որ Թուրքիան դուրս է մնում դրանից: Ավելին, նա այդ հանգամանքը լավ պատկերացնում էր դեռ Թուրքիայում, նույն Ստամբուլում իշխանության ճանապարհը սկսելուց: ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիայի ռազմա-քաղաքական կարեւորության անկումը նրա համար թերեւս կանխատեսելի էր, ինչն էլ փորձեց կասեցնել ագրեսիվ քաղաքականության ու հավակնությունների միջոցով:
 
Դրանք, սակայն, Թուրքիայի ուժից վեր են, եթե չեն ստանում աջակցություն այլ ուժային կենտրոնից: Այդ իմաստով, անկում է ապրում նույնիսկ ավանդական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունը: Թուրքիան ներկայումս ոչ մեկին պետք չէ, նույն Ռուսաստանից բացի, բայց Ռուսաստանի համար էլ իր հավակնությամբ դարձել է խիստ վտանգավոր: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու Երեւանի նոր քաղաքական ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունները Կրեմլի համար մյուս կողմից հնարավորություն են Անկարայի հետ հարցերում ճկունության համար: Իսկ այդ հարցերը բավականին խորն են, եւ հարաբերությունն էլ կառուցված է հայկական իրավունքի վրա:
 
Այն, որ Անկարան գնում է այլեւս քաղաքակրթա-կրոնական մարտահրավերի, վկայում է, որ նա դիտարկում է բոլոր կամուրջներն այրելու տարբերակը: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն կոչ էր արել Անկարային չդիմել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու քայլի: Ահա այդ համատեքստում է հատկանշական ցեղասպանություն «եզրույթի» հնչեցումը Սպիտակ տան խոսնակի շուրթերից:
 
Իսկ այն, թե որքանով է այդ ամենը լուրջ, ամենից լավ գիտի Էրդողանը, որը շաբաթներ առաջ ստեղծել է հայկական հարցի հակազդման հատուկ կառույց: Նաեւ հենց այն պատճառով, որ աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ նոր իրողությունները, դրանցում Ռուսաստանի խնդիրներն ու այդ խնդիրների լուծման հարցում հայկական ինքնիշխան պետականության՝ Մոսկվայի համար հոգեբանորեն դեռեւս անընկալելի, բայց քաղաքական առումով կենսական անհրաժեշտությունը, Անկարայի համար խիստ կասկածի տակ են դնում  հայկական հարցի պարագայում իր գլխավոր հենարան-դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հույս կապելու ռացիոնալությունը: Դա է Էրդողանին մղում նոր աշխարհակարգի՝ գործնականում մահապարտության կարգավիճակի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն