Հայինկասացիայի 200 աշխատակիցներ կդառնան գործազուրկ. «Մեզ խաբել են». Panorama.am


Հայինկասացիայի 200 աշխատակիցներ կդառնան գործազուրկ. «Մեզ խաբել են». Panorama.am

  • 08-07-2020 14:21:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայինկասացիա» ՓԲԸ 200 աշխատակիցները օգոստոսից կդառնան գործազուրկ։
 
«Մեզ ասել էին, որ բոլորին գործի կտեղավորեն «Երևանինկասացիա»-ում։ Մենք դիմում գրեցինք «Հայինկասացիայից ազատվելու, ապա «Երևանինկասացիա» ընդունվելու մասին։ Բայց պարզվեց, երեկ փակել են «Երևանինկասացիան»։ 200 աշխատակից մնում է բորդին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում են աշխատակիցները։
 
Նրանք զարմացած են, տարիներ շարունակ պետությունից ոչ դոտացիա են ստացել, ոչ էլ դրա կարիքն են ունեցել, ինչու են եկամուտով աշխատող կազմակերպությունը լուծարում, աշխատակիցներին էլ անգործ թողնում։
 
««Հայինկասացիա»-ն շատ լավ գումար է վաստակել, հենց էս պահին իր հաշվին 2.5 մլն դոլար գումար ունի, կրկնում ենք՝ դոլար։ Օրական աշխատել ենք 12-13 ժամ, որ ինկասացիան գոյատևի, մենք էլ աշխատենք, ինչ ասենք, բոլորիս խաբեցին»,- ասում են նրանք՝ ավելացնելով, որ անցած օրերին ուսումնասիրել են տարբեր երկրների փորձն ու եկել եզրակացության, որ թե եվրոպական, թե ԱՊՀ պետությունների մեծ մասն ունեն պետական ինկասացիա։
 
«Հայինկասացիա» ՓԲԸ մի քանի աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
 
«Իրականում մարդկանց խաբել են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։
 
Նա նշեց, որ նախ աշխատակիցներից վերցրել են «Հայինկասացիա»-ից աշխատանքից ազատվելու դիմումներ, ապա վերցրել են երկրորդ դիմումը, որի համաձայն, ընդունվում են «Երևան ինկասացիա» ընկերություն աշխատանքի։
 
««Երևան ինկասացիա»-ն պատկանում է Խաչատուր Սուքիասյանին։ Այն պահին, երբ բոլորը ստորագրել են աշխատանքից ազատվելու դիմումները, պարզվել է, որ «Երևան Ինկասացիա»-ն չի իրականացնելու ինկասացիոն ծառայություններ։ Որպեսզի աշխատակիցների շրջանում բունտ չլինի, նախ աշխատակիցներին ասել են՝ «Հայինկասացիան» լուծարվում է, բայց դուք առանց աշխատանքի չեք մնա, կգաք «Երևան ինկասացիա»։ Բայց հենց վերջին մարդը ստորագրել է դիմումը, ասել են, «Երևան ինկասացիա» չկա»,- նշեց փաստաբանը։
 
Նրա խոսքով, աշխատակիցներին ասել են, որ 10-15 հոգու կընդունեն Սուքիասյանին պատկանող «Արարատ ինկասացիա», բայց դա խնդրի լուծում չէ։
 
Փաստաբանը նշեց, այս պահին ուսումնասիրում է փաստերը, մեկ երկու օրից հանդես կգա ծավալուն հայտարարությամբ ու ասելիքով։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը