Արարատ Միրզոյանը կողմ չէ ՍԴ անդամների նշանակման կարգի մասին ՀՀ նախագահի առաջարկին. «Գործող մեխանիզմը բավականին հաջող է». ՀԺ


Արարատ Միրզոյանը կողմ չէ ՍԴ անդամների նշանակման կարգի մասին ՀՀ նախագահի առաջարկին. «Գործող մեխանիզմը բավականին հաջող է». ՀԺ

  • 08-07-2020 15:35:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր ԱԺ-ում պատասխանեց լրագրողների հարցերին:
 
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախկին անդամների ՄԻԵԴ ներկայացրած գանգատին՝ Միրզոյանն ասաց, որ նրանք ունեին իրավունք դիմել եւ իրացրել են իրենց իրավունքը: ՄԻԵԴ-ը նրանց վերաբերյալ միջանկյալ որոշում կկայացնի, թե ոչ, Միրզոյանը դժվարացավ ասել:
 
Լրագրողները ԱԺ նախագահի կարծիքը հարցրին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այն հայտարարության կապակցությամբ, թե երկու տարիների ընթացքում նախագահն առաջադրել է ՍԴ անդամի թեկնածուներ, որոնց այս կամ այն պատճառով մերժել են նախկին եւ ներկա Ազգային ժողովները: Այս համատեքստում նախագահն առաջարկել էր հնարավոր լուծման հետեւյալ տարբերակը՝ ՍԴ անդամներից երեքին նշանակի Հանրապետության նախագահը, երեքին՝ Բարձրագույն դատական խորհուրդը, երեքին էլ՝ Ազգային ժողովը: 
 
Արարատ Միրզոյանը նախագահի հայտարարությունների կապակցությամբ նշեց. «Հանրապետության նախագահը երկու անգամ, եթե չեմ սխալվում, թեկնածու է առաջադրել, եւ Ազգային ժողովը չի ընտրել, եւ մեկ անգամ թեկնածու է առաջադրել, որ ԱԺ-ն ընտրել է: Գործող սահմանադրական կարգավորումներով դատարանակազմ մարմինները, այդ թվում եւ՝ նախագահը, թեկնածու են առաջադրում, ընտրությունը թողնված է Ազգային ժողովին, այսինքն՝ վարվել ենք այնպես, ինչպես նախատեսում է Սահմանադրությունը: Ցանկացած դատարանակազմ մարմնի առաջարկություն մենք էստեղ դիտարկում ենք, այնուհետեւ քվեարկությամբ համաձայնվում, կամ ոչ: Հիմա ինչը, որ առաջարկում է ՀՀ նախագահը, ենթադրում է նորից Սահմանադրության փոփոխություններ»: Արարատ Միրզոյանը նկատեց, որ այս պահին գործում է Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողով, եւ ՀՀ նախագահը իր առաջարկներով թերեւս բանավոր կամ գրավոր կերպով դիմի հանձնաժողովին:
 
Ինչ վերաբերում է ԱԺ լիազորություններից ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ընտրության հարցը հանելուն եւ դատարանակազմական մարմիններին նրանց անմիջապես նշանակելու հնարավորություն տալուն, այս կապակցությամբ ԱԺ նախագահն ասաց. «Ես կարծում եմ՝ գործող մեխանիզմը բավականին հաջող է»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը