Տեղական սերմարտադրողներին և ներկրողներին ներկայացվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը

09-07-2020 16:03:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 9-ին հանդիպում է կազմակերպել Հայաստանում աշնանացան ցորենի տեղական սերմարտադրողների և ներկրողների հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության պիլոտային ծրագրի
պայմանները, պետության կողմից տրամադրվող աջակցության սահմանաչափն ու ծրագրին մասնակցելու ընթացակարգը:
 
Ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։
 
«Այս ծրագրով մշակելիս նպատակ ենք ունեցել նպաստել մեր ֆերմերների վարքագծային փոփոխությանը, որ նրանք գիտակցեն բարձորակ սերմ օգտագործելու կարևորությունը, ավելի ամուր կապ հաստատվի ֆերմերի և տեղական սերմարտադրողի միջև,
ինչպես նաև կարողանանք ցույց տալ, որ այս ոլորտը նույնպես կարող է շահութաբեր լինել», - նշել է փոխնախարարը:  
 
Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ ծրագրին կարող են մասնակցել Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։
 
Նա հավելել է, որ այս մարզերի ընտրությունը ծրագրի իրականացման համար պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված մարզերում  ցորենի ցանքատարածությունները կազմում են Հայաստանի ընդհանուր ցորենի ցանքատարածությունների շուրջ 95%-ը:
 
Արման Խոջոյանը նաև տեղեկացրել է, որ տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ և ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։ 
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մարզային բաժինները տնտեսավրողներին կտրամադրեն ցորենի մշակության և ցանքաշրջանառության կիրառման վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն։
 
Ծրագրին մասնակցելու համար սերմերի վաճառք իրականացնողները՝ մատակարարները  պետք է մինչև հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և կնքեն հուշագիր, որի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը մինչև հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։ Սերմերի վաճառքը  կիրականացվի հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը։
 
Հանդիպման ընթացքում նաև նշվել է, որ ծրագրի շրջանակում սերմերի վաճառքն  իրականացվելու է բացառապես պայմանագրային հիմունքներով: Պայմանագրի օրինակելի ձևը առաջիկա օրերին կհրապարակվի նախարարության կայքում:
 
Իր խոսքում Արման Խոջոյանը նաև ընդգծել է, որ ծրագրի շրջանակում մատակարարները նույնպես  կարող են իրենց կողմից արտադրված և/կամ ներմուծված սերմերով ցանք կատարել և ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։
Արդյունքներով պայմանավորված` ծրագիրը կարող է շարունակվել նաև 2022 թվականին:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության 
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 417 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար