Կոտայքում ամենատարբեր ծրագրերով կմեկնարկեն 5 դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքներ


Կոտայքում ամենատարբեր ծրագրերով կմեկնարկեն 5 դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքներ

  • 10-07-2020 16:55:44   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կրթությունը Կոտայքի մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթություններից է և այս ոլորտում ևս շինարարական բուռն շրջանի մեկնարկ է սպասվում:
 
Եվ այսպես, մարզի 5 դպրոցներ այս տարի կկառուցվեն և կվերակառուցվեն  մի շարք  ծրագրերի շրջանակներում
 
Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց
Հրազդանի  թիվ 10 ավագ դպրոց
Կաթնաղբյուրի հիմնական դպրոց
Ջրառատի միջնակարգ դպրոց:
 
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում այս տարի Կոտայքի մարզում կապամոնտաժվեն և կվերակառուցվեն սեյսմիկ անվտանգության տեսանկյունից խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա 2 դպրոցներ`Աբովյանի թիվ 2 և Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցները:
Այս դպրոցները ճանաչվել են սեյսմավտանգ, ուստի ենթակա են քանդման և վերակառուցման: 
 
Վերակառուցումից հետո դպրոցները բավարարելու են ժամանակակից քաղաքաշինական և կրթական պահանջարկի բոլոր չափանիշներին, մասնավորապես՝ սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում: Նորակառույց դպրոցները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
 
Անդրադառնանք Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցին, որը 3-րդ աստիճանի վթարային է ճանաչված և արդեն պետական բյուջեի միջոցներով հիմնովին կքանդվի և կվերակառուցվի` նախատեսված շուրջ 600 աշակերտի համար. Ներկայում աշակերտների թիվը 345 է:
 
Դե իսկ, կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում նախատեսվում է 2020թ-ին  Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ:
Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես ուսումնական հաստատություններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ: 
 
Նշենք, որ Կաթնաղբյուր համայնքում արդեն դիտարկվել է այն հատվածը, որտեղ կկառուցվի նոր դպրոցի շենք, իսկ Ջրառատում մոդուլային դպրոցը նախատեսված է կառուցել գործող դպրոցի հարակից տարածքում:
Որոշ դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ընդունման մրցույթներն արդեն հայտարարված են:
 
«Մեր աշակերտները արժանի են կրթության իրենց իրավունքն իրացնելու բարեկարգ, լուսավոր և ընդարձակ դպրոցներում և այդ նպատակի իրագործման համար ներդնելու ենք առավելագույն ջանքերը», -նշել է Կոտայքի մարզպետը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play