Գագիկ Ծառուկյանի առաջարկը Նիկոլ Փաշինյանին. նա հրաժարվու՞մ է պահանջից


Գագիկ Ծառուկյանի առաջարկը Նիկոլ Փաշինյանին. նա հրաժարվու՞մ է պահանջից

  • 10-07-2020 17:10:13   | Հայաստան  |  Վերլուծություն

«Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ», ասում է հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հրապարակ թերթի միջոցով տարածած հայտարարության մեջ: Այդ հայտարարության մեջ Գագիկ Ծառուկյանը թվարկում է կառավարության 100 տոկոսի հրաժարականի պահանջի վերաբերյալ իր հայտնի ելույթի պատճառները՝ Հայաստանին սպասվող սոցիալական ծանր խնդիրները:
 
Միաժամանակ, ԲՀԿ նախագահը խոսում է այն մասին, որ Հայաստանում տարբեր պատճառներով կանգնեցված են իր մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր: Ծառուկյանը խոսում է նաեւ ՌԴ հետ հարաբերությունից, ասելով, թե լարված հարաբերությունը կխանգարի ներդրումներին:
 
Ահա այդ ամենի համատեքստում, նա հիշատակում է սոցիալական լարվածության մեջ գտնվող զանգվածի եւ իշխանության միջեւ կամուրջ լինելու մասին, այլ կերպ ասած՝ քաղաքական բուֆերի իր դերակատարման մասին, որ ունեցել է Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում:
 
Հատկանշական է, որ տարածած հայտարարության մեջ Ծառուկյանը չի կրկնում կառավարության 100 տոկոս հրաժարականի պահանջը, փոխարենը հիշեցնում է իր նախահեղափոխական՝ քաղաքական բուֆերի կարգավիճակը: Դա պայմանավորվելու առաջա՞րկ է վարչապետ Փաշինյանին: Հետաքրքիր է այն, որ նա խոսում է ներդրումային նոր, խոշոր ծրագրեր մշակելու մասին, ասելով, թե կառավարությունից չի ակնկալում աջակցություն, այլ, միայն, որ չխանգարեն:
 
Հատկանշական է այն, որ Ծառուկյանի հայտարարությունը տարածվում է վարչապետ Փաշինյանի ուղերձին զուգահեռ՝ ԱԽ նիստում ազգային անվտանգության ռազմավարության քննարկման առիթով: Այդ ուղերձում Նիկոլ Փաշինյանը չի արել ուղղակի անդրադարձ Ծառուկյանին, սակայն հայտարարել է, որ հայկական պետականության բացարձակ նպատակ է ինքնիշխանությունը եւ այն ուժերը, որոնք Հայաստանի ներքին կյանքում կփորձեն սպասարկել այլ երկրի շահ, կարժանանան հայ ժողովրդի մերժմանն ու լեգիտիմ կառավարության կոշտ հակազդեցությանը:
 
Ավելի վաղ ԱԺ ամբիոնից վարչապետ Փաշինյանը ունեցել էր ԲՀԿ հասցեին համանման, առավել թափանցիկ ակնարկի ելույթ: Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է լինել բուֆեր, ընդ որում ոչ միայն սոցիալական լարվածության հեռանկարի ու կառավարության, այլ նաեւ կառավարության եւ Ռուսաստանի միջեւ, դրա դիմաց ակնկալելով, որ Փաշինյանը հետ կկանգնի Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից դուրս մղելու մտքից, եթե իհարկե միտքն ավարտվի լոկ դրանով եւ ոչ թե նաեւ նրա բիզնես կայսրության ապամոնտաժումով:
 
Մյուս կողմից, Գագիկ Ծառուկյանը խոսելով ընդհատված ներդրումային ծրագրերից, միաժամանակ ասելով, որ մշակում է նոր խոշոր ծրագրեր եւ ակնկալում, որ չխանգարեն, արդյո՞ք հայտնում է այսպես ասած եղած տնտեսական դիրքերը զիջելու պատրաստակամություն, միաժամանակ նոր դիրքեր կառուցելու հնարավորության ակնկալիքով:
 
Վարչապետը կհրաժարվի՞ Ծառուկյանին քաղաքականությունից դուրս թողնելու նպատակադրումից, թե կոնսենսուս կարող է լինել միայն բիզնես դիրքերի հարցում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն