Բիլայնի աշխատողներին կրճատելու քննարկում մեզ մոտ չի եղել, նման որոշում չունենք․ Հայկ Եսայան


Բիլայնի աշխատողներին կրճատելու քննարկում մեզ մոտ չի եղել, նման որոշում չունենք․ Հայկ Եսայան

  • 10-07-2020 17:16:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Բիլայն» ընկերության աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են արել Հանրային ծառայությունները կագարավող հանձնաժողովի մոտ։ Նրանք բողոքում են «Թիմ» ՍՊԸ կողմից  «ՎԵՈՆ Արմենիա» (Բիլայն) ՓԲԸ 100 տոկոս փայաբաժինը գնելու դեմ։
 
«Թիմ» ՍՊԸ ղեկավար Հայկ Եսայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց կողմից Բիլայնը գնելուց հետո զանգվածային կրճատումներ չեն լինելու։ «Մեզ իրենց ներուժը պետք է, իրենք բանիմաց թիմ են, որ 30 տարի այդ ընկերությունը կերտել ու արարել են։ Մենք ընդամենն ասում ենք, որ մարդկային ռեսուրսի կարիք ունենք և վստահ ենք, որ միասին կարող են զարգացնել ընկերությունը»,- ասաց Հայկ Եսայանը։ Նա նշեց, որ «Թիմ» ընկերության մոտ 400 հոգանոց աշխատակազմն ընդամենը միացնելու են «ՎԵՈՆ Արմենիա»-ի աշխատակազմին, այնպես որ, մարդկանց մտահոգությունները տեղին չեն։
 
«Աշխատողներին կրճատելու քննարկում մեզ մոտ չի եղել, նման որոշում չունենք և նման կերպ չենք վարվելու։ Այդ ընկերությունը միշտ հասույթ է կորցրել, այսինքն՝ միշտ գնացել են կրճատումներ, վերցրեք և նայեք, թե վերջին 6-7 տարիներին իրենց աշխատակազմը ոնց է կրճատվել։ Մենք այսօր գնում ենք հակառակ պրոցեսով, ասում ենք՝ պետք է աշխատողներ ներգրավենք, որպեսզի կարողանանք հասույթները բարձրացնել և ունենալ ավելի լավ ծառայություններ։ Ես վստահ եմ, որ ինչ-որ ուժեր կան, որոնք հորդորում են մարդկանց նման կերպ մտածելու»,- հավելեց Եսայանը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն