«Հայկական դիրքերը շարունակում են հրետակոծվել․ չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»․ ՀՀ ՊՆ խոսնակ

Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպրշչիկին՝ ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում արձագանքելու ենք ըստ անհրաժեշտության` «ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»

13-07-2020 09:17:21   | Հայաստան  |  
Հուլիսի 13-ին ժամը 08-ի սահմաններում Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է․ «Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»։
 


Նա նաեւ տեղեկացրել է, որ «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»:
ՀՀ ՊՆ խոսնակը պարզաբանել է նաեւ, որ «Հայկական
զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները»։
 
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել։ Ինչպես տեղեկացրել էր Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով, «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել»:
 
ՊՆ խոսնակի փոխանցմամբ` հայկական կողմից կորուստներ չեն եղել: Ըստ Շուշան Ստեփանյանի,
նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում Ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից։
 
Ադրբեջանական լրատվամիջոցները մինչդեռ հաղորդում էին, որ հայկական Զինված ուժերն են խախտել հրադադարի ռեժիմը, և որ երկու կողմից էլ կորուստներ են եղել։
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1860 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար