Մնացականյան-Լավրով զրույց. ինչն է Երեւանը համարել բացարձակ անընդունելի


Մնացականյան-Լավրով զրույց. ինչն է Երեւանը համարել բացարձակ անընդունելի

  • 13-07-2020 18:18:58   | Հայաստան  |  Վերլուծություն

Հուլիսի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի առիթը եղել է ադրբեջանական սադրիչ գործողության հետեւանքով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության բռնկումը: Ինչպես հայտնի է, հայկական կողմը հետ է մղել ադրբեջանական սադրանքը, գրոհը հայկական դիրքերի վրա, ինչից հետո գրոհի կրկնվող փորձերի դեմ պատժիչ գործողությունը հանգեցրել է ադրբեջանական դիրքային կորստի: Բաքուն ունեցել է նաեւ մարդկային խոշոր կորուստ:
 
Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առկա իրադրությունն ու լարվածության հաղթահարմանն ուղղված հարցեր: Զուգահեռ հայտնի է, որ ՌԴ արտգործնախարարությունը տարածել էր մտահոգություն լարվածության կապակցությամբ եւ հայտնել այն հաղթահարելու միջնորդության պատրաստակամություն:
 
Արդյո՞ք դրա ֆոնին ՌԴ արտգործնախարարը Հայաստանի արտգործնախարարի հետ փորձել է քննարկել հնարավոր միջնորդության ասպեկտներ:
 
Համենայն դեպս, հատկանշական է զրույցի մասին Երեւանի տարածած հաղորդագրության մի պարբերություն. «ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով»:
 
«Բացարձակ անընդունելի» ձեւակերպումը իր տողատակում հատկանշական է, եւ ըստ ամենայնի առնչվում է որեւէ առաջարկի, որ Լավրովը քննարկել է Հայաստանի արտգործնախարարի հետ զրույցում, որպես միջնորդության այսպես ասած բովանդակություն: Ի՞նչ կարող էր առաջարկել Ռուսաստանի արտգործնախարարը, որը Հայաստանի համար եղել է փաստորեն «բացարձակ անընդունելի»: Արդյո՞ք Մոսկվան որպես լարվածության թուլացման քայլ Երեւանին առաջարկել է այսպես թողնել նոր զբաղեցրած դիրքը կամ դրա մի որոշակի հատված: Ըստ այդմ, Երեւանը բացարձակ անընդունելի է համարել հրադադարի վերականգնման որեւէ պայման եւ պնդում է առանց որեւէ նախապայմանի հրադադարի հաստատումը:
 
Իհարկե այդ ամենը «հիպոթետիկ» դիտարկման փուլում է, քանի որ զրույցի մանրամասներ հայտնի չեն: Մյուս կողմից, հետաքրքրության է արժանի հանգամանքը, որ սահմանային լարմանն անմիջապես արձագանքել է Թուրքիան, ինչը բավականին արտառոց երեւույթ է եւ վկայում է թերեւս տեղի ունեցածի խորքային մասշտաբի մասին: Կամ Բաքվի սկսած եւ հենց իր համար շատ վատ ավարտված սադրանքի հետեւում Թուրքիան է, կամ Թուրքիան համարում է, որ Երեւանի ուժգին եւ ասիմետրիկ պատասխանի հետեւում Ռուսաստանի հովանին է:
 
Ի դեպ այդ համատեքստում հատկանշական է, որ հուլիսի 13-ին ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը Թուրքիայի իրավունքն ու ներքին գործն է: Հատկանշական է, որ տաճարի շուրջ Էրդողանի մտադրությունը տեւական ժամանակ լինելով տարբեր երկրների քաղաքական քննադատության թիրախում, Մոսկվայից արժանանում էր լռության: Նախորդ շաբաթավերջին Էրդողանը ստորագրեց մզկիթի մասին որոշումը, եւ ահա հուլիսի 13-ին հնչում է ՌԴ գնահատականը, որ դա Անկարայի ներքին գործն է:
 
Արդյո՞ք Մոսկվան դրանով ակնարկում է նաեւ, որ Թուրքիան էլ չպետք է խառնվի այսպես ասած Կովկասում ռազմա-քաղաքական իրադրությանը, քանի որ դա էլ այսպես ասած Ռուսաստանի պատասխանատվության գոտին է: Մոսկվայի համար այստեղ կա իհարկե բավականին նուրբ խնդիր, քանի որ պատասխանատվության գոտու եւս մեկ լուրջ ապակայունացումը կարող է բերել հենց ՌԴ համար լուրջ աշխարհաքաղաքական ռիսկերի, որից խուսափելու միակ երաշխիքը կլինի Ադրբեջանի խոշոր պարտությունը: Մոսկվան, իհարկե, դա էլ չի ուզի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն