Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը եւ դիմել Սահմանադրական դատարան. ՀԺ


Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը եւ դիմել Սահմանադրական դատարան. ՀԺ

  • 14-07-2020 15:47:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

րեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործով այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց դատարանին կասեցնել գործի վարույթը եւ կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության հարցով դիմել Սահմանադրական դատարան։
 
Պաշտպանը նշեց, որ խոսքը 300․1-րդ հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալման մասին է, որը 2008 թվականին գործող օրենսդրությամբ որպես առանձին հոդված չի եղել, այլ եղել է 300-րդ հոդվածի՝ իշխանության յուրացման կազմում։ Առաջինը նա պայմանականորեն անվանեց նոր, երկրորդը՝ հին օրենք: Նշենք, որ այս հարցին պաշտպանական կողմը նախկինում էլ բազմիցս անդրադարձել է՝ դիրքորոշում հայտնելով այն մասին, որ 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելը որպես առանձին հանցագործություն չի եղել, եւ այժմ դրանով անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել չի կարող, քանի որ այն պարունակում է հին օրենքից բոլորովին տարբեր հանցակազմ, իսկ անձի վիճակը վատթարացնող նորմը հետադարձ ուժ չունի: Դատախազության դիրքորոշմամբ, սակայն, սահմանադրական կարգը տապալելը չի ապաքրեականացվել, պարզապես օրենսդրական փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքի մի հոդվածից տեղափոխվել է մեկ այլ հոդված՝ դառնալով առանձին, այլ ոչ թե նոր հանցագործություն:
 
Այսօրվա նիստին պաշտպան Կարեն Մեժլումյանը դարձյալ հիշեցրեց, որ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից հետո ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ կալանավորվել են, եւ նրանց մեղադրանք է առաջադրվել այդ պահին գործող օրենսգրքի 225-րդ, ինչպես նաեւ 300-րդ հոդվածով (այն է՝ պետական իշխանությունը յուրացնելը՝ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունները)։ Պաշտպանի խոսքով՝ դեռ այդ ժամանակ Եվրոպայի խորհուրդը ՀՀ-ի վերաբերյալ մի քանի բանաձեւեր էր ընդունել՝ խոսելով 300-րդ հոդվածի հստակ չլինելու մասին եւ պահանջելով հրաժարվել այդ հոդվածով մեղադրանքներից։ Ըստ նրա՝ 2009 թվականին ԱԺ նախագահի հրամանով նաեւ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ այդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու համար, եւ խմբի առաջ խնդիր է դրվել հաշվի առնել ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայով սահմանված չափանիշները եւ օրենքի իրավական որոշակիության սկզբունքի համապատասխանության հարցը։ Պաշտպանը շեշտեց, որ հին օրենքը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, եւ հենց այդ պատճառով նախաձեռնվել է նման գործընթաց․ «Սույն քրեական գործը քննելու եւ այս միջնորդությունը լուծելու համար դատարանը պետք է պատասխանի հետեւյալ հարցին․ հին օրենքը, այսինքն՝ 300-րդ հոդվածը, սույն գործով կիրառելի՞ է, թե ոչ, եթե այո, ապա այն համապատասխանո՞ւմ է իրավական որոշակիության պահանջին, թե՞ ոչ»,- ասաց նա։
 
Կարեն Մեժլումյանն ընդգծեց նաեւ, որ օրենսդրական փոփոխություններից հետո՝ 2009 թվականին, Մարտի 1-ի գործով այդ ժամանակ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը որոշել է, օրինակ, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը 300-րդ հոդվածով դադարեցնել, քանի որ նոր օրենքով սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր, իսկ անձի վիճակը վատթարացնող նորմը հետադարձ ուժ չունի, հետեւաբար նրա նկատմամբ այդ մասով քրեական հետապնդում չէր կարող իրականացվել։ Նա հիշեցրեց նաեւ, որ նոր օրենքը ընդունելուց հետո դատախազությունն է հրաժարվել 7-ի գործով ամբաստանյալներ Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Շանթ Հարությունյանի եւ մյուսների նկատմամբ նույն՝ 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում իրականացնելուց հանցակազմի բացակայության հիմքով։
 
Նոր օրենքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար ՍԴ դիմելու որոշում կայացվել էր դեռ նախորդ տարի՝ 2019 թվականի մայիս ամսին, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաեւ կասեցնել գործի վարույթը: Թեեւ դատարանի այդ որոշումը մեկ ամիս անց բեկանվել էր Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն դա չէր կասեցրել դիմումի քննությունը ՍԴ-ում: Միայն հուլիսին էր ՍԴ-ն սեփական նախաձեռնությամբ որոշել կասեցնել այն եւ դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եւ Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու, որոնց կարծիքները ստացվեցին վերջերս՝ հունիս եւ հուլիս ամիսներին: Պաշտպան Կարեն Մեժլումյանն ընդգծեց, որ ինքը եւ պաշտպան Հովհաննես Խուդոյանը բողոքարկել են Վերաքննիչ դատարանի՝ գործի կասեցումը բեկանելու որոշումը, եւ Վճռաբեկ դատարանն իրենց բողոքն ընդունել է վարույթ:
 
Մեժլումյանի ելույթից հետո նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրին նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը