Իտալիայից Հայաստան ժամանած ԱՀԿ բուժաշխատողների խումբն աշխատում է Covid-19-ի դեմ պայքարող հիվանդանոցներում


Իտալիայից Հայաստան ժամանած ԱՀԿ բուժաշխատողների խումբն աշխատում է Covid-19-ի դեմ պայքարող հիվանդանոցներում

  • 14-07-2020 16:25:05   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Իտալիայից Հայաստան է ժամանել 11 բուժաշխատող՝ մարդասիրական առաքելության շրջանակում աջակցելու Հայաստանի առողջապահական համակարգին։ 
 
Բուժաշխատողները Հայաստան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության շրջանակում և արդեն ավելի քան մեկ շաբաթ է աշխատում են հայաստանյան հիվանդանոցներում, որտեղ բուժում են ստանում Covid-19 ախտորոշում ունեցող պացիենտները։ Առաքելության աշխատանքն իրականություն է դարձել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ։ 
 
Մարիո Ռավիոլոյի գլխավորությամբ բուժաշխատողների խումբն անցկացնում է ուսուցողական դասընթացներ կորոնավիրուսային հիվանդության բուժման, հակաբիոտիկների օգտագործման և այլ հարցերի շուրջ։ Այս խմբի խնամքի տակ են նաև ծանր վիճակում գտնվող պացիենտներ։ 
 
«Հայաստան ժամանած պրոֆեսիոնալ թիմը ԱՀԿ-ի «Արտակարգ իրավիճակների արձագանքման բուժանձնակազմ» նախաձեռնության դասակարգման մեջ է։ Այդ նախաձեռնությունն ուղղված է մասնագետների համաշխարհային ցանցի ձևավորմանը, որը հնարավորություն է տալիս բժշկական օգնություն ցուցաբերել արտակարգ իրավիճակների ժամանակ»,- նշել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը։ Նրա խոսքով այդ մասնագետները  անցել են ԱՀԿ որակավորում ըստ նախապես սահմանված չափանիշների և տիրապետում են տարբեր երկրների առողջապահական համակարգերին աջակցելու անհրաժեշտ գործիքակազմին։ 
 
Նախատեսվում է, որ բուժանձնակազմը Հայաստանում կմնա երեք շաբաթ, այնուհետև էլ կշարունակի հայաստանյան բուժաշխատողներին աջակցել խորհրդատվությամբ և դասընթացներով։ 
 
Իտալացի բժիշկներին հետևել են գերմանացի և լեհ գործընկերները, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանին՝ կրկին ի պատասխան ԱՀԿ-ի համաշխարհային կոչին։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն