Հայկական ԱԹՍ կործանիչ հարվածը. Հայաստանի փաթեթային հաջողությունը

14-07-2020 18:23:06   | Հայաստան  |  Վերլուծություն

 

Պաշտպանության նախարարության մամուլի նախկին խոսնակ, ներկայումս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը Տավուշի սահմանի իրադարձությունների առնչությամբ հայտնել էր, որ առաջին անգամ մարտական գործողություններում կիրառվել են հայկական արտադրության հարվածային անօդաչուներ:
 


Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ ըստ ամենայնի դրանք կիրառվել են բավականին արդյունավետ եւ հենց դրա արդյունքն է նաեւ Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարների խոցումը:
 
Գործնականում, Տավուշի սահմանին ծավալվող իրադարձությունները ոչ միայն հայկական ռազմական մտքի, մարտավարության ու ռազմավարության, կամքի ու խիզախության, այլ նաեւ հայկական ռազմարդյունաբերության հիանալի դրսեւորում են:
 
Դա հույժ կարեւոր հանգամանք է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմա-քաղաքական
իմաստով, որովհետեւ գործնականում չափազանց բարդ է պատկերացնել ռազմա-քաղաքական արդիական գործոն, առանց ռազմարդյունաբերության սեփական էական բաղադրիչի: Հայաստանի պարագայում, ռազմա-քաղաքական գործոնի առումով դա թերեւս այն պակասող բաղադրիչն է, որը փաստորեն լրացվում է եւ այն անցնում է իր մարտական մկրտություն-փորձարկումը:
 
Ի վերջո, ռազմարդյունաբերության ապագայի համար մարտական փորձարկումները ունեն առանձնահատուկ նշանակություն, քանի որ քիչ չեն մեծ վարկ ունեցող զինատեսակները, որոնք սակայն մարտական իրական պայմաններում գործածության մեջ «հեղինակազրկվում» են զգալիորեն: Այդ իմաստով, Տավուշի սահմանային ռազմական գործողությունները, որտեղ հայկական կողմը, հետ մղելով ադրբեջանական ագրեսիան, փորձում է լուծել ռազմավարական նշանակության խնդիրներ, խոշոր հաշվով հայկական ռազմա-քաղաքական համալիր, հայեցակարգային, փաթեթային հաջողություն են:
 
Այդ տեսանկյունից, ի դեպ, ինչպես ունեցել էի նշելու առիթ Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը. նոր աշխարհակարգը հաստատվում է հոդվածում, Տավուշում տեղի ունեցող իրողությունները ձեւով հայ-ադրբեջանական հակամարտության շղթայի հերթական ռազմական օղակ լինելով, խորքային բովանդակությամբ գործնականում արտացոլում են այդ գործընթացի տրանսֆորմացիան աշխարհակարգային վերափոխումների փուլում:
 
Այդ համատեքստում ի դեպ հատկանշական է, որ Հայաստանում ԱՄՆ
դեսպանն օրինակ օրերս այցելել էր ոչ միայն Հայաստանի ՊՆ, այլ նաեւ Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը դե ֆակտո ռազմարդյունաբերության առանցքի նախարարությունն է, որտեղ խոսվել էր ներդրումային հետաքրքրության մասին:
 
Տավուշում հայկական ԱԹՍ-ները թերեւս բարձրացնելու են Հայաստանի հանդեպ աշխարհաքաղաքական հետաքրքրության ոչ միայն աստիճանը, այլեւ որակը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2744 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար