Հայաստանը հանդիասնում է Արցախի անվտանգության երաշխավորը, պատերազմը տարբերակ չէ. Մնացականյան

15-07-2020 18:46:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով` Հայաստանն ունի պաշտպանվելու կարողություն, բայց խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի: Այս մասին Մնացականյանն ասել է «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում:
 


Մնացականյանը նշել է, որ հուլիսի 12-ից սկսած՝ վերջին օրերին եղավ շատ վտանգավոր զարգացում, երբ ադրբեջանական ուժերի կողմից մեծ տրամաչափի հրետանու կիրառմամբ փորձ արվեց ներթափանցելու հայկական տարածք Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ դրանով իսկ ավելացնելով լարվածության վտանգը, որն այժմ կա:
 
«Ներկայումս առաջնահերթություն են լարվածության նվազեցման փորձերը: Սա այն է, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք, սա այն է, ինչի շուրջ մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի
կազմում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Սա է ներկայիս առաջնահերթությունը: Մենք ունենք լարվածության նվազեցման կարիք: Հայաստանն ունի պաշտպանվելու կարողություն, Հայաստանը հանդիասնում է Արցախի անվտանգության երաշխավորը, պատերազմը տարբերակ չէ: Խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի: Մենք շարունակում ենք հանձնառու լինել վերջինիս և կաշխատենք իրադրության լիցքաթափման և այնպիսի միջավայրի ձևավորման ուղղությամբ, որն օգնում է խաղաղությանը և նպաստում է բանակցային գործընթացին»,- ասել է նախարարը:
 
Արտաքին գործերի նախարարը բավական հուսադրող է որակել այն, որ մոտ 12-14 ժամերի ընթացքում, հայ-ադրբեջանական սահմանին առկա է հարաբերական
անդորր:
 
«Մենք մշտական կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, Ռուսաստանի և մյուս գործընկերներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Մենք փորձում ենք գտնել այն ձևը, որը հնարավորություն կընձեռի պահպանելու այս հարաբերական անդորրը և վերահաստատելու հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994թ.-ին և այդ ժամանակվանից ի վեր լիարժեք ուժի մեջ է. փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից: Եվ այժմ հրադադարի ռեժիմի լիարժեք վերականգնումը մեր առաջնահերթությունն  է»,- նշել է Մնացականյանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 384 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար