ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ

15-07-2020 18:56:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով:
 


Այդ հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլև Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը և նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի ‹‹պատմական առաքելության›› վկայակոչմամբ:
 
Պատմական առաքելության և էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն
իսկ ապակայունացրել է իրավիճակը  հարևան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին:
 
Պետք է արձանագրել, որ 21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների և Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա:
 
Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որևէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում:
 
Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային և միջազգային համագործակցություն:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 438 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար