Մեկնարկել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագիր» նախաձեռնությունը


Մեկնարկել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագիր» նախաձեռնությունը

  • 16-07-2020 14:00:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տեսազանգի միջոցով հուլիսի 15-ին ազդարարել են «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» մեկնարկը։
 
Նախարար Խաչատրյանը, ողջունելով նախագծի մեկնարկը, նշել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը թե՛ նախկինում, թե՛ ներկայում խիստ արդյունավետ է, մասնավորապես գյուղատնտեսության, փոքր ու միջին ձեռներեցության, զբոսաշրջության ոլորտներում իրականացված ծրագրերը հասցեական են և ճկուն։ Շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունեք վերաձևակերպելու ձեր աջակցության շրջանակը՝ առավել ճշգրիտ համապատախանեցնելու ձեր գործողությունները մեր կարիքներին համավարակով պայմանավորված խնդիրների համատեքստում, քանի որ տնտեսությունում իրավիճակն օր-օրի է փոխվում։ Մեկտեղելով մեր ջանքերը՝ կարող ենք մասնավոր հատվածում առկա խնդիրները քննարկել և դրանց համապատախասն օպերատիվ լուծումներ գտնել»։ 
 
Հանդիպման ընթացքում նշվել է, որ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի»  նպատակն է բարելավել առևտրի, ներդրումների համար անհրաժեշտ միջավայրը և խթանել տնտեսական մրցակցությունը, ինչը կնպաստի ավելի ներառական և կայուն տնտեսական աճին, կդարձնի Հայաստանն ավելի  ինքնաբավ և տնտեսապես անվտանգ։ 
 
 «ԱՄՆ ՄԶԳ-ն ուրախ է հայտարարել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» մեկնարկը:  Այս նախագիծը մեզ հնարավորություն կտա շարունակելու աջակցել Հայաստանին՝ ունենալու կայուն տնտեսություն առավել նպաստավոր գործարար միջավայրի շնորհիվ:  Մենք անհամբեր սպասում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ մեր հաջող համագործակցությանն այս ծրագրի շրջանակում՝ հետագայում ներգրավելով կառավարությանը, մասնավոր հատվածին և այլ համապատասխան շահառուներին այնպիսի հարթակների միջոցով, որոնք տրամադրում են պատշաճ իրազեկում օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ և ստեղծում պետություն-մասնավոր արդյունավետ խորհրդատվության խողովակներ», - վիրտուալ հանդիպման ընթացքում ասել է  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը։ 
 
Հենվելով «թավշյա հեղափոխությամբ» պայմանավորված առաջընթացի և կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգի վրա՝ նախաձեռնությունը կնպաստի գործարար  միջավայրի բարելավման ուղղությամբ այնպիսի փոփոխությունների իրականացմանը, որոնք կխթանեն մասնավոր հատվածի մրցունակությունը միջազգային ասպարեզում, կբարելավեն  ներքին մրցակցությունը,  կընդլայնեն և  կբազմազանեցնեն առևտուրը:  Բարելավված գործարար միջավայրը կօգնի ներգրավել նոր ներդրումներ, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացում ապահովելու գործում:                                                                                                                                                                                                                                                                                                                           
Հանդիպման մասնակիցները նշել են, որ այս նախաձեռնության շրջանակում կաջակցեն ՀՀ կառավարության ծրագրի իրականացմանը և կնպաստեն մասնավոր հատվածի տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։ 
 
Ծրագրի տևողությունը երկու տարի է։ Այն կիրականացվի ԱՄՆ ՄԶԳ կապալառու՝ Միջազգային Զարգացման Խմբի կողմից։ ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի ՀՀ կառավարությանը՝ տնտեսական վերականգման ծրագրերի շուրջ որոշումները կայացնել փաստահենք տվյալների հիման վրա։  
Հանդիպման մասնակիցները քննարկել են ծրագրի իրականացման հետագա քայլերը, շահառու խմբերին թիրախավորելու մանրամասները և պայմանավորվել «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի» շուրջ հետագա գործակցության վերաբերյալ։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության 
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն