Ասում են էստեղ քիմիան ստանա, նստի գազելը, գնա Երևան, ճառագայթ ստանա. օպտիմալացվում է Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը. ՀԺ


Ասում են էստեղ քիմիան ստանա, նստի գազելը, գնա Երևան, ճառագայթ ստանա. օպտիմալացվում է Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը. ՀԺ

  • 16-07-2020 14:46:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արդեն երկու օր է Գյումրու ուոռուցքաբանական դիսպաներում լարված մթնոլորտ է: Ստացվել է կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է փակել դիսպանսերի ճառագայթային ծառայությունը, տեղափոխել Երևան, իսկ վիրաբուժական և թերապիայի ծառայությունը կենտրոնացնել «Գյումրի» բկ-ում՝ 10-12 մահճակալով:
 
Դիսպանսերի տնօրեն Վալերի Շիրինյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, սա անթույլատրելի գործողություն է, քանի որ ուռուցքային հիվանդություն ունեցող մարդը դիսպանսերում ստանում է համալիր բուժում, այսինքն միաժամանակ և քիմոթերապիա, և ճառագայթ:
 
«Հիմա առաջարկում են էստեղ քիմիան ստանա, քիմիայից հետո էդ ծանր վիճակով նստի գազելը գնա Երևան, ճառագայթը ստանա, գա քիմիան ստանա, հետո նորից գնա: Եղավ որ ոչ մեկն էլ չի կարողանալու: Ով հնարավորություն ունի, կգնա Երևան ընդհանրապես, ով էլ չէ, ստիպված պետք  է համակրեպվի  իր ճակատագրի հետ, մնա տանը սպասի Աստծո ցանկությանը»,-ասաց Շիրինյանը:
 
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լեյլի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, տեղյակ է նախագծից էլ, դրանում առկա հիմնավորումներից էլ: Ավելին, ըստ Ասլանյանի, ճառագայթային բուժման կարիք ունեցող հիվանդները, բացառությամբ մաշկի քաղցկեղ ունեցողների,  հիմա էլ են գնում Երևան, քանի որ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի ԱԳԱԹ Ռ1 ճառագայթային սարքը սարքը չի գործում արդեն 25 տարի:
 
Այն վերջին անգամ վերալիցքավորվել է 1995 թվականին: Եվ վարչության պետը, և դիսպանսերի տնօրենը փաստում են, գրեթե ամեն տարի մի քանի անգամ դիմել են առավարությանն այդ խնդրի լուծման համար: Տեղաշարժ չի եղել:Պատճառների մասին յուրաքնչյուրն իր տեսակետը ներկայացրեց:
 
«30 տարի կրկնում եմ խնդրանքն ու ստանում նույն պատասխանը. Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի ճառագայթային սարքավորման համար գումար նախատեսված չէ: Տարին 20 անգամ դիմում  եմ, 100.000 դոլարի մասին է խոսքը, որը պետության համար ես համարում եմ չնչին գումար, որով պետք է կյանք փրկել»,-ասաց Շիրինյանը:
 
Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, կառավարությունն այլ իմնավորում ունի: Դեռ 2019 թվականին, ՀՀ-ում այս ոլորտում ուսումնասիրություններ են իրականացրել միջազգային տարբեր կառույցների մասնագետները, մասնավորապես ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության, քաղցկեղի հետազոտման միջազգային  գործակակալության և ԱՀԿ մասնագետները: Նրանք նաև Գյումրու դիսպանսերում են եղել, որտեղ աշխատանքը գնահատվել է անբավարար, ճառագայթային բուժման համար օգտագործվող սարքավորումները՝ շատ հին:
 
«Բնականաբար, այդ սարքի լիցքավորումը բուժհաստատությունը իր ֆինանսի հաշվին չի կարող անել, դա պետք է փոխհատուցի կառավարությունը, պետությունը, պետությունն էլ հաշվի առնելով  միջազգային կառույցների ուսումնասիրությունները, որոշել է, որ ճառագայթային բուժումը կկենտրոնացվի Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական   կենտրոնում»,-ասաց Լեյլի Ասլանյանը:
 
Սարքերից բացի, ըստ Ասլանյանի, ուռուցքաբանական դիսպանսերում այլ խնդիր էլ է արձանագրվել: Այնտեղ չի գործում անհետաձգելի, ռեանիմացիոն շուրջօրյա ծառայություն: Մշտապես ծանր, ծայրահեղ ծանր օնկոհիվանդներն այդ ծառայությունը ստացել են «Գյումրի» ԲԿ-ի ռեանիմացիան բաժանմունքում: Հիմա նախագծով դա առաջարկվում է որպես մշտական ծառայության իրականացում, որը հիվանդների համար հասանելի կլինի շուրջօրյա:
 
Սարքերի մասին ասելիքը չունի, սակայն նախագծում առկա կետերը, ըստ որոնց ուռուցքաբանական դիսպանսերը չունի համապատասխան շենքային պայմաններ, բացակայում է ջեռուցումն ու նորոգված չէ, ըստ տնօրենի իրականությանը չեն համապատասխանում:  Վալերի Շիրինյանը պնդում է, որ վերջին տասնամյակում որևէ պաշտոնյա ու պատասխանատու անձ չի եղել դիսպանսերում, առավելևս իրենց շենքային պայմաններով ու սարքավորումներով չեն հետաքրքվել:
 
«Արդեն ավարտում ենք ախտորոշիչ բաժանմունքի վերանորոգումը, իսկ անցյալ տարի ամբողջ շենքը  ջեռուցման համակարգով ենք ապահովել: Իսկ կառավարության նախագծով ասում են շենքում ջեռուցում չկա, հիվանդանոցն անմխիթար վիճակում է:
 
Ոչ եկել են, ոչ տեսել, 30 տարի աշխատել եմ, նախարարությունից մի հոգի երբեք չի եկել, չի տեսել, թե ոնց ենք աշխատում, ինչ ենք անում, ինչպես ենք շնչում: Հիմա ես խնդրում եմ, թող բոլորը գան ու տեսնեն, թե մենք ինչ պայմաններ ունենք:
 
Ես էստեղ ճառագայթային բաժանմունքն եմ վերանորոգում հենց հիմա, և վստահ կարող եմ ասել, որ Շիրակի մարզում նման վերանորոգված բուժհաստատություն չկա»,-պնդեց Շիրինյանը:
 
Ներկայացված նախագիծն անկախ ուսումնասիրություններից, նաև ուղիղ կապ ունի կառավարության 2006 թվականին 19/11N որոշման հետ, որով նախատեսվում է իրականացնել մարզային առողջապահական բուժհաստատությունների օպտիմալացում:
 
Այն փուլային տարբերակավ արդեն իրականացվել է Շիրակի մարզում, և դիսպանսերի օպտիմալացումը վերջին երրորդ փուլի քայլերից մեկն է: Նույն ծրագրով Գյումրի ԲԿ-ում են կենտրոնացվելու ն Գյումրու ծննդատան և   ախտաբանաանատոմիական լաբորատորիան (Գյումրու դիահերձարան):
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը