Վարչապետն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

16-07-2020 17:37:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: 
 


Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի ղեկավարների միջև առկա է երկխոսության բարձր մակարդակ, երկու երկրներն ու ժողովուրդներն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք ամուր հենասյուն են դրանց շարունակական զարգացման և առկա ներուժի լիարժեք իրացման համար: 
 
Վարչապետը կարևորել է ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում բաց երկխոսությունն ու վստահելի գործընկերությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ս.թ. հուլիսի 12-ից սկսած և մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանային դիրքերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և ընդգծել այս առնչությամբ Հայաստանի՝ ՀԱՊԿ գծով գործընկերների  կառուցողական դիրքորոշման կարևորությունը: 
 
Ինչ վերաբերում
է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը, այս ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, առկա է տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ, հագեցած օրակարգ, և հետևողական աշխատանքը թույլ կտա իրապես ավելացնել փոխադարձ ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալները: 
 
Բելառուսի դեսպանը երախտագիտություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատանքի համար և նշել, որ ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկու երկրների կապերը սերտացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ այս ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալն աճել է ավելի քան 2 անգամ, ինչը խոսում է փոխգործակցության դրական դինամիկայի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: Դեսպանն անդրադարձել է ընթացիկ և հեռանկարային ծրագրերին՝ գոհունակությամբ խոսելով Սևանա լճի ափամերձ շրջակայքում հայ-բելառուսական անտառի հիմնման մասին, որի շուրջ աշխատանքը շարունակվում է: Նա նաև կարևորել է առաջիկայում հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը: 
 
Իգոր Նազարուկը նշել է, որ Հայաստանն ու Բելառուսն ունեն արդյունավետ քաղաքական երկխոսություն և զարգացող գործընկերություն ինտեգրված միավորումների շրջանակում: Նա անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակում երկու երկրների փոխգործակցությանը և այս առումով կարևորել առաջիկայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը: 
 
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ և դատապարտելի համարել էսկալացիան:  
 
Զրուցակիցները փոխանակվել են նաև կորոնավիրուսային վարակի տարածման դեմ
պայքարի, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ ու փորձով՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակային ճգնաժամը: 
 
Բելառուսի դեսպանն իր հարգանքն ու սերն է հայտնել Հայաստանի, հայ ժողովրդի, մեր հարուստ մշակույթի նկատմամբ և նշել, որ ջերմությամբ կհիշի մեր երկրում դիվանագիտական առաքելության տարիները: 
 
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Նազարուկին ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ նա կմնա Հայաստանի ու հայ ժողովրդի լավ բարեկամը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 421 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար