«Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro հարթակը հատել է եզրագիծը․կազմակերպիչները գոհ են արդյունքներից


«Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro հարթակը հատել է եզրագիծը․կազմակերպիչները գոհ են արդյունքներից

  • 18-07-2020 13:37:38   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հատեցին եզրագիծը։ Կազմակերպիչները գոհ են առցանց անցկացված միջոցառումների անցկացումից։ 
 
«Առցանց միջոցառումների կազմակերպումն ունի իր դժվարություններն ու խնդիրները, ու միշտ վախ կա, որ որևէ նամակ չի հասել, ժամային գոտին խառնվել է, ինչ որ մասնակիցներ չեն գա և այլն: Շատ ուրախ եմ փաստել, որ նմանատիպ խնդիր տեղի չունեցավ, պլանավորված բոլոր միջոցառումներն անցկացվեցին, չեղան ինտերնետային խափանումներ և այլն: Ու թեև շուկան մեծ չէր, ինչպես Ռոտերդամում կամ Կաննում, սրա անցակացումն անչափ կարևոր էր երիտասարդ ռեժիսորների համար, ովքեր չեն կարողանում աշխատել իրենց ֆիլմերի վրա ստեղծված պայմանների պատճառով: Թեև կարճատև, թեև առցանց, նրանք կարողացան գնահատական լսել իրենց նախագծերի վերաբերյալ, ինչը, բնականաբար կօգնի նրանց շարունակել աշխատանքը»,-նշում է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։
 
Նրա խոսքով՝ առցանց կազմակերպված GAIFF Pro-ի համար Փոքր Կովկաս տարածաշրջանից ընտրվել էին 16 կինոնախագծեր, որոնցից 4-ը Հայաստանից: Անցնելով ինտենսիվ դասընթացներ մինչ շուկայի սկսկելը` երիտասարդ ռեժիսորներն ունեցան անհատական հանդիպումներ մի շարք միջացգային մասնագետների հետ, մասնակցեցին հայտնի ռեժիսորներ Ատոմ Էգոյանի և Ալլա Քովգանի, պրոդյուսեր Մարտին Հագեմանի մենթորական հանդիպումներին: 
Տեղի ունեցան նաև աշխատանքային փուլում գտնվող փուլերի փակ և առցանց ցուցադրություններ, իսկ ժյուրին, որտեղ ներգրավված էին մասնագետներ Ֆրանսիայից, Բելգիայից և Գերմանիայից, որոշում կայացրեց մրցանակը շնորհել «Ռոման և ուխտապանը» (ռեժ. Իրակլի Մետրևելի) վրացական նախագծին:
 
«Շատ ակտիվ անցան նաև 11 զրույցներն ու քննարկումները, որոնք հեռարձակվում էին նաև փառատոնի և GAIFF Pro-ի ֆեյսբուքյան էջերում: Թեմաները բազմազան էին և հետաքրքիր բոլոր մասնագետներին: Թերևս կարող ենք առանձնացնել Ատոմ Էգոյանի հանդիպումը վրացի երիտասարդ ռեժիսորների հետ, որի ընթացքում մասնակիցները փորձում էին զուգահեռներ անցկացնել Ատոմ էգոյանի «Օրացույց» և վրացի ռեժիսոր Կեկո Չելիձեի «Մահացած հոգիների արձակուրդը» ֆիլմերի միջև: Ուշադրության էր արժանի նաև Կինոժառանգության վերականգնման և պահպանմանը նվիրված քննարկումը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի մասնագետներ, ովքեր ակտիվորեն ներգրավված են կինոժառանգության պահմանպան գործում: Զրույցը վարում է Դանիել Բըրդը, ով զբաղվում է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի վերականգնմամբ: Մյուս կարևոր զրույցը վարում է ֆրանսիացի Պիեր Սիմոն Գուտմանը, որ ֆիլմերի համագրող է Կաննի փառատոնում և պատմում էր, թե ինչպես են մեծ փառատոնների ընտրություններն ազդում երիտասարդ ռեժիսորիների կարիերաների վրա»,-նշում է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։
 
Մյուս հանդիպումները նվիրված էին ֆիլմերի համար ֆոնդերի հայթհայթմանը, որին մասնակցում էին Եվրոպայի ամենամեծ փառատոնների և ֆոնդերի ներկայացուցիչները, հատուկ զրույց էր վարում հանրահայտ Ադա Սոլոմոնը, ում արտադրած ֆիլմերն արժանացել են մրցանակների հնարավոր բոլոր փառատոններում: Այս քննարկումների և զրույցների մեծամասնությունը դեռևս հասանելի կլինի փառատոնի ֆեյսբուքյան էջում ևս մի շաբաթ:
 
Սոնա Կարապողոսյանի խոսքով՝ կարևոր էր այն փաստը, որ չնայած համավարակին, թիմը փորձեց պահել ծիրանյան շունչը Երևանում ու խոստանալով բոլորին շատ շուտով հանդիպել ու վայելել արևոտ Երևանը:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ