Բաքվում մղձավանջային վիճակ է․ ադրբեջանցիների և դաշնակիցների ձախողված պլանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Բաքվում մղձավանջային վիճակ է․ ադրբեջանցիների և դաշնակիցների ձախողված պլանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-07-2020 14:37:41   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Lragir.am-ը գրում է․Տավուշի սադրանքը չնայած ամենալուրջ միջադեպն էր ապրիլյան պատերազմից հետո, իրականում այն տեղային բնույթ ուներ։ Բայց Ադրբեջանի տակ հողն այնքան երերուն է դարձել, որ անգամ նման տեղային միջադեպը ցնցել է Ադրբեջանի ու Թուրքիայի հիմքերը։ Հետցնցումները դեռ շարունակվում են, եւ Բաքուն ավելի է խրվում իր փլատակաների տակ։
Առաջին հարվածն ադրբեջանցի բարձրաստիճան սպաների, այդ թվում՝ գեներալի ոչնչացումն էր։ Բաքվում հասկացան, որ ժամանակները, երբ կարելի էր զանգել Մոսկվա, իսկ այնտեղից էլ զանգեին Հայաստանի ԱԳՆ, անցել են։ Հիմա հարկ է լինելու հայերի հետ խոսել ուղիղ, եւ հայերը միշտ չէ, որ կապի մեջ են։
Հետո պարզվեց, որ այդքան գովերգված ԱԹՍ-երը, որոնք ապրիլյան պատերազմի ժամանակ տհաճ անակնկալ էին հայերի համար, արդեն վախենալու չեն։ Խփվել է մեկ տասնյակից ավելի ԱԹՍ, այդ թվում՝ 30 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք դրոն։
Չստացվեց նաեւ Բաքվի այն հաշվարկը, որ հայերը կհարվածեն գազամուղերին, որոնցով ադրբեջանական գազը պետք է հոսի Եվրոպա։ Ադրբեջանն ու Թուրքիան հույս ունեին ահաբեկել Եվրոպային ու ստիպել, որ Հայաստանի դեմ պատժամիջոցներ ընդունեն։
Չստացվեց նաեւ ադրբեջանական գլխավոր շտաբի խորամանկ ծրագիրը, որով Հայաստանը պետք է օգնության դիմեր ՀԱՊԿ-ին, Ռուսաստանը միջամտեր, իսկ Թուրքիան հնարավորություն ստանար զորք մտցնել Ադրեջան։
Այդ անհաջողություններից հետո երկրորդ ցնցումը եղավ, երբ Ալիեւը սեփական դիվանագետներին դավաճան անվանեց ու հեռացրեց արտգործնախարարին, որն աչքի էր ընկնում դիվանագիտական զսպվածությամբ եւ հիմարություններ չէր խոսում «հին Ադրբեջանի ու էրեւանի» մասին։ Ադրբեջանն այս հարցում էլ է մերկ՝ պարզվում է Բաքվում այս բոլոր տարիներին սեփական դիվանագիտություն չի եղել, եւ մերկությունը ծածկել է Մոսկվան։
Մեկ այլ հետցնցում էլ եղավ, երբ Ալիեւը խոստովանեց, որ փողոց դուրս եկած մի քանի հազար մարդկանցից միայն 150 հոգի է կամավորագրվել։
Հերթական հարվածը ստացվեց միջազգային ասպարեզում։ Անգամ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ աջակցություն չստացավ այն երկրներից, որոնք իրենց Բաքվի դաշնակիցն են անվանում։ Ավելին, ԱՄՆ Կոնգրեսում կարող է քննարկվել Ադրբեջանին ռազմական հատկացումների դադարեցման հարցը, ինչը Բաքվում ընկալել են որպես իսկական մղձավանջ։
Բայց Բաքուն ամեմամեծ հարվածն ստացավ Հայաստանի ատոմակայանին հարվածելու հիմար սպառնալիքներից հետո։ Այստեղ արդեն անգամ նրանք, ովքեր աջակցում էին Ադրբեջանին, սկսեցին մատը պտտել քունքին՝ մի՞թե Բաքվի վարչակազմի մոտ ամեն ինչ այդքան լուրջ է։
Այդ ժամանակ էլ Ադրբեջանը պատերազմը տեղափոխեց «ծիրանային» շուկա՝ նախ տարածվեցին կադրեր, թե ինչպես են ադրբեջանցիները տրորում ծիրանները, հետո հայտնի դարձավ, որ մոսկովյան շուկան, որի տերն ադրբեջանական հրեաներ են, չեն ընդունել հայկական բեռնատարները։ Մոսկվայի հայերն էլ հավաքվեցին ու գնեցին ծիրանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նիստին հայտարարեց, որ Ադրբեջանը սադրանքի է դիմել, եւ հավաքվածներից ոչ ոք չվիճարկեց դա։ Դրանից հետո Բաքվում սկսեցին վրդովվել բարեկամ Ղազախստանի «լռությամբ»։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն էլ հաստատել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ թե օգնության է դիմել, այլ միայն իրազեկել է իրավիճակի մասին, իսկ Ադրբեջանում կարող է ամբողջական իշխանափոխություն տեղի ունենալ, ընդհուպ մինչեւ նախագահ։
 
1in.am-ը գրում է․
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում լարվածության շաբաթվա ընթացքում, նաև մինչ այժմ քննարկվող և բարձրաձայնվող հարցերի շարքում է այն, թե Ադրբեջանն ինչո՞ւ լարվածության գնաց հենց Տավուշի ուղղությամբ, այլ ոչ թե Արցախի: Չէ՞ որ Տավուշը ՀՀ սահման է, այսինքն՝ միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտի սահման, միաժամանակ նաև ՀԱՊԿ ֆորմալ պատասխանատվության գոտի: Այսինքն՝ «գլխացավանքն ու աղմուկը» ավելի շատ է, և ուրեմն՝ ինչո՞ւ Տավուշ և ոչ՝ Արցախ:
Անկասկած է, որ պատճառներն ու մոտիվները կլինեն շատ, և պետք չէ փնտրել հենց մեկը: Միևնույն ժամանակ, նորություն չէ, որ Բաքուն լարվածություն հրահրել է ոչ միայն, ոչ միշտ Արցախում, այլ նաև հենց Հայաստանի սահմանին, այդ թվում՝ Տավուշում: Ավելին, եղել են թերևս առավել լարված ժամանակներ: Հարցադրման խորքային պատասխանը թերևս այն է, որ լարվածության, այսպես ասած, ուղղությունը խոսում է այն մասին, թե ինչպիսի ռեգիոնալ ռազմաքաղաքական կամ աշխարհաքաղաքական համատեքստ ունի տեղի ունեցողը:
Ըստ այդմ՝ Տավուշի ուղղության ընտրությունը վկայում է, որ Ադրբեջանի սադրանքը առնչություն ունի Ռուսաստանի հետ, և Բաքուն թիրախն ընտրել է այդ հաշվարկով: Իհարկե, միաժամանակ հարց է, թե արդյոք թիրախն ընտրել է Բաքո՞ւն, թե՞ դա եղել է Անկարայի ցուցումը: Դա ևս քննարկելու հարց է, որովհետև հնարավոր է Ռուսաստանի վրա ճնշման փորձ Թուրքիայից:
Միևնույն ժամանակ, բոլորովին պետք չէ բացառել և այն, որ ադրբեջանական սադրանքը ունի ոչ միայն երրորդ կողմ կամ ավելի շուտ՝ ոչ մեկ երրորդ կողմ, այլ հնարավոր է, որ նույնիսկ եռակողմ է: Եվ, որքան էլ տարօրինակ հնչի, երրորդ կողմը կարող է լինել Ռուսաստանում: Ոչ Ռուսաստանը, այլ Ռուսաստանում, բայց բավականին ազդեցիկ կողմ, որը գուցե ներկայումս պայքարում է ՌԴ իշխանական համակարգում տեղի ունեցող տրանսֆորմացիոն գործընթացում իր դիրքի և տեղի համար: Հայաստանն այդ գործում կարող է խանգարել Ռուսաստանում շատերին, մասնավորապես այն շրջանակներից, որոնք ներռուսական կյանքում իրենց դիրքի և ազդեցության համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով բավականին շահեկան նախագիծ էին դարձրել Հայաստանի ռազմաքաղաքական ենթակայության միտքն ու հանգամանքը:
Բանն այն է, որ այդ հանգամանքը բնականաբար ստանում էր ռեգիոնալ լայն ընդգրկում, իսկ Կովկասը կենսական ռեգիոն է Ռուսաստանի և առանցքային ռեգիոն՝ աշխարհաքաղաքականության համար: Ռուսական ազդեցիկ մի շարք շրջանակներ բավականին բացահայտ կերպով են գրոհում Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո ամրապնդվող ինքնիշխանության դիրքերը, չափազանց ագրեսիվ կերպով են փորձում Կրեմլում ստանալ հակահայկական նոր որոշումներ: Միևնույն ժամանակ, նրանց իրարանցման հանգամանքը, նաև նյարդային տոնայնությունը հուշում են, որ ցանկալի որոշումները չեն ստացվում, ինչ-որ բան արգելակում է դրանք:
Ահա այդ գործում դաշնակից կարող են դիտվել ոչ միայն Հայաստանի նախկին իշխող համակարգը ներկայացնող շրջանակներ, այլ նաև Ադրբեջանն ու Թուրքիան, կամ Թուրքիան, իսկ Ադրբեջանը՝ որպես գործիք:
 
«Փաստ» թերթը գրում է. «Ցանկացած երկրում չափազանց կարևոր է, որ բանակը կայացած, բացառապես պրոֆեսիոնալ մարմին լինի, որպեսզի կարողանա լիարժեք իրականացնել իր գործառույթները և թշնամու ցանկացած ոտնձգության պարագայում պաշտպանի երկրի սահմանները:
Եվ փառք Աստծո, որ հայկական բանակն այդպիսին է՝ անցած երեսուն տարիներին ամբողջապես կայացած՝ անկախ ներքաղաքական գործընթացներից: Փորձագետների համոզմամբ, պատմությունը ցույց է տալիս, որ հակառակ պարագայում մեծ է լինում քաղաքական իշխանությունների գայթակղությունը՝ սեփականաշնորհել, քաղաքականացնել, անձնավորել հաղթանակները:
Ավելին, որքան էլ ցավալի է, բանակի հետ որևէ աղերս չունեցող առանձին գործիչներ բանակի հաշվին երբեմն փորձում են քաղաքական կամ անձնական դիվիդենտներ հավաքել: Այնինչ, ոչ մի քաղաքական ուժ, ներառյալ և առաջին հերթին իշխանությունը, իրավունք չունի քաղաքական դիվիդենտներ փնտրել և առավել ևս քաղել բանակի արձանագրած փայլուն արդյունքներից։
Սակայն, ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, պետք է նշել, որ նրան հաջողվել է նման շահարկումներից, քարոզչությունից բանակը զերծ պահել, խուսափել հաջողությունը բացառապես «նոր Հայաստանի» իրողությունների կամ մեկ անձի հետ ասոցացնելու հավանական փորձերից կամ «ջանքերից»:
Պատասխանատվությունն ամբողջովին բանակի վրա է, իսկ մեր բանակը լիարժեք կայացած է, ամուր ու հզոր: Եվ նախարարի պահվածքը չափազանց կարևոր է, քանզի որևէ պարագայում բանակին, զինվորին ու գեներալին նեղացնել պարզապես չի կարելի»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների ֆոնին Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Իլհամ Ռահիմովին պատկանող Մոսկվայի խոշորագույն առևտրային ցանցում՝ Food City շուկայում, արգելվել էր հայկական ծիրանի մուտքը։ Հայկական գյուղմթերքով բեռնված մեքենաները ստիպված տեղափոխել էին այլ առևտրային կենտրոններ։
«Ժամանակ»-ի հետ զրույցում Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը տեղեկացրեց, որ մշտապես կապի մեջ է մեր բեռնատարների վարորդների հետ։ Վերջին թարմ տեղեկություններով՝ նրանք ամբողջ ապրանքը վաճառել են, որևէ խնդիր չի առաջացել»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկել է Երևանի քաղաքապետարանին համայնքային ենթակայության տակ գտնվող Աբովյան պուրակին հարակից տարածքում (Աբովյան փողոց 51/1) 360.0 քառ. մետր մակերեսով և 14 մլն 40 հազար դրամ արժեք ունեցող հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:
Այդ տարածքում կկառուցվի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնը: Սա ողջունելի նախաձեռնություն է, քանի որ դժվար է հիշել, թե էլ երբ է պետությունը հողհատկացում կատարել և ֆինանսական միջոցներ տրամադրել մշակութային օջախ կառուցելու համար»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին երկու անգամ կանչել են հարցաքննության քրեական գործի շրջանակներում, որով վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար. խոսքն ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու մասին է։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում նաև առերեսում է տեղի ունեցել մի անձի հետ, ում ինքնությունը, սակայն, չհաջողվեց պարզել: Մենք տեղեկացանք, սակայն, որ առերեսման ժամանակ երկու կողմերն էլ մնացել են իրենց կարծիքին և պնդել են իրենց տեսակետը: Սակայն հետաքրքիր է, որ այն անձը, ում հետ տեղի է ունեցել առերեսումը, չի պնդել, թե Սեյրան Օհանյանը վատնում կամ յուրացում է արել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանից, սակայն վերջինս ընդամենը նշեց, թե մեղադրանքն անհիմն է՝ այլ բան չցանկանալով մեկնաբանել: Նշենք, որ սա երկրորդ քրեական գործն է. Օհանյանը մեղադրվում է նաև «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար: Եվ նկատենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի ընդունում նաև իրեն առաջադրված այս մեղադրանքը: Ստացվում է՝ նախկին նախարարի դեմ այս պահին առկա է հարուցված երկու քրեական գործ, սակայն նա երկուսն էլ չի ընդունում, իսկ գործընթացները շարունակվում են»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ութ կետից կազմված մի հարցաշար էր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։ Վերջինիս հարցաշարն ուղղված էր ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ նրա կողմից առաջ քաշված հարցերը վերաբերում էին հայկական զինուժի կողմից այդ օրերին իրականացված գործողությունների և քայլերի մանրամասներին։
Թեմայի հետ կապված կտրուկ ակտիվություն ցուցաբերեցին ՀԱԿ ներկայացուցիչները, որոնք չափազանց կոպիտ բառապաշարով ու պիտակավորումներով գրոհ սկսեցին Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» դեմ՝ «Լևոնի սխալներից մեկն այն է, որ ամեն աղբի մարդու տեղ էր դնում», «Ծռերը լրիվ խառնում են» և նման կարգի այլ գրառումներով։
Այս գրոհին հաջորդեց «Ծռերի» ոչ պակաս ագրեսիվ պատասխանը, այն աստիճան, որ նրանցից մի քանիսը իրենց հրապարակումներում նույնիսկ Տեր-Պետրոսյանին դավաճան որակեցին:
Ի դեպ, այս երկու քաղաքական ուժերի միջև փոխհրաձգությունը նոր չէ, սակայն երեկվանից դա առավել ցայտուն ու ագրեսիվ դարձավ»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը ներկայացրել է որոշման մի նախագիծ, որով առաջարկում է իր ենթակայության տակ գտնվող «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին ևս ներառել այն մարմինների ցանկում, որոնց կայացրած որոշումը հիմք կհանդիսանա դատապարտյալների ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացման համար: Ներկայումս նման փորձաքննություն իրականացվում է բացառապես դատարանի կամ իրավապահ մարմինների միջնորդության հիման վրա:
Ենթադրվում է, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող դատապարտյալներին ավելի օպերատիվ ենթարկվել փորձաքննության և այդ հիմքով ազատվել պատժի կրումից»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play