Տեղի է ունեցել շախմատի համահայկական առցանց մրցաշար


Տեղի է ունեցել շախմատի համահայկական առցանց մրցաշար

  • 21-07-2020 17:32:25   | Հայաստան  |  Սպորտ

 Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպեցին շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար:
 
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակիցտեղեկացնում են, որ էլեկտրոնային ուսուցման գործընկերն էր ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը: Մրցաշարը տևեց 2 ժամ՝ 22 երկրներից ընդգրկելով 850-ից ավելի շախմատիստներ, որոնցից  52-ը՝ ՖԻԴԵ-ի տարբեր կոչումներով:
 
«Հիմնական մրցանակը նվաճեց գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը, կանանց պայքարում առաջինն էր կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, մինչև 10, 12 և 14 տարեկանների մրցամարտում համապատասխանաբար հաղթող ճանաչվեցին Գարիկ Շարաջյանը, Գագիկ Նավոյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էմին Օհանյանը: Վետերանների պայքարում 1-ին տեղը զբաղեցրեց Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը, իսկ մինչև 2000 վարկանիշ ունեցողների շարքում՝ Արամ Վարդանյանը: Բոլոր արդյունքները նախնական են և վերջնականապես կհաստատվեն մրցաշարի ավարտից 48 ժամ հետո:
 
Հիշեցնենք, որ Շախմատի համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2019թ. դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունված 74/22 բանաձևի հիման վրա, որը ներկայացվել է Հայաստանի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Սպորտ