Նիկոլ Փաշինյանն արձանագրեց հաղթանակը եւ Հայաստանի նոր հայտը


Նիկոլ Փաշինյանն արձանագրեց հաղթանակը եւ Հայաստանի նոր հայտը

  • 23-07-2020 15:59:43   | Հայաստան  |  Վերլուծություն

Կառավարության հուլիսի 23-ի նիստում վարչապետ Փաշինյանը «ծրագրային» անդրադարձ է կատարել տավուշյան իրադարձություններին, տվել դրանց ռազմա-քաղաքական գնահատականն ու սահմանել Հայաստանի նոր նշաձողերը: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Տավուշում արձանագրվել է հաղթանակ եւ հայկական դիրքերի ամրապնդում, հայկական անվտանգության համակարգի ամրացում:
 
Հաջորդիվ Փաշինյանն արձանագրել է հայկական կողմի հետագա մարտավարական ու ռազմավարական նշաձողերը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստան-Արցախ անվտանգության համակարգի առավել ամրապնդման եւ սերտ գործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու անհրաժեշտության մասին:
 
Նշանակու՞մ է դա արդյոք, որ Երեւանը օրակարգ է բերելու Արցախի հետ ռազմա-քաղաքական գործակցության պայմանագրի հարցն ու այն դրվելու է ստորագրման: Համենայն դեպս, Տավուշում տեղի ունեցածն իր ընդգրկումով վկայեց, որ ռեգիոնալ անվտանգության համակարգի առանցքի դերը Հայաստանից պահանջում է հավելյալ իրավա-քաղաքական գործիքակազմ:
 
Ընդ որում, այդ առումով Նիկոլ Փաշինյանը հիշատակեց նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք՝ թուրքական գործոնն ու դրան հակազդելու նոր մեխանիզմների անհրաժեշտությունը: Այդ առումով նա հայտարարեց, որ Հայաստանը դիտարկում է Թուրքիայի զսպման համար նոր միջազգային ձեւաչափերի ներգրավման անհրաժեշտությունը եւ աշխուժացնում է քայլերն այդ ուղղությամբ: Փաստացի, Փաշինյանի հայտարարությունն ինչ որ իմաստով ակնարկ էր ՀԱՊԿ-ին, որը ենթադրաբար պետք է լիներ Թուրքիային զսպող թիվ մեկ ռազմա-քաղաքական մեխանիզմը, որին անդամակցում է Հայաստանը: Երեւանը փաստորեն հայտարարեց, որ եղած մեխանիզմը Թուրքիային զսպելու առումով համարում է անարդյունավետ:
 
Ի՞նչ նոր ձեւաչափերի մեջ կներգրավվի Հայաստանը:
 
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կրկնում է Արցախի՝ լիարժեք բանակցային կողմ լինելու հանգամանքը, որպես բանակցությունը իմաստավորելու պայման, ինչպես նաեւ հայտարարում, որ Ադրբեջանը պետք է հրապարակավ հրաժարվի ուժի կիրառման եւ հայատյացության քաղաքականությունից:
 
Դրան զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում սահմանային մոնիտորինգի ԵԱՀԿ կարողությունների ընդլայնում մեխանիզմներով, որոնք հստակ կարձանագրեն հրադադարի խախտումները եւ պատասխանատուին:
 
Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ Երեւանը շարունակելու է սերտ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ հայտարարությունը գործնականում վկայում է, որ Հայաստանը չի դիտարկում որեւէ «մեկ միջնորդական մանդատի» հեռանկար: Խոշոր հաշվով, այստեղ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատելու հանգամանքը ունի նաեւ խորքային այլ նշանակություն: Այդ աշխատանքն ունի ոչ միայն եւ արդեն թերեւս ոչ այնքան՝ միջնորդների հետ հակամարտության մեկ կողմի հետ աշխատանքի իմաստ: Այդ աշխատանքն ունի Կովկասի ռեգիոնալ անվտանգության համակարգի առանցքային սուբյեկտի եւ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքի աշխատանքի իմաստ:
 
Արձանագրելով Տավուշում ռազմա-քաղաքական հաջողությունն ու գործնականում աշխարհքաղաքական ներուժային նոր հարթության նպատակադրումը, Հայաստանի վարչապետը փաստացի տողատակում վերահաստատում է նոր աշխարհակագի հայկական հայտը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն