Ալիևի նոր շանտաժը. Ադրբեջանում իրավիճակը սրվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ալիևի նոր շանտաժը. Ադրբեջանում իրավիճակը սրվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 24-07-2020 14:22:17   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



1in.am-ը գրում է. 
Ադրբեջանի կառավարության նիստում այդ երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտնել է, թե չնայած համաճարակին և տնտեսական անկումներին, հաջողվել է մոտ 3 տոկոսով գերակատարել բյուջեի մուտքերը, ինչը թույլ կտա իրականացնել սոցիալական ծախսերը: Սակայն իրենց համար լավատեսական տեղեկությամբ հանդերձ, Ադրբեջանի ֆինանսների նախարարը նաև զգուշացրել է բյուջեի վերահաս սպառնալիքների մասին՝ նավթի ցածր գին, ինչը կբերի ծախսերի ու եկամուտների հավասարակշռության փլուզման, իսկ կուտակված ռեզերվները, ըստ նրա, այնքան չեն, որ թույլ տան ապահովել այդ հավասարակշռությունը: Այդպիսով, կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է վիճակը Ադրբեջանում այն դեպքում, երբ վտանգների և չբավականացնող ռեզերվի մասին հայտարարում են բաց տեքստով, կառավարության նիստում: Եթե Ադրբեջանում այդ մասին հայտարարում են բաց, ապա կնշանակի, որ իրավիճակը շատ ավելի ծանր է, իսկ բյուջեի գերակատարման մասին հայտարարություններն ընդամենը ցավը մի փոքր մեղմելու համար են: Իրականում Ադրբեջանում ծանր վիճակի մյուս վկայությունն այն է, որ Իլհամ Ալիևն ու ադրբեջանական պրոպագանդան բավականին թեժ և նույնիսկ կոմպրոմատային բնույթի պայքար են սկսել այդ երկրի ընդդիմադիր շրջանակների դեմ: Թվում է, թե այստեղ պատճառը Տավուշում ստացած հարվածն է, սակայն Ալիևի համար դա չէ խնդիրը, դա առանձին խնդիր է, աշխարհաքաղաքական, որում նա խրված էր Տավուշից առաջ էլ:
Ընդդիմությանն Ալիևը թիրախի տակ է վերցրել սոցիալական խնդիրների ծանրության պատճառով: Իհարկե, դրանք գումարվելով տավուշյան ուղղությամբ ստացած հարվածին և խորացած խնդրին, Ալիևի համար կարող են ստանալ գերվտանգավոր ընթացք: Չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահը գնում է խնդիրները բարձրաձայնելու ճանապարհով լոկ այն պատճառով, որպեսզի ակնկալի միջազգային որևէ աջակցություն ներքին իրավիճակը կառավարելու հարցում, որովհետև ավանդական ռազմական շանտաժի միջոցով իր հետ հաշվի նստելու նրա քաղաքականությունն այլևս սպառված է, հայկական զինուժը սպառել է այն Տավուշում: Ներկայումս Ալիևին մնում է բարձրաձայնել, որ կա մեծ սոցիալական ռիսկ, որը կարող է Ադրբեջանում առաջ բերել անկանխատեսելի զարգացումներ: Իսկ այդ հարցում, իհարկե, որևէ մեկը շահագրգռված չէ, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի հարցում որևէ ուժային կենտրոն՝ աշխարհաքաղաքական, թե ռեգիոնալ, չունի գերակա ազդեցություն և վճռորոշ հնարավորություն: Ըստ այդմ՝ Ալիևը փորձում է օգտվել այդ վիճակից և խաղալ, իհարկե, ռազմական շանտաժի հնարավորությունից զրկվելուց հետո նա ստիպված է գոնե առայժմ բավարարվել սոցիալական շանտաժի մեխանիզմով: Որքա՞ն դա կձգի:
 
Lragir.am-ը գրում է. 
Նախօրեին հայտնի է դարձել, որ ադրբեջանցու պատկանող հերթական մոսկովյան շուկայից հանել են հայկական ապրանքներն ու արգելել վաճառքը: Դա տեղի է ունեցել երկու տեղեկության զուգահեռ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ եւ քննարկել կայունության հարցեր, եւ նույն Լավրովը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցն է քննարկել Թուրքիայի արտգործնախարար Չավուշoղլուի հետ, դարձյալ կարեւոր համարելով զսպվածությունն ու չհրահրելը:
Ահա այդ ֆոնին Ռուսաստանում Ադրբեջանը աշխուժորեն հրահրում է լարվածություն եւ ապակայունություն: Շուկաներից բացի, մասնավորապես համացանցում են հայտնվել նաեւ մեծ խմբերով միայնակ հայերի վրա հարձակման տեսագրություններ: Դրանցից մեկի առնչությամբ տարածվել է տեղեկություն, որ իրավապահները ձերբակալել են մոտ 50 հոգու: Կստանա՞ն նրանք իրենց պատիժը, թե՞ կստանան ինչ-ինչ հանձնարարականներ:
Ռուսաստանի դեպքում դա ասելը շատ բարդ է, երբ Մոսկվայում ոչ ոք ոչինչ չի կարողանում ասել Եվրասիական միասնական տնտեսական տարածության անդամ երկրի ապրանքների իրացումը խոչընդոտող ադրբեջանցիներին: Խոշոր հաշվով, դա հիբրիդային հարձակում է ոչ միայն հայերի, այլեւ Ռուսաստանի վրա, որովհետեւ ստացվում է, որ Ադրբեջանը ձեռնածության է ենթարկում հսկա Ռուսաստանին՝ հայերի հետ իր խնդիրները լուծելու համար:
Թեեւ, մյուս կողմից, պետք է դիտարկել նաեւ հակառակը: Գուցե Ռուսաստանն է ադրբեջանցիներին ձեռնածության ենթարկում Հայաստանի հաշվին իր խնդիրները լուծելու համար: Բանն այն է, որ Հայաստանում փոփոխությունը Ռուսաստանի ներկայիս քաղաքական դասին, կառավարող վերնախավին, եւ ընդհանրապես ռուսական մեծապետական մտածողությանը Կովկասում տանում է դեպի բավական բարդ ու անհարմար խնդիրների հետ առերեսում:
Մինչդեռ այդ մտածողությունը գիտե կովկասյան խնդիրների մեկ լուծում՝ Հայաստանի վասալային ենթակայություն եւ դրա հիման վրա «ճյուղավորվող» քաղաքականություն բոլորի հետ: Իսկ Ռուսաստանի դեպքում այդ քաղաքականությունն այլ բան չէ, քան բանալ առեւտուր հայերի հաշվին:
Ըստ այդմ, որքան ադրբեջանցիները փակում են առեւտրային օբյեկտները հայերի առաջ, այդքան Ռուսաստանը տեսնում է թերեւս հայերի հաշվին առեւտրի ավելի մեծ հնարավորություն: Այդ իրավիճակը լավագույնս բնորոշում է, թե մեղմ ասած անարդյունավետ կառավարումն ու մեծապետական բարդույթները ինչպես են Ռուսաստանի այսպես ասած ռեգիոնալ քաղաքականությունը ենթարկել թուրք-ադրբեջանական խամաճիկության կարգավիճակի: Ռուսաստանում անշուշտ կան այդ խնդրի առնչությամբ մտածող մարդիկ, բայց նրանք ռուսական պետականության ղեկին չեն, ավելի շուտ՝ ռուսական նավթագազային մեքենայի ղեկին չեն:
Այդ ֆոնին, Երեւանում հնչեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ թուրքական աճող ագրեսիայի զսպման համար հարկավոր է Հայաստանի քաղաքականության փոփոխություն եւ մասնավորապես Թուրքիայի զսպման միջազգային ձեւաչափերում ներգրավվածության մասշտաբի ավելացում: Այլ կերպ ասած, Երեւանն արձանագրում է, որ Ռուսաստանը եւ մերձռուսական ձեւաչափերը այլեւս բացարձակապես բավարար չեն Թուրքիային զսպելու հարցում, եւ Հայաստանի համար դրանք չեն կարող լինել հուսալի: Մոսկվայում այս օրերին ապացուցվում է այդ պարզ իրողությունը:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին գրություն է ուղարկել ու տեղեկացրել, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սերգեյ Բագրատյանը խմբակցությունից հեռանալու պատճառներ ունի:
Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, վերջերս Սերգեյ Բագրատյանն իմացել է, որ իրավապահները հայտնաբերել են՝ ինքը չարաշահումներ է թույլ տվել: Ըստ մեր աղբյուրների՝ անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է միջնորդել, որպեսզի Բագրատյանի նկատմամբ իշխանությունները խիստ չվարվեն, փոխարենը ինքը կվերականգնի պետությանը հասցված վնասը:
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը մինչ հունիսի 5-ի իր հայտնի ելույթը արդեն իմացել է, որ ՀՀ գլխավոր դատախազը հայտնաբերված չարաշահումների մասով գալու է Ազգային Ժողով Բագրատյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Ավելին, մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի միջնորդությամբ Բագրատյանը այդ հարցերի շուրջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հետ ու խնդրել է իրեն ընդառաջել այդ հարցում. պայմանավորվել են, որ 50 տոկոսը ամբողջական է վճարելու, իսկ մյուս մասը՝ ըստ ժամանակացույցի:
Թվում է՝ սա է ԲՀԿ-ից դուրս գալու միակ պատճառը, սակայն, բացի դրանից, Բագրատյանի անունը կապվում է նաև ՀԷԿ-ի հետ կապված այլ չարաշահման հետ, և խմբակցությունից դուրս գալու որոշումը ևս պայմանավորված է այս հանգամանքով: Թերևս «ղազագիր» գրած Բագրատյանը կարծում է՝ եթե դուրս գա խմբակցությունից, կներվեն իր բոլոր արարքները: Տևական ժամանակ է, ինչ այս տեղեկությունը փորձում ենք ճշտել Սերգեյ Բագրատյանից, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի է: Մենք փորձեցինք զրուցել նաև վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի հետ, սակայն ապարդյուն. վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում արդեն գրեթե մեկ ամիս է՝ որևէ լուր չեն ունեցել Սերգեյ Բագրատյանից. նա ոչ միայն չի մասնակցել խորհրդարանի նիստերին, այլ նաև ներկուսակցական և ներխմբակցային որևէ միջոցառման: Նրա հետ հնարավոր չի եղել կապվել անգամ խմբակցությունից դուրս գալու մասին հրապարակային տեղեկատվության տարածումից հետո:
«Երբ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցվեց, նա անմիջապես անհետացավ»,- ասում է ԲՀԿ մեր աղբյուրը, ըստ որի՝ մինչ այդ էլ Բագրատյանը աչքի էր ընկնում իր պրոիշխանական պահվածքով»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։
Մենք արդեն գրել ենք, որ Վահրամ Ավետիսյանը ՀՀ ամենակոռումպացված դատավորներից մեկի՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է։
Վահրամ Ավետիսյանը եղել է «Տոտոգեյմինգ» ընկերության իրավաբանը։ Ավետիսյանը ինքը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ տարբեր խոշոր մասնավոր ընկերություններում իրավաբանական ծառայության ղեկավար է եղել։
Մեզ պատմեցին, որ Ավետիսյանը նաև բիզնես ունի. նրան է պատկանում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող խոշոր բենզալցակայան, ավտոյուղերի կետով և այլն։
Որոշ տեղեկությունների համաձայն, Վահրամ Ավետիսյանի հայրը կոնսուլտացիաներ է տվել քոչարյանական կողմին, երբ գործն առաջին անգամ ՍԴ էր գնում ու դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում էր։
Այսքանից հետո թերևս խիստ տարակուսելի է, թե կառավարության ընտրությունը ինչու է կանգ առել այս թեկնածուի վրա»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ: Ինչպես հայտնի է, հուլիսի 31-ին պետք է տեղի ունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ, ի թիվս օրակարգային այլ հարցերի, պետք է հավանության արժանանար նաև այդ մարմնի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչ այս դատական համակարգում հակված են եղել որպես թեկնածու ներկայացնել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին, սակայն, մեր տեղեկություններով, այս օրերին Հակոբյանին մրցակից է հայտնվել, և թեկնածուի հարցը դեռ վերջնական որոշված չէ:
Այսպիսով, մենք տեղեկացանք, որ նրա հետ պայքարի մեջ է մտել նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ Լիզա Գրիգորյանը մեկ անգամ արդեն փորձել է 2018 թվականին որպես ՍԴ դատավորի թեկնածու հանդես գալ, սակայն այն ժամանակ ընտրությունը կանգ առավ Արմեն Դիլանյանի վրա: Եվ, ահա, այժմ Գրիգորյանը ևս նման հավակնություններ ունի: Թե ինչ որոշում կկայացնի դատական համակարգը, դժվար է ասել, սակայն փաստ է, որ Սահմանադրական դատարանի դատավորի հարցում դատական համակարգը բաժանվելու է երկու թևի, և, եթե մինչ այս թեկնածուն մեկն էր, և ընտրություն կատարելու խնդիր չկար, ապա այժմ նոր զարգացումներ կարող են լինել»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ հեղափոխական զանգվածները սպասում էին (են) նախորդների ամենաստվերային, գրեթե ռեկետի ֆոնդի՝ «Երևան» հիմնադրամի տնօրենի պատասխանատվությանը, վերջինս հավանաբար ինքն է մոռացել արդեն այդ վիթխարի շորթումների մասին, երբ բառացի ոչ մի գործարք Տարոն Մարգարյանը չէր հաստատում առանց «մուծվելու»։ Գաղտնիքը, ըստ ամենայնի, նրանում է, որ հիմնադրամի ղեկավարի տղան հարկայինի պետ է, իսկ հարսը՝ ոստիկանության պատասխանատու աշխատակից։
«Երևան» հիմնադրամի հետ կապված քրեական գործը հաջորդեց անմիջապես հեղափոխությանը, մեծ աղմուկ բարձրացավ, խոսվեց մեծ թվերից, մեծ չարաշահումներից, սակայն, կարծես թե, սահմանափակվեցին միայն այդքանով»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 24-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա են պատրաստվում իրականացնել Հայաստանի մի քանի մարզերի գյուղացիներ: Նրանք պահանջում են վերականգնել Կասյան փողոցի վրա ամառային ամիսներին կազմակերպվող գյուղատնտեսական ապրանքների շուկան, որը գործում էր վերջին հինգ տարիներին:
Գյուղացիները կարծում են, որ արգելքն ուղղորդվում է սուպերմարկետների սեփականատերերի կողմից, ովքեր զբաղված են գյուղմթերքի վերավաճառքով և համարում են, որ գյուղատնտեսական տոնավաճառը էականորեն ազդում է շուկայում գներ թելադրելու և գերշահույթ ստանալու իրենց հնարավորության վրա:
Գյուղացիներին արդեն առաջարկել են տեղափոխվել այլ վայր, սակայն նրանք մերժել են այդ առաջարկը՝ պատճառաբանելով, որ գնորդները արդեն սովորել են այս վայրին»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play