Տավուշի հետցնցումները հասան Մոսկվա. Ռուսաստանը կրակի հետ է խաղում


Տավուշի հետցնցումները հասան Մոսկվա. Ռուսաստանը կրակի հետ է խաղում

  • 25-07-2020 10:14:59   | Հայաստան  |  Վերլուծություն

Տավուշում հայ-ադրբեջանական բախման հետցնցումները տարածվել են ամբողջ աշխարհում՝ տարբեր երկրներում հանգեցնելով հայերի ու ադրբեջանցիների միջեւ աննախադեպ բախումների։ Բայց եթե արեւմտյան երկրներում բանը սահմանափակվում է բողոքի ակցիաներով, երբեմն քաշքշուկով, ապա Ռուսաստանում ավելի լուրջ է՝ այնպիսի տպավորություն է, որ ինչ որ ուժեր կոնֆլիկտ են հրահրում երկու համայնքների միջեւ ինչ-ինչ նպատակներով։
 
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախ զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ, հետո չգիտես ինչու զանգել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուին, իսկ հետո հանդիպել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին ու «Կիեւյան հրապարակ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովին։
 
«Քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության ու ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը համապատասխան», – նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:
 
Ամբողջ հարցն այն է, որ օրենսդրության պահապանը պետք է ռուսական պետությունը լինի, որը, սակայն, կասկածելիորեն լոյալ է հայերի նկատմամբ ադրբեջանցիների սադրանքներին։ Ռոսգվարդիան ցրում է անգամ մեկ հոգանոց պիկետները, իսկ այս դեպքում ամբողջական շուկաներ խախտում են օրենսդրությունը, խմբերով ադրբեջանցի հրոսակներ են շրջում Մոսկվայի փողոցներում, եւ Ռոսգվարդիան միայն ձեռքերն է թափ տալիս։ Արա Աբրահամյանն ասում է, որ Ռուսաստանը ցանկանում են նոր Սումգայիթ դարձնել։
 
Ինչու՞ Մոսկվան չի կիրառում իր ավանդական գործիքակազմը երկրում կարգուկանոնի պահպանման համար։ Մոսկվան իր ավանդական հնա՞րքն է կիրառում կոնֆլիկտը կառավարելու համար, նկատի առնելով, որ համայնքների ներկայացուցիչների վրա Ռուսաստանն ազդեցության բազմաթիվ լծակներ ունի։ Դա կապվա՞ծ է հայկական կողմի՝ սահմանին մոնիտորինգի մեխանիզմներ կիրառելու պնդման հետ, որով փաստացի վերացվում է Մոսկվայի գերակայությունը կարգավորման գործընթացում:
 
Մոսկվան շոշափում է ցավոտ կետե՞րը, որոնց միջոցով կարող է ազդել իրավիճակի վրա։ Մարգարիտա Սիմոնյանի կիքսը ավելի է բարդացրել Ռուսաստանի ԱԳՆ խնդիրը՝ Ռուսաստանում հայկական ազգանունով մարդկանց նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք առաջացնելով, որոնց միջոցով երկար տարիներ իրականացվել է պրոպագանդան։ Հիմա Մոսկվան կարող է վերածվել սումգայիթի, ինչպես պնդում են ռուսաստանահայ շրջանակները, եթե դրանց զսպման ուղղությամբ քայլեր չանի։
 
Ռուսաստանը կրակի հետ է խաղում, որովհետեւ եթե հայերի ու ադրբեջանցիների միջեւ կոնֆլիկտը թեժանա, կբոցավառվի ամբողջ Ռուսաստանը՝ Հյուսիսային Կովկասը, Ռուսաստանի հարավը, «չինական» Հեռավոր Արեւելքը՝ Խաբարովսկում արդեն անհանգիստ է։
 
Հայերի վրա ազդեցության համար ահաբեկման ավանդական «ռուս-թուրքական» մեթոդները՝  ցեղասպանություն, ջարդեր, հնացել են, եւ եթե Ռուսաստանը չվերափոխի իր քաղաքականությունը, կանգնելու է լուրջ խնդիրների առաջ։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն