Նիկոլ Փաշինյանի կոշտ ակնարկն ուժերին, որոնք Ռուսաստանում են


Նիկոլ Փաշինյանի կոշտ ակնարկն ուժերին, որոնք Ռուսաստանում են

  • 27-07-2020 12:27:20   | Հայաստան  |  Վերլուծություն

Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունն ունի բոլոր միջոցներն ու կարողությունները Ռուսաստանն ազգամիջյան բախման թատերաբեմ դարձնելու Ադրբեջանի փորձը կանխելու եւ այդպիսի զարգացում թույլ չտալու համար, ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ հարցազրույցը ամբողջությամբ կհեռարձակվի մեկ շաբաթ անց: Հայաստանի վարչապետը նկատել է նաեւ, որ այդ ամենի հետեւում լոկ Ադրբեջանը չէ, այլ Հարավային Կովկասում ծավալապաշտական հակահայկական նկրտում ունեցող երրորդ ուժը:
 
Նիկոլ Փաշինյանն ըստ երեւույթին նկատի ունի Թուրքիան: Ընդ որում հատկանշական է, որ վարչապետն այդ մասին խոսել էր նաեւ Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ Մինսկում տեղի ունեցած հանդիպմանը, ուր մեկնել էր հուլիսի 17-ին՝ ԵՏՄ վարչապետների հավաքին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանն ասել էր, թե Տավուշում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքով շահագրգռված են երրորդ ուժեր: «Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է, և մենք այսօր կքննարկենք նաև այդ հարցը», ասել էր նա ՌԴ վարչապետին:
 
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի մասին ավելի բաց խոսեց հուլիսի 23-ին կառավարության նիստում ունեցած ելույթում, նշելով, որ Հայաստանը պետք է փոխի քաղաքականությունը Թուրքիայի զսպման հարցում եւ մասնավորապես մեծացնի Անկարայի զսպման այլ ձեւաչափերում մասնակցության մասշտաբները:
 
Հայաստանի կառավարության ղեկավարի ակնարկը բավական թափանցիկ էր՝ եղած ձեւաչափերը Հայաստանը դիտարկում է ոչ բավարար եւ ոչ ամբողջապես հուսալի: Այլ կերպ ասած, Հայաստանը Թուրքիային զսպման հարցում բավարար չի համարում Ռուսաստանի «առանցքով» ձեւաչափերը, մասնավորապես բուն Ռուսաստանի մեխանիզմներն ու ՀԱՊԿ կոչված ցուցանակը:
 
Այստեղ հատկանշական է, որ Ռուսաստանին հղած երկու ուղերձում՝ վարչապետ Միշուստինի հետ հանդիպմանը եւ ՌԲԿ-ին հարցազրույցում, խոսելով թե սահմանային, թե Ռուսաստանի իրավիճակի ապակայունացման եւ ազգամիջյան բախում հրահրելու շահագրգռություն ունեցող «երրորդ ուժերի» մասին, Նիկոլ Փաշինյանը չի կոնկրետացնում, որ դա Թուրքիան է:
 
Հազիվ թե Հայաստանի վարչապետին որեւէ բան կաշկանդի կոնկրետանալու հարցում: Խնդիրը թերեւս բոլորովին այլ է: Նա պարզորոշ ակնարկում է, որ Հայաստանը տեսնում է Թուրքիայի «ռուսական գործընկեր ուժ», ըստ այդմ էլ «երրորդ ուժեր» արտահայտությամբ չի կոնկրետանում լոկ Թուրքիայի վրա: Այդ համատեքստում էլ վարչապետ Փաշինյանն ըստ ամենայնի արձանագրում է, որ ՌԴ իշխանությունն ունի բոլոր միջոցները թույլ չտալու համար, որ Ադրբեջանը ՌԴ-ն վերածի ազգամիջյան բախման եւ ապակայունացման հարթակի: Ըստ այդմ, Երեւանը շատ թափանցիկ ակնարկում է, որ եթե տեղի է ունենում այդպիսի բան, ապա առնվազն ՌԴ-ում ազդեցիկ իշխանական որեւէ թեւի աջակցությամբ, եթե ոչ հենց բուն իշխանության քաղաքական որոշումով:
 
Միեւնույն ժամանակ, ՌԴ-ում ներկայում իշխանություն հարցը գրեթե նույնքան անորոշ է, որքան անորոշ է այդ հարցը Բաքվում: Ռուսաստանում ներկայում իշխանության տրանսֆորմացման եւ վերաձեւման բարդ գործընթաց է, որում ակնառու գործիք է «ադրբեջանական վանդալիզմը»: Գործիք անկասկած ոչ միայն հայերի դեմ, բայց հայերը այստեղ անշուշտ լոկ միջանկյալ թիրախ չեն, այլ առանցքային թիրախներից մեկը: Որովհետեւ Կովկասում ինքնիշխան Հայաստանի հաղթանակն ու ամրությունը հիմնարար ազդեցության գործոն է լինելու Ռուսաստանում իշխանության խնդրի տրանսֆորացիայի արդյունքի համար, օգնելով այդ երկրին դուրս գալ թուրքական հավակնության դարավոր խնամակալի կարգավիճակից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am  

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն