9 քաղաքացի է բերման ենթարկվել, ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանությունը. Ջանոյանը՝ Ամուլսարում կատարվածի մասին. SHANTNEWS.am


9 քաղաքացի է բերման ենթարկվել, ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանությունը. Ջանոյանը՝ Ամուլսարում կատարվածի մասին. SHANTNEWS.am

  • 28-07-2020 13:12:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեկ լուր տարածվեց այն մասին, որ ոստիկանությունը առավոտյան  շարունակել է բերման ենթարկել Ամուլսարի դիմադրական կետերում եղած քաղաքացիներին, ովքեր պահանջում էին, որ Սարավան գյուղի կողմից Ամուլսարի տարածք մտած «Էկո Բիլդինգ» ընկերության 6 ներկայացուցիչները դուրս գան  տարածքից և դադարեցնեն աշխատանքները: Արդյունքում ընդհարում է եղել:
 
 
«Երեկ 9 քաղաքացի էր բերվել ոստիկանություն նշված տարածքից: Համապատասխան արձանագրություն է կազմվել»,- SHANTNEWS.am-ին ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածն է: Այն է՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
 
Ըստ Ջանոյանի՝ ոստիկանությունը շարունակում է Ամուլսարի տարածքում հասարակական կարգի պահպանման աշխատանքները:
 
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 27-ին,  լարված իրավիճակ էր Ամուլսարի «երկրորդ պոստ» կոչվող հատվածում:  Ցուցարարների և պահապանների միջև քաշքշուկ էր եղել:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը