Բացառիկ օր. Հայաստանը փոխեց խաղի ուղղությունը. ի՞նչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Բացառիկ օր. Հայաստանը փոխեց խաղի ուղղությունը. ի՞նչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 29-07-2020 15:41:47   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Lragir.am-ը գրում է. 
Հուլիսի 28-ը Հայաստանի զինված ուժերի համար այսպես ասած ռազմա-քաղաքական դիվանագիտության բացառիկ օր է, երբ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինն այցելել է ՊՆ եւ հանդիպել նախարար Դավիթ Տոնոյանի հետ, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբ եւ հանդիպել շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Երկու հանդիպումների ընթացքում էլ խոսվել է թե երկկողմ գործակցության, թե ռեգիոնալ անվտանգությանն առնչվող հարցերի, բնականաբար նաեւ հայ-ադրբեջանական լարվածության մասին:
Հայաստանի զինված ուժերը հայտնվել են ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրողությունների եւ բազմաշերտ շրջապտույտի առանցքում, Տավուշի ռազմագործողությունների արդյունքով վերհաստատելով Հայաստանի Հանրապետության ռազմա-քաղաքական դերը որպես ռեգիոնալ կայունության եւ անվտանգության «ունիվերսալ» երաշխավոր: «Ունիվերսալ» այն իմաստով, որ Հայաստանն ի զորու է համադրել աշխարհաքաղաքական իրարամերժ բեւեռների մոտեցումների եւ հետաքրքրությունների նվազագույն պաշար, ինչը թույլ է տալիս ձեւավորել հայկական բռունցքի միջազգային լեգիտիմության նվազագույն անհրաժեշտ պաշարն եւ աշխատել այն ընդլայնելու ուղղությամբ:
Գլխավորն այստեղ, անշուշտ, ինքնիշխան եւ համարձակ որոշումների կարողությունն է, ինչի տեսանկյունից Տավուշում ռազմական գործողությունները Հայաստանի թերեւս նոր որակի եւ բովանդակության հայտ էին: Ի դեպ, խնդիրը դրանց եւ նախկին իրողությունների համեմատությունը չէ բացարձակապես, քանի որ այդ տեսանկյունից հայկական զինուժը ապահովել է իր դերի եւ արցախյան առաջին պատերազմի հաղթանակի կայուն շարունակություն անգամ այն փուլերում, երբ ինչ-ինչ զարգացումների արդյունքում խախտվել է ռազմա-քաղաքական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի:
Խնդիրը ներկայումս այն է, որ Տավուշում ադրբեջանական սադրանքին հայկական պատժիչ, համեմատության մեջ թերեւս ասիմետրիկ պատժիչ հարվածը գործնականում կանխել է իրադարձությունների մի ընթացք եւ փաստորեն թելադրել մեկ այլը, ստեղծելով նոր իրավիճակ:
Մեծ հաշվով, հայկական ուժերը ռեգիոնալ բոլոր մեծ ու փոքր խաղացողներին առերեսել են ռազմա-քաղաքական իրողությունների նոր մակարդակի: Դրա էութունը այն է, որ ռեգիոնում սահմանափակվում է ռազմական սողացող շանտաժի քաղաքականության հնարավորությունը եւ կամ լայնամասշտաբ պատերազմ եւ գործնականում ռեգիոնալ, աշխարհաքաղաքական մասշտաբի աղետ, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաեւ առնվազն մերձակա խաղացող կենտրոններին, կամ ռեգիոնալ համակեցության «առանց նախապայմանի խաղաղության» տրամաբանության շուրջ երկխոսության ծավալում:
Այդ իրողությունը խաղից դուրս է դնում Բաքվին, իսկ Թուրքիային թողնում բավականին բարդ վիճակում, որովհետեւ Անկարան մի կողմից անկարող է թողնել Բաքվին, մյուս կողմից Ալիեւի Ադրբեջանն Անկարայի համար դարձել է ոտքից կապված «քար», որը ժամանակի ընթացքում ավելի նյարդայնացնելու է խանգարելով, քան լինելու է ձեռքի տակ եղած հավելյալ ուժ:
Թուրքիան իր ագրեսիվությամբ ներկայումս փորձում է լուծել հենց Ադրբեջանի հարցը: Այդ հարցը հասունացած է եւ ռեգիոնալ օրակարգում է վաղուց, Տավուշի իրադարձությունները պարզապես բեկել են ընթացքը եւ դրել այն հայկական տրամաբանության ներքո: Դա է նաեւ, որ հունից հանել է Թուրքիային Տավուշի պատժիչ գործողությունից ժամեր անց: Անկարան անմիջապես արձանագրեց, որ Հայաստանը խաղի ուղղությունն ու տրամաբանությունն է փոխում, ինչը Անկարային դնում է մյուս խաղացողների համեմատ խիստ անհարմար վիճակում, որովհետեւ նրանք ունեն Հայաստանի հետ ազատ հաղորդակցման հնարավորություն:
 
1in.am-ը գրում է. 
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հուլիսի 28-ին եղել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հյուրը: Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են անվտանգային ոլորտում երկկողմ գործակցության հարցեր: Բնականաբար, չի շրջանցվել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը: Ավելին, ըստ երևույթին, վստահաբար հնարավոր է ասել, որ դեսպանի այցի բուն թեման կամ առիթը եղել է Տավուշի ռազմագործողությունների հարցը և դրանցում հայկական կողմի, ըստ էության, ռազմական հաջողությունը, միաժամանակ ռազմավարական բարելավումները, որ կատարվել են այդ հաջողության արդյունքում: Խոշոր հաշվով, ԱՄՆ «ծանոթանում» և միաժամանակ, թերևս, «ճանաչում» է հայկական զինուժի ձեռքբերումները Տավուշի այդ ռազմագործողությունների հանրագումարում: Ի դեպ, այդ տեսանկյունից կա մի հատկանշական փաստ ևս՝ դեսպան Լին Թրեյսին տավուշյան լարումից մի քանի օր առաջ այցելել էր պաշտպանության նախարարություն, և նրան հյուրընկալել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ԱՄՆ դեսպանի այս աշխուժությունն ու ՊՆ այցերի ինտենսիվությունը վկայում է, թե որքան լայն ու խորն է տավուշյան իրադարձությունների ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական համատեքստը: Ի դեպ, այդ իմաստով, թերևս, կարող ենք անել մի հետաքրքիր հարցադրում-դիտարկում. իսկ Հայաստանում Չինաստանի դեսպանը կգնա՞ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին հյուր:
Բանն այն է, որ հուլիսի 7-ին դեսպան Թրեյսիի ՊՆ կատարած այցից և նախարար Տոնոյանի հետ հանդիպումից հետո՝ հուլիսի 9-ին ՊՆ այցելեց և նախարարի հետ հանդիպում ունեցավ նաև Չինաստանի դեսպանը: Երկու օր անց Տավուշում եղավ ադրբեջանական սադրանքն ու հայկական կողմի պատժիչ գործողությունն ի պատասխան այդ սադրանքի: Կպահպանվի՞ ամերիկա-չինական հաջորդականություն ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առումով: Դա, իհարկե, ինչ-որ իմաստով կեսկատակ հարցադրում է, թեև, խոշոր հաշվով, այստեղ ակնառու է խնդրի ռազմա-քաղաքական կարևորությունը: Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանի աշխուժությունը վկայում է, որ ԱՄՆ համար ամենևին միևնույն չէ ռեգիոնալ իրավիճակը և դրանում թուրքական ակտիվությունը: Հայաստանի համար էլ դա հույժ կարևոր է թուրքական սպառնալիքների հակազդման մեխանիզմի դիվերսիֆիկացվածության և, ըստ այդմ, հուսալիության բարձրացման առումով: Դա Հայաստանի համար ռուս-թուրքական հարաբերությունը կառավարելի պահելու հույժ կարևոր տարրերից մեկն է, որն, ի դեպ, հետաքրքիր կերպով դրսևորվում է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո, միաժամանակ թուրք-ադրբեջանական խոշոր վարժանքի մասին հայտարարության ֆոնին:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական սահմանի մասին» օրենքում: Այս փոփոխությամբ առաջարկվում է թույլատրել սահմանի հսկողության համար «օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները»:
Ըստ էության, Հայաստանի Զինված ուժերը նման գործողություններ իրականացրել է նաև մինչև նման օրենսդրական փոփոխության իրականացումը, սակայն հիմա դա կլինի օրենքի շրջանակում»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է հետ կանչել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում է ԲՀԿ քվոտայով, սակայն օրերս դուրս է եկել խմբակցությունից:
ԲՀԿ-ն պատրաստվում է Բագրատյանի փոխարեն առաջադրել Արթուր Գրիգորյանի թեկնածությունը, ով թեև այդ հանձնաժողովի անդամ չէ, սակայն կարող է անդամակցել»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը սակավաթիվ է եղել: Հայտնի է, որ իշխող խմբակցության հյուրը եղել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը ներկայացրել է անվտանգության ռազմավարությունը և այն փոփոխությունները, որոնք պետք է արվեն: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ հարցի հետ կապված քննարկումը կարճ է տևել, և իշխանական պատգամավորները շատ հարցեր չեն ուղղել Գրիգորյանին: Ընդամենը մի քանի հարցեր են հնչել տարբեր երկրների հետ մեր փոխհարաբերությունների, լարվածության մասին, որին Արմեն Գրիգորյանը կարճ պատասխաններ է տվել:
Այնուհետև՝ նիստի ժամանակ, իմքայլականները անցում են կատարել ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի առաջադրման հարցին, որն, ի դեպ, առաջիկա օրերին պետք է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպում ունենա, մի խումբ պատգամավորներ հայտարարել են, որ պետք է ամեն ինչ անել` Ավետիսյանը խորհրդարանի ամբիոնին չհասնի:
Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները դժգոհ են Ավետիսյանից, ու հատկապես իր դժգոհությունն է հայտնում «Հայ ազգային կոնգրես»-ի թևը, ու, նրանց կարծիքով, Ավետիսյանը ինքնակամ պետք է հրաժարվի և չգա խորհրդարան: Նույն աղբյուրների համաձայն՝ իմքայլականների շրջանում, բացառությամբ մի քանի հոգու, «մահակներով» սպասում են Ավետիսյանի հետ հանդիպմանը, որպեսզի ամեն գնով հասնեն նրան, որ Ավետիսյանը հայտարարի, թե ինքը չի ցանկանում կառավարության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն լինել»:
 
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բավականին ակտիվ զարգացումների փուլում են և կտրուկ փոփոխությունների են ենթարկվում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը իրավապահ համապատասխան կառույցներին հանձնարարել է շատ կարճ ժամանակում կոնկրետ քայլեր ձեռնարկել արդեն հարուցված որոշ քրեական գործերի մասով։
Խոսքը հատկապես վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչներին:
Այս գործերը, վարչապետի գնահատմամբ, գտնվում են ակնհայտ պասիվ, «քնած» վիճակում, չնայած տևական ժամանակ է՝ հարուցված են:
Մեր ունեցած տեղեկության համաձայն, խոսքը հատկապես վերաբերում է ՀՀ տարածքից դուրս գտնվող անձանց, որոնք, ըստ նախաքննական մարմնի տարածած տարբեր հայտարարությունների, անցնում են մի քանի քրեական գործերով։
Թերթի աղբյուրը փոխանցել է նաև, որ Փաշինյանի հանձնարարականը մասնավորաբար վերաբերում է Գագիկ Բեգլարյանին, Միհրան Պողոսյանին, Վահագն Հարությունյանին և այլոց առնչվող գործերին»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու ամսից ավելի է, ինչ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է: Այս պահին նախարարի լի¬ազորությունները կատարում է առաջին փոխնախարար Վահե Ջիլավյանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հնարավոր է՝ առաջիկայում նախարար նշանակվի Կոտայքի ներկայիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանն այս առիթով հրաժեշտի փոքրիկ հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ և հայտարարել, որ չի բացառվում իրեն մինչև երկուշաբթի նշանակեն նախարար:
Այս տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց հենց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ Պետրոսյանն ասաց. «Պաշտոնապես որևէ նման բան այս պահին չկա, ես իմ բնականոն լիազորությունների շրջանակներում իրականացնում եմ մարզպետի կար¬գավիճակից բխող իմ պարտականությունները»:
Մեր այն հարցին՝ առաջարկ ստացել է, թե ոչ, մարզպետն արձագանքեց. «Նման բան պաշտոնապես չկա, և ես չեմ ուզում լուրը մեկնաբանել»:
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնից հրաժարական է տվել մայիսի 5-ին»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով լրացումներ կատարել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում:
Պատգամավորներն առաջարկում են Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ կարգ ստացած անձանց տրամադրել միանվագ ֆինանսական օգնություն համապատասխանաբար՝ 3, 2, 1 միլիոն դրամի չափով, իսկ զոհվածների ընտանիքներին՝ 5 միլիոն դրամի չափով: Նախագիծը ներառում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սոցիալական աջակցության այլ միջոցներ ևս»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն