Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից․ վարչապետը որոշել է նրան նշանակել շրջակա միջավայրի նախարար.ՀԺ
30-07-2020 12:00:19 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից։
Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հարգելի՛ գործընկերներ, ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար, եւ պարոն Պետրոսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու որոշումը ընդունվում է այդ հանգամանքի բերումով»։
Վարչապետը նշեց, որ այսօր համապատասխան միջնորդագիրը կստորագրի եւ կուղարկի Հանրապետության նախագահին, որը ստորագրվելուց հետո Ռոմանոս Պետրոսյանը կստանձնի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։
Նա, դիմելով շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանին, ասաց. «Պարո՛ն Ջիլավյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այս ընթացքում ձեր կատարած աշխատանքի համար՝ որպես նախարարի պարտականությունները կատարողի»:
Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 1-ին։ Նշենք, որ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնն արդեն 2 ամսից ավելի է թափուր է։ Մինչ այդ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Էրիկ Գրիգորյանը, ով պաշտոնից ազատվեց մայիսի 5-ին։