Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է. ՀԺ


Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է. ՀԺ

  • 31-07-2020 16:18:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
 
Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց այդ գործով վկա, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
 
«Մենք դիմել ենք՝ նյութերը ստանալու համար, մեզ պատասխանել են, որ չեն տրամադրի, քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, սակայն մեզ տեղեկացրել են նաեւ, որ քրեական գործը կարճվել է, եւ եթե հայտարարության բնույթից ելնելով՝ մասնակիցների ցանկը նկատի ունենանք, շատ հետաքրքիր է, թե ով է եղել անձը, որ պիտի հնարավոր մեղադրյալը լիներ. պարոն Վանեցյանը վկայի կարգավիճակ ուներ, բացառման սկզբունքով մնում է մեկ պաշտոնյա, որին կարող էր մեղադրանք առջաջադրվել, եւ այդ մեկ պաշտոնյան պարոն Փաշինյանն է, թող նա պատասխանի՝ հրավիրվել է ՀՔԾ, թե ոչ»:
 
Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը տեսանյութ էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում եւ հայտարարել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, իր հետ հանդիպման ժամանակ ասելով, որ ի պաշտոնե իրավասու է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, առաջարկել է սիմվոլիկ գումարի դիմաց ազատվել բոլոր տեսակի քրեական եւ քաղաքական հետապնդումներից: Դրանից հետո Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ: Ավելի ուշ ՀՔԾ-ում դրանց հիման վրա հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը):
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը