ՀԿԵ-ում նշել են երկաթուղայինի օրը


ՀԿԵ-ում նշել են երկաթուղայինի օրը

  • 31-07-2020 17:19:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ավանդույթի համաձայն, մասնագիտական տոնի` Երկաթուղայինի օրվա (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը) նախաշեմին հուլիսի 31-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում պարգևներ հանձնվեցին առաջատար երկաթուղայիններին: Սակայն այս անգամ տոնին նվիրված հանդիպումն անցավ անվտանգության նորմերի համապատասխան և այնքան էլ բազմամարդ չէր:
 
Ինչպես նշեց, շնորհավորելով երկաթուղայիններին, Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Հարավկովկասյան երկաթուղու 3-հազարանոց կոլեկտիվն ամեն օր յուրատեսակ սխրագործություն է կատարում՝ կատարելով իր աշխատանքը, ապահովելով գնացքների, ուղևորների և բեռների անվտանգությունը:
 
«Այսօր Հարավկովկասյան երկաթուղին ակտիվ զարգացող, հաջող գործող ընկերություն է, որն իր աշխատանքի 12 տարիների  ընթացքում հասցրել է իրականացնել բազմաթիվ կարևոր ենթակառուցվածքային նախագծեր, վերականգնել և գործարկել հիմնական երկաթուղային դեպոները, երկաթուղային կայարանները, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, կապի և ազդանշանային համակարգի օբյեկտները, վերափոխել ուղևորափոխադրումների համալիրը, երթուղիներում նոր էլեկտրագնացքներ գործարկել, ուղևորների համար ապահովելով հարմարավետություն և ճանապարհորդության ժամանակի խնայողություն, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն հաստատել բիզնեսի ներկայացուցիչների, Հայաստանի կառավարության հետ», - ասաց Ա.Մելնիկովը:
 
ՀԿԵ-ի աշխատանքի տարիների ընթացքում հիմնանորոգվել է 482 կմ ուղի, փոխարինվել է 989 հազար կոճ, իսկ հաշվի առնելով 2020 թվականի համար նախատեսված աշխատանքների ծավալը, այս ցուցանիշը շուտով կգերազանցի 1 միլիոն շեմը: Նաև վերանորոգվել է 70 սլաքային փոխադրիչ, 55 խոշոր ենթակառուցվածքային կառույց, կահավորվել է էլեկտրակենտրոնացման համակարգի 7 կետ, 14 վազուրդի հագեցվել է արգելափակման կիսաավտոմատ համակարգերով:
 
Երկաթուղու աշխատողներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ իրենց բարձր պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության շնորհիվ երկաթուղայիններն ապահովում են Հայաստանի համար այս կարևոր ոլորտի անխափան աշխատանքն այս դժվարին ժամանակահատվածում: Սիմոնյանի խոսքերով, երկաթուղու դերը ոչ միայն չի նվազում, այլ, ընդհակառակը, անընդհատ աճում է՝ տարածաշրջանային լոգիստիկ նախագծերի համատեքստում: Նա նաև վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի լուծել առկա խնդիրները, ինչը կհանգեցնի ոլորտի հետագա զարգացմանը, ուղևորների թվի և բեռնափոխադրումների ծավալների աճին:
Երկաթուղայիններին շնորհավորեցին նաև Վետերանների խորհրդի և արհմիության նախագահներ Լևոն Հակոբյանը և Ալբինա Մարտիրոսյանը: 
 
Տասը աշխատողներին հանձնվեցին «Պատվավոր երկաթուղային», «Բարեխիղճ աշխատանքի համար», «Մասնագիտությանը հավատարմության համար» նշաններ և ժամացույցներ:
 
Այս տարի մասնագիտական տոնի կապակցությամբ պարգևատրվել են երկաթուղու ավելի քան 100 աշխատողներ:
Տոնական միջոցառումների շրջանակներում՝ ուղևորների և ինտերնետ օգտագործողների հարմարավետության համար, մասնագիտական տոնի նախօրեին Հարավկովկասյան երկաթուղին գործարկել է նոր կորպորատիվ կայք` railway.am: Այստեղ ներկայացված է ընկերության, մատուցվող ծառայությունների մասին ամբողջական տեղեկատվություն, իսկ ուղևորներն ու բեռնափոխադրողները կկարողանան ծանոթանալ երթուղային ցանցին և սակագներին:
 
Որպես տոնական միջոցառումների մաս Հարավկովկասյան երկաթուղու կենտրոնական ապարատի շենքում բացվեց Ընկերության աշխատող, լուսանկարիչ Ելենա Առաքելովայի լուսանկարների ցուցահանդեսը:
 
Այս տարի Ընկերության կողմից անցկացվող անվճար երթևեկության ակցիան, որը սովորաբար անցնում էր էլեկտրագնացքներում Երկաթուղայինի օրը, չեղյալ հայտարարվեց` ուղևորների մեծ հոսքի պայմաններում հակահամաճարակային նորմերի պահպանման անհնարինության պատճառով: Ընկերությունը խոստանում է նման ակցիա կազմակերպել սահմանափակումների վերացումից հետո, ինչի մասին հանրությունը նախապես կտեղեկացվի: 
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն