Վանեցյանը պատրաստ է Քոչարյանի ու առհասարակ անգամ «սատանայի» հետ համագործակցել՝ իշխանափոխության համար. Aravot.am


Վանեցյանը պատրաստ է Քոչարյանի ու առհասարակ անգամ «սատանայի» հետ համագործակցել՝ իշխանափոխության համար. Aravot.am

  • 31-07-2020 17:47:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Aravot.am-ն այսօր ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին հարցրեց՝ ձեր
 
եռամիասնության մեջ՝ «ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք», մյուս երկու կուսակցությունները քաղաքական անցյալ են ունեցել, ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մաս են կազմել, իրար հետ ճանապարհ են անցել, իսկ «Հայրենիքը» նոր ստեղծվող կուսակցություն է, մտավախություն չունե՞ք, որ միավորվելով իրենց հետ՝ որոշ չափով իրենց քաղաքական սխալների, մեղքի բաժինը կկիսեք իրենց հետ: Վանեցյանը պատասխանեց. «Ընդհանրապես նման մտահոգություն չունեմ: Ես իմ գործունեության սկզբից հայտարարել եմ, որ պատրաստ եմ համագործակցել բոլոր քաղաքական ուժերի եւ անհատների հետ, կարող ուժերի հետ, որպեսզի կարողանանք լուծել մեր հայրենիքի առջեւ ծառացած խնդիրները: Ձեր գնահատականի հետ համաձայն չեմ, որ իրենց անցյալը բացասական է: Ես նման գնահատականներ չեմ տալիս, ողջունում եմ այդ եռակողմ ձեւաչափով համագործակցությունը ու կարծում եմ, այն արդյունավետ է լինելու»:
 
Այսօր ճեպազրույցում, երբ հարց եղավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին, դուք չբացառեցիք առհասարակ որեւէ ուժի հետ համագործակցությունը, այսինքն, կարո՞ղ ենք հասկանալ, որ դուք առաջնորդվում եք այն բանաձեւով, որ իշխանափոխության համար պատրաստ եք համագործակցել, այսպիսի խոսք կա՝ թեկուզ սատանայի հետ՝ Վանեցյանը պատասխանեց. «Դուք պատասխանեցիք, այո, ես չեմ բացառում քաղաքականության մեջ որեւէ համագործակցություն: Քաղաքականությունը ենթադրում է համագործակցություն տարբեր քաղաքական ուժերի ու քաղաքական անցյալ ու ներկա ունեցող անհատների հետ»: Վանեցյանն ասաց, որ իրենք լինելու են հզոր ընդդիմություն ու քաղաքական քայլերով ստիպելու են այս իշխանություններին նահանջել ու բռնել ճիշտ ուղին, իսկ ռեպրեսիվ մեքենաներ իրենց դեմ բանեցնելն անօգուտ է. «Լինելու են գործուն քայլեր՝ այս իշխանություններին օր առաջ քշելու հարցում»:
 
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը