Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը․ Զոհրաբ Մնացականյան
01-08-2020 10:32:38 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Շանք հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է տավուշյան դեպքերի ժամանակ Ուկարինայի կողմից Ադրբեջանին աջակցություն հայտնելուն։
Զոհրաբ Մնացականյանը նշել է․ «Ես այսպես կասեմ, կարծես Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որը վերաբերում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, և բարդույթ ունի՝ տարանջատելու հակամարտությունները և գնահատելու հակամարտությունները՝ ըստ իրենց արժանիքի, էության, պատմության: Այդ առումով է, որ մենք այստեղ ունենք անհամաձայնություն:
Մենք երկու տարվա ընթացքում շատ հետևողականորեն աշխատում ենք Ուկրաինայի հետ այդ առումով, քանի որ Ուկրաինայի բարեկամ ժողովրդի հետ մենք որևէ բարդույթ, որևէ խնդիր չունենք, և շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և հասցնել մեր ազդակները և պատգամները: Մենք համբերատար ենք և շարունակելու ենք դա անել: Բայց շարունակելու ենք անընդունելի համարել դիրքորոշումներ, որոնք կտրված են իրողությունից, որոնք հիմնված են այդ համընդհանուր մոտեցումների վրա: Սա ո՛չ տարածաշրջանին, ո՛չ իրենց, ո՛չ մեզ որևէ օգուտ չի բերում»: