Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագիրը
03-08-2020 14:38:31 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականի օգոստոսի 3-28 սփյուռքի 12-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար 2 փուլով կազմակերպում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա առցանց ծրագիրը։ Ինչպես հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ծրագիրը ներառում է՝
Հայոց լեզվի դասընթացներ,
Պատմաճանաչողության դասընթացներ,
Վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և Սփյուռքում),
Ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ,
Առցանց կրթական խաղեր,
Հանդիպումներ պետական և հանրային գործիչների, մշակույթի,արվեստի ներկայացուցիչների հետ,
Հանդիպումներ նախորդ տարվա մասնակիցների հետ,
Աշխատարաններ,
Համայնքայիննախագծեր:
Մասնակցելով ծրագրին՝ սփյուռքահայ պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու, մայրենի լեզուն սովորելու և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով՝ ճանաչելու իրենց հայրենիքը:
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագրին կմասնակցեն մինչև 250 սփյուռքահայ երիտասարդներ՝ աշխարհի 30 երկրից:
Ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամի հետ համատեղ:
Ծրագրի գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը: